Վրաստանի Ազգային բանկի նախագահ Գիորգի Կադագիձեն պնդում է, որ երկրում տնտեսական շոկի հատկանիշներ են առկա, որն արտահանման, դրամական փոխանցումների ու զբոսաշրջության ծավալների կրճատման հետեւանք է, ինչն էլ ի վերջո հանգեցրել է լարիի արժեզրկմանը: Ինչպես հայտնում է Bizzone.info-ն, ելույթ ունենալով «Ռուստավի-2» հեռուստաալիքի եթերում, Գիորգի Կադագիձեն նշել է, որ Ազգային բանկն ուշադիր հետեւում է այդ ընթացքներին եւ պատրաստ է անհրաժեշտության դեպքում միջամտել, որպեսզի երկրում գնաճ տեղի չունենա: Միաժամանակ, նրա խոսքով, նման ինտերվենցիայի դեպքում կնվազի բանկային վարկերի հասանելիությունը, իսկ տոկոսադրույքն էլ ավելի կմեծանա: «Այսօր Ազգային բանկի առջեւ 3 հիմնական խնդիր է ծառացած. ապահովել ֆինանսական ու գների կայունությանը, կանխել լարիի արժեզրկման վերածումը գների ընդհանուր բարձրացմանը եւ թեթեւացնել այն մարդկանց բեռը, ում վարկի սպասարկումը զգալիորեն թանկացել է: Ֆինանսական կայունությունը կապահովվի: Դա Ազգային բանկի մանդատն է, եւ մենք մեկ անգամ չէ որ ապացուցել ենք դա շատ ավելի ծանր շոկերի ընթացքում», - հայտարարել է Գիորգի Կադագիձեն: Tweet Դիտում՝ 5343