2015թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը 72.6 հազ. է, այդ թվում՝ 51.2 հազ-ը կանայք են, 16.9 հազ-ը՝ երիտասարդներ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.2%-ով:Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:Նրա խոսքով՝ 2014թ. աշխատանքի է տեղավորվել 11 495 աշխատանք փնտրող: Աշխատանքի տեղավորվածներից 3319-ը երիտասարդներ են:Արտակ Մանգասարյանի փոխանցմամբ՝ շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, կազմելով գործազուրկների ընդհանուր թվի 71.8%-ը (47.3 հազ.): Երիտասարդները կազմում են գործազուրկների 23.7%-ը (15.6 հազ.), իսկ հաշմանդամություն ունեցողները՝ 3.2% (2.1 հազ.): «Գործազուրկների թվաքանակում բարձրագույն եւ հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 14.3%, միջին մասնագիտական կրթություն ունեցողներինը՝ 20.4%, նախնական մասնագիտական արհեստագործական կրթությունն ունեցողներինը՝ 6.2%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողներինը՝ 50.3%, հիմնարար ընդհանուր եւ տարրական կրթություն ունեցողներինը՝ 8.8%: Գործազուրկների թվում 23.7%-ը 16-29 տարեկաններն են, 38.9%-ը՝ 30-44 տարեկանները, 21.4%-ը՝ 45-54 տարեկանները, 16%-ը՝ 55-ից բարձր տարիքի անձինք»,- հայտարարել է նա: Մասնագիտական կրթություն ունեցողների շրջանում մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, բուժքույրերը, տեխնիկները, ֆինանսիստները, տնտեսագետները:Ինչ վերաբերում է աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտություններին, ապա բարձրագույն կրթությամբ մասնագետներից պահանջված են բժիշկները (մարզերում), տնտեսագետները, ծրագրավորողները, ճարտարագետները, հաշվապահները, մենեջերները:Միջին մասնագիտական կրթությամբ պահանջված մասնագետների ցանկում են բուժքույրերը, դիզայներները, վաճառողները, մատուցողները, խոհարարները, հացթուխները, վարսահարդարները, իսկ նախնական կրթությամբ մասնագետներից՝ ավտովերանորոգողները, էլեկտրիկները, որմնադիրները:Գործազուրկների շրջանում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թիվը 55.2 հազ. է (83.8%): Առաջին անգամ աշխատանք է փնտրում 28.2 հազ. մարդ (42.8 %), որից 44.7%-ը երիտասարդներ են: Արտակ Մանգասարյանը հավելել է, որ 2014թ. Զբաղվածության պետական գործակալություն է ներկայացվել 24 081 թափուր աշխատատեղ: 2014թ. վերջին տարեսկզբի նկատմամբ 9.8%-ով ավելացել է գործակալություն դիմողների թիվը, եւ ավելի քան երեք անգամ մեծացել ակտիվ ծրագրերում ընդգրկված անձանց թիվը (7272 մարդ): Tweet Դիտում՝ 2379