2014-ին Գեոթիմը Ամուլսարի հարակից համայնքներին վճարել է 440 մլն դրամ

24.12.2014 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2014 թվականին Գեոթիմ ընկերությունը Ամուլսարի հարակից համայնքներին հողի վարձակալության համար վճարել է 440.2 մլն դրամ:

2008-2014թթ. Սարավան, Գորայք եւ Գնդեվազ համայնքներին հողի վարձակալության համար Գեոթիմը վճարել է ընդհանուր առմամբ 720 մլն դրամ:

Վերջին 4-5 տարիների ընթացքում Ամուլսարի հարակից համայնքների բյուջեները էականորեն աճել են. 2006-2008թթ. 2-3 մլն դրամից հասնելով 60-205 մլն դրամ 2013-2014թթ.: Գումարի զգալի մասը համայնքների կողմից վերստին ներդրվում է ենթակառուցվածքների վերանորոգման ծրագրերում, ինչպես նաեւ Գեոթիմի հետ համագործակցությամբ իրականացվող սոցիալական զարգացման ծրագրերում:

2014թ. Գեոթիմը ներդրել է ավելի քան 900 մլն դրամ բնապահպանական եւ սոցիալական հետազոտությունների, ուսումնասիրությունների համար՝ ներառյալ Ամուլսարում որոնողահետախուզական աշխատանքների ռեաբիլիտացիան, սոցիալական զարգացման ծրագրերը եւ այլն:  

2014թ. ընկերությունը մոտ 135 մլն դրամ է ներդրել Ամուլսարի հարակից համայնքներում սոցիալական զարգացման ծրագրերի իրականացման համար, ներառյալ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերը: Կառուցվել է 10 ջերմոց Գորայքում, իրականացվել է անասնաբուծության զարգացմանն ուղղված ծրագիր: Գնդեվազում կառուցվել է մրգերի չորանոց: Սարավանում նորոգվել է դպրոցի սանհանգույցը, ճաշարանը, բուժկետը, կառուցվել է ատամնաբուժարան՝ Գորայքում եւ խաղահրապարակ՝ Գնդեվազում: Բոլոր համայնքներում Գեոթիմը իրականացրել է կրթական եւ սպորտային ծրագրեր: Կրթաթոշակներ են տրամադրվել հանքային գործ եւ երկրաբանություն սովորող 12 ուսանողների, ստեղծվել են պարային եւ երգի խմբակներ երեխաների համար, սպորտային եւ կրթական ծրագրեր են իրականացվել դպրոցներում եւ մանկապարտեզներում: Ջերմուկում վերանորոգվել է դպրոցի ճաշարանը եւ սանհանգույցը, կառուցվել է 2 մանկական խաղահրապարակ:  

«Վստահ ենք, որ համայնքների հետ ակտիվ համագործակցությունը ծրագրի հաջողության եւ բարեկեցիկ համայնքների կայուն զարգացման գրավականն է: Առավել մեծ առաջընթացը դեռեւս առջեւում է: Հանքի շինարարության փուլում ակնկալվում է մոտ 1500 աշխատատեղ ամենաակտիվ շրջանում, իսկ հանքի շահագործման ողջ ընթացքում նախատեսում ենք ապահովել մոտ 700 մշտական աշխատատեղ: Ամուլսարը ոչ միայն 420 միլիոն դոլարին համարժեք ներդրումային ծրագիր է, այլեւ հնարավորություն է կառուցել ժամանակակից, բնապահպանական եւ սոցիալական տեսանկյունից լավ կառավարվող համաշխարհային կարգի հանքավայր Հայաստանում, որը զգալի օգուտ կբերի համայնքներին եւ երկրին», - ասել է Գեոթիմ ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը:

Դիտում՝ 3571
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW