ԿԲ-ն կրկին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

10.02.2015 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդն այսօրվա նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1 տոկոսային կետով՝ սահմանելով 10.5%:

ԿԲ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ 2015թ. հունվարին արձանագրվել է 2.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը հունվարի վերջին կազմել է 4.3%՝ մոտ գտնվելով նպատակային ցուցանիշին:

ԿԲ խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը փոքր-ինչ կավելանա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցածր բազայի հետևանքով, որից հետո կրկին կմոտենա նպատակային ցուցանիշին:

«2015թ. ընթացքում արտաքին հատվածում դիտվել է ԱՄՆ տնտեսական աճի տեմպերի արագացում, որին զուգահեռ ձևավորվել են տոկոսադրույքների բարձրացման սպասումներ` նպաստելով ԱՄՆ դոլարի  արժևորմանը և հումքային ու պարենային ապրանքների միջազգային շուկաներում գների նվազմանը: Այս դրսևորումները հանգեցրել են զարգացող երկրներում ներդրումների ռիսկերի ավելացմանը, որն էլ պատճառ է դարձել զարգացող երկրների արժութային շուկաներում արձանագրված բարձր տատանողականության, տոկոսադրույքների աճի և տնտեսական աճի տեմպերի դանդաղման»,- ասված է հաղորդագրությունում:

ԿԲ խորհուրդը գնահատում է, որ նախորդ տարվա վերջին վերոնշյալ զարգացումներով և տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված ՀՀ ֆինանսական և ապրանքային շուկաներում տեղի ունեցած դրսևորումներն աստիճանաբար չեզոքանում են: Նման պայմաններում Կենտրոնական բանկի խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները, որոնք ներկայումս ձևավորվել են լոմբարդային ռեպո տոկոսադրույքի շրջանակներում, լոմբարդային ռեպո տոկոսադրույքը նվազեցնելով 2.5 տոկոսային կետով՝ մինչև 14.5%:

Բնականոն իրավիճակին վերադառնալուն զուգահեռ՝ շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքները կնվազեն՝ մոտենալով վերաֆինանսավորման տոկոսադրույքին, որը բարձրացվել է մինչև 10.5%՝ արտացոլելով զարգացող երկրներում ներդրումների ռիսկերի և տոկոսադրույքների աճի միտումները ավելի երկարաժամկետ հատվածում:

«ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ նշված գործողությունները կկրճատեն ԿԲ քաղաքականության և շուկայական կարճաժամկետ տոկոսադրույքների միջև ձևավորված տարբերությունը՝ նպաստելով ֆինանսական շուկայում իրավիճակի կայունացմանը և ապահովելով գնաճի նպատակի իրագործումը միջնաժամկետ հատվածում»,- ասված է հաղորդագրությունում:

Լոմբարդային ռեպոների և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 14.5% և 9%:

ԿԲ-ն ընթացիկ տարվա հունվարի 21-ին կրկին բարձրացրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 9,5%:

Դիտում՝ 3076
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW