Մայիսին Հայաստանում կանցկացվի Ֆրանսիական գործարարության շաբաթ

04.02.2015 | 14:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ հայ-ֆրանսիական առեւտրատնտեսական կապերի խորացումն ու ամրապնդումը երկկողմ հարաբերությունների գերակա ուղղություններից է:

Նա տեղեկացրել է նաեւ, որ մայիսին Հայաստանում անցկացվելու է Ֆրանսիական գործարարության շաբաթ:

«Այդ համաժողովը կունենա երկու հիմնական շեշտադրում` նորաձեւություն ու դիզայն եւ խաղողագործության, գինեգործության համար նախատեսված սարքավորումներ»,- ասել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն՝ հույս հայտնելով, որ այս տարի նաեւ հայ-ֆրանսիական գործարար համաժողով կանցկացվի:

Ֆրանսիացի դիվանագետի խոսքով՝ այսօր երկկողմ առեւտրաշրջանառությունը կազմում է մոտ €50 մլն, ինչը, նրա գնահատմամբ, «շատ համեստ ցուցանիշ է»:

Պատասխանելով հարցին, թե Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցությունը ինչպես կանդրադառնա հայ-ֆրանսիական տնտեսական կապերի զարգացման վրա, դեսպանը տեսակետ է հայտնել, որ այդ հանգամանքը բացասաբար չի ազդում այդ հարաբերությունների վրա:  

«Կան ոլորտներ, որոնց շուրջ, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը զուգահեռ, կարելի է Հայաստան-ԵՄ երկխոսություն ծավալել: Մենք կփորձենք ավելի հստակ պատկերացում կազմել, թե որոնք են այդ ուղղությունները»,- ասել է Ֆրանսիայի դեսպանը:

Նա նաեւ հաստատել է տեղեկությունը, որ Երեւանում ֆրանսիական «Կարֆուր» (Carrefour) հիպերմարկետների ցանցի առաջին խանութի բացման նախապատրաստական աշխատանքները վերջնական փուլում են, եւ ըստ ամենայն, այն կբացվի այս տարվա մարտի սկզբին: Դեսպանը հավելել է, որ «Կարֆուրի» որդեգրված մոտեցման համաձայն՝ այն ավելի հակված է աշխատել տեղական արտադրողների հետ:  

Դիտում՝ 1696

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW