ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանն այսօր հրավիրված ասուլիսում վստահություն է հայտնել, որ ձեռնարկված միջոցառումների եւ ներդրված գործիքների արդյունքում դրամը կարժեւորվի:«Սակայն հստակ նշել, թե երբ կսկսվի արժեւորման գործընթացը, դժվար է»,- հայտարարել է Արթուր Ջավադյանը:Անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀ բանկերը դոլար չեն վաճառում, երբ Գլխավոր դրամատունը հայտարարում է, թե բանկային համակարգն ունի անհրաժեշտ արտարժույթի ծավալները, ԿԲ նախագահը վերահաստատել է. «Անհրաժեշտ ծավալներն առկա են բանկերի հաշիվներում»:«Վերջին տվյալներով, ԿԲ-ում կա 300 մլն դոլարից ավելի գումար, բանկերն ունեն եվրոյի եւ ռուբլու պաշարներ, ինչպես նաեւ կանխիկ գումար: Իրավիճակի կայունացման առաջին շահագրգիռ կողմը բանկային համակարգն է»,- ասել է Արթուր Ջավադյանը՝ տեղեկացնելով, որ իրենք այսօր հանդիպել են ՀՀ բոլոր բանկերի ղեկավարների հետ, «որոնք եւս վճռական են տրամադրված եւ պատժելու են իրենց գործում թերացող աշխատակիցներին»:ԿԲ նախագահի փոխանցմամբ, այս պահին միջազգային պահուստներում կան միջազգային պրակտիկայով նախատեսվածից ավելի պաշարներ. «Ի տարբերություն հարեւան Վրաստանի, մենք ավելի շատ ռեզերվ ունենք, որը կարող է ապահովել 3,5 ամսվա ծածկույթ: Արտարժույթի խնդիր մենք չունենք»: Հարցին` ի՞նչ է արվում ստեղծված խուճապը չեզոքացնելու ուղղությամբ` Գլխավոր դրամատան ղեկավարն ասել է, թե «հատուկ աշխատանքներ են տարվում բանկերի բաժնետերերի հետ, որոնցից ոմանք պատրաստակամություն են հայտնել ավելացնել կանոնադիր կապիտալի չափը»:Անդրադառնալով ֆինանսական շուկայում առկա սպեկուլյացիոն գործողություններին` ԿԲ նախագահը նշել է, որ արդեն իսկ հայտարարված «16 վարույթներն ընթացքում են, եւ դրանց արդյունքների մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի»: Tweet Դիտում՝ 2740