Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհուրդը երեկվա արտահերթ նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 1 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5%:ԿԲ լրատվական ծառայության փոխանցմամբ, 2014 թ. դեկտեմբերին արձանագրվել է 3% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.6%:ԿԲ խորհուրդն արձանագրել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին որոշումից հետո արտաքին հատվածում հիմնական հումքային եւ պարենային շուկաներում պահպանվել են գնանկումային միտումները, որոնց հնարավոր արտացոլման չափն ու արագությունը ՀՀ համապատասխան շուկաների գնային փոփոխություններում դեռեւս անորոշ է: Գործընկեր երկրներում նույնպես գրանցվել են գնանկումային ճնշումներ, բացառությամբ Ռուսաստանի, որտեղ ռուբլու՝ տարեվերջին գրանցված աննախադեպ արժեզրկումն արտահայտվել է գների մակարդակի՝ աճի ուղղությամբ ճշգրտմամբ:«Մյուս կողմից, չնայած ներքին տնտեսությունում որոշակիորեն մեղմվել են 2014 թ. վերջին ձեւավորված բարձր գնաճային սպասումները, այնուամենայնիվ, դրանք դեռեւս պահպանվում են, ինչն էլ արտահայտվում է ֆինանսական շուկայում՝ տնտեսավարող սուբյեկտների մոտ բարձր դրամային տոկոսադրույքների պահանջի դրսեւորմամբ»,- նշել են ԿԲ-ում:Կենտրոնական բանկի խորհուրդը կարծում է, որ առկա բարձր տոկոսադրույքները, որոնք ձեւավորվել են ԿԲ լոմբարդային ռեպո գործիքի տոկոսադրույքի շուրջ, մասամբ ներառում են նաեւ համաշխարհային տոկոսադրույքների եւ զարգացող երկրների ռիսկի հավելավճարի երկարաժամկետ աճի միտումը: Դրամավարկային քաղաքականության դիրքը պահպանելու նկատառումով ՀՀ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Միեւնույն ժամանակ՝ ձեւավորված շուկայական բարձր տոկոսադրույքները նվազեցնելու նպատակով խորհուրդն իջեցրել է լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը 3 տոկոսային կետով՝ սահմանելով այն 17%: ԿԲ-ում նշել են, որ արտարժութային շուկայում ճնշումների արդեն իսկ թուլացման պարագայում դա կնպաստի բարձր գնաճային սպասումների չեզոքացմանը եւ գնաճի նպատակի իրագործմանը:Դրամավարկային քաղաքականության ուղղությունների մասին հաջորդ որոշումը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 10-ին՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Որոշմանը կհաջորդի Դրամավարկային քաղաքականության առաջին եռամսյակի ծրագրի հրապարակումը, որտեղ Կենտրոնական բանկն ավելի մանրամասնորեն կանդրադառնա վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին և ապագայի կանխատեսումներին:ԿԲ-ում նաեւ հայտնել են, որ լոմբարդային ռեպոների եւ ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 17% եւ 8%: Tweet Դիտում՝ 2917