«2014թ. Հայաստանը լուրջ առաջընթաց չի գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասել է Transparency International հակակոռուպցիոն կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:Այսօր Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում Վարուժան Հոկտանյանը նշել է, որ «իրավիճակը թեեւ չի վատացել, սակայն դրական փոփոխությունները չափազանց աննշան են»:Որպես հիմնական պատճառներ, նա նշել է բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը, տնտեսական մոնոպոլիզացիայի եւ կոռուպցիայի նկատմամբ հասարակության մեջ հանդուրժողականության բարձր մակարդակը: «2013թ. Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի տվյալներով՝ Հայաստանում ամենակոռումպացվածը պետական ծառայություններն են, արդարադատության եւ առողջապահության ոլորտները, որոնց կոռուպցիայի ընկալման համաթիվը 4 է՝ 5 բալային սանդղակով»,- ասել է նա՝ հավելելով, որ 2015թ. կհրապարակվի կոռուպցիայի նոր բարոմետրը: Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը՝ բանախոսը նշել է, որ գործընթացը լավատեսության հիմքեր չի տալիս, քանի որ Հայաստանն այդ միության առաջատար տնտեսական կամ քաղաքական միավորը չէ: Այս համատեքստում նա չի բացառել կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի՝ հետընթաց ապրելու հավանականությունը: Միաժամանակ՝ Վարուժան Հոկտանյանն ընդգծել է, որ եթե Հայաստանը շարունակի ինտենսիվ համագործակցությունն Արեւմուտքի հետ, ապա հնարավոր բացասական ազդեցությունը մասամբ կչեզոքացվի:Նշենք, որ Transparency International-ն օրերս հրապարակել էր 2014թ. կոռուպցիայի ընկալման վարկանիշը, որտեղ Հայաստանը 37 միավորով 174 երկրների ցանկում զբաղեցրել էր 94-րդ հորիզոնականը: Մեր երկիրն այս հորիզոնականը կիսել է Կոլումբիայի, Եգիպտոսի, Գաբոնի, Լիբերիայի եւ Պանամայի հետ: 2013թ. Հայաստանը ստացել էր 36, 2012թ.՝ 34 միավոր: Tweet Դիտում՝ 1303