Համաշխարհային բանկը (ՀԲ) $110 հազ-ի դրամաշնորհային միջոցներ կհատկացնի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը պարզող փորձաքննություն անցկացնելու նպատակով: ՀԲ երեւանյան գրասենյակում նշել են, որ ցանկանում են փորձաքննության այնպիսի որակ, որպիսին ակնկալվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից:«Մենք հուսով էինք, որ աշխատանքները կմեկնարկեն փետրվարի սկզբին, սակայն լրացուցիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանանք ներգրավել հնարավորինս լավագույն փորձագետների»,- ասել է ՀԲ Երեւանի գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին: Առաջին փուլի ընթացքում, որը կմեկնարկի փետրվարի 25-ին եւ կտեւի երկուսուկես ամիս, խորհրդատվական ընկերությունը քննության կառնի հետեւյալ 4 տարրերը՝- գլոբալ շուկայի ուսումասիրում այն ապրանքների մասով, որոնք գործարանը կարող է արտադրել,- արտադրության տեխնիկատնտեսական հիմնավորվածության գնահատում՝ հիմնվելով առկա գործարանի վրա,- արտադրության ֆինանսական կենսունակության գնահատում՝ հաշվի առնելով ծախսերի ընթացիկ կառուցվածքը, - ուժեղ ու թույլ կողմերի, հնարավորությունների ու ռիսկերի վերլուծություն:Երկրորդ փուլում կիրականացվի «Նաիրիտի» գործունեությանն առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրություն:Նախատեսվող տեխնիկական ու ֆինանսական վերլուծությունները, ինչպես նաեւ շրջակա միջավայրի հետ կապված հիմնական գնահատումը կտրամադրվեն ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս որոշում կայացնի գործարանի ապագայի վերաբերյալ: «Նաիրիտի» հետ կապված այս վերլուծությունների կատարման ընթացքում ՀԲ-ն մոնիտորինգ ու որակի վերահսկում կիրականացնի, իսկ վերլուծական աշխատանքները կկատարվեն ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի ղեկավարության ներքո՝ ՀՀ կառավարության ու ՀԲ համագործակցության շրջանակում: Tweet Դիտում՝ 6586