Լոլիկի աճեցման ծրագիր՝ սահմանամերձ Այգեձորում

25.12.2014 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր համայնքում «Սահման» ՀԿ-ն հերթական ջերմոցային ծրագիրն է սկսել:

ՀԿ-ի համահիմնադիր Ջորջ Տաբակյանը Banks.am-ի հետ զրույցում նշում է, որ համայնքում լոլիկի աճեցման ծրագիրը մեկնարկել է ընթացիկ տարվա հոկտեմբերին: Նրա խոսքով՝ ջերմոցներն արդեն պատրաստ են, հաջորդ տարվա մարտին շահառուները կստանան համապատասխան ուսուցում, որից հետո լոլիկի սածիլները կտեղափոխվեն ջերմոց: Ծրագրի մասին իրազեկումից հետո համայնքում շահառու լինելու հայտ է ներկայացրել 15 ընտանիք, որոնցից ընտրվել են հինգը:

«Շահառուների ընտրության համար կարեւոր նախապայման է բազմազավակ ընտանիք լինելը, հարթ տարածքի առկայությունը` 100 քմ մակերեսով ջերմոցի տեղակայման համար: Քանի որ ծրագիրը ոչ թե բարեգործական, այլ զարգացման նպատակ ունի, շահառուին տրամադրվում են համապատասխան գործիքներ` տնտեսության զարգացման համար, ինչի դեպքում աշխատասիրությունը եւս պարտադիր պայմաններից է»,- ասում է Ջորջ Տաբակյանը:

Ջերմոցը շահառուներին տրամադրվում է անվճար, առաջին տարում շահառուները անվճար ստանում են նաեւ սածիլները: Շահառուի նախնական ներդրումը 4-ամսյա աշխատանքն է լոլիկի աճեցման եւ մշակման ուղղությամբ:

«Ծրագրի պայմանների համաձայն՝ հաջորդ երկու տարիներին յուրաքանչյուր ընտանիք տարեկան 60 հազ. դրամ պետք է փոխանցի համայնքի մանկապարտեզի համար, ինչը կօգնի գիտակցել, որ իրենք մասնակից են համայնքի զարգացմանը»,-ասում է մեր զրուցակիցը:

Այգեձորում եւ հարակից տարածքներում լոլիկ չի աճում, այն բերում են Արարատյան դաշտավայրից: Ջորջ Տաբակյանի կանխատեսմամբ՝ ծրագրի արդյունքում շահառուները տարեկան 0.5-2 տոննա բերք կարող են ստանալ, ինչը, մի քանի սահմանամերձ համայնքում մեկնարկած ծրագրի արդյունքում, տարածքը կարող է համապատասխան բանջարեղենով ապահովել:

Ծրագրի շահառուներից Հովհաննես Բաբայանը մինչեւ մարտ` լոլիկի սածիլների տեղադրման ժամանակահատվածը, ջերմոցում սոխ ու կանաչի է ցանել: Ասում է` գնորդ լինելու դեպքում նաեւ գյուղից դուրս կվաճառի այն: Հովհաննեսի ընտանիքը 7 անձից է բաղկացած` ինքը, կինը, չորս երեխաներն ու իր խնամակալության տակ գտնվող մորեղբոր որդին:

«Կարծում եմ, որ սա մեծ օժանդակություն է մեր ընտանիքներին եւ համայնքին: Նախկինում եւս հողագործությամբ եմ զբաղվել, ջերմոցում աճեցվելիք լոլիկը կվաճառենք մեր եւ հարակից գյուղերում, իսկ հաջողելու դեպքում իմ միջոցներով էլ մեկ ջերմոց կգնեմ, որտեղ ծրագրում եմ կարտոֆիլ աճեցնել»,- ասում է նա:

Այգեձոր համայնքի ղեկավար Սասուն Սաֆարյանը նշում է, որ ՀԿ-ի կողմից իրականացվող ջերմոցային ծրագիրը կօգնի համայնքում զբաղվածության խնդրի լուծմանը` բավարարելով շահառուների սոցիալական ու ֆինանսական կարիքները:

«Կարեւոր է նաեւ, որ տարվա ցանկացած եղանակի մենք կունենանք էկոլոգիապես մաքուր բանջարեղեն, իսկ ներդրվող գումարը համայնքից դուրս չի գա եւ կշրջանառվի տեղում»,- ասում է գյուղապետը:

Լոլիկի աճեցման ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ` «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակում:

Այգեձորում ներկայում բնակվում է 1700-1800 բնակիչ, գրանցված բնակիչների թիվը 2400 է: Համայնքում հիմնականում զբաղվում են պտղագործությամբ, որոշ մասն էլ արտագնա սեզոնային աշխատանքի է մեկնում:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 4323
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW