Այսօր մեկնարկել է Գիտության եւ տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) վենչուրային ամենամյա կոնֆերանսը, որի ընթացքում 65 հայտերից ընտրված լավագույն 15 ներդրումային ծրագրերը կներկայացվեն ԱՄՆ-ի եւ Հայաստանի փորձագետներից բաղկացած ժյուրիին:Ծրագրերը մշակվել են «Գաղափարից դեպի շուկա» դրամաշնորհային ծրագրի շրջանակում` տեղեկատվական, հեռահաղորդակցման եւ բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում: Մրցույթը կունենա 5 հաղթող: Դրանցից երեքը կստանան յուրաքանչյուրը $15 հազ., իսկ 2-ը՝ $7500:Ժյուրիի կազմում են General Ideas ամերիկյան ընկերության նախագահ Մարտին Կազուբովսկին, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը եւ Գրանատուս Վենչուրս ընկերության ներկայացուցիչ Աշոտ Արզումանյանը: «Ուրախալի է, որ այս տարի ունենք քանակական աճ: Նմանատիպ մրցույթներում հաշվի է առնվում ոչ միայն գաղափարը, այլեւ թե որքանով է այն իրատեսական իրականացման փուլում: Թիմը պետք է կարողանա համոզել, որ ինքն ի զորու է այդ աշխատանքն առաջ տանել: Ինչ վերաբերում է որակական փոփոխություններին, ապա գաղափարները դարձել են ավելի գլոբալ: Եթե մենք՝ լինելով փոքր երկիր, կենտրոնանանք նման գաղափարների իրականացման վրա, շահութաբերությունը շատ ավելի բարձր կլինի: Առաջընթաց է նաեւ այն, որ թիմերը ներկայանալուց առաջ ուսումնասիրում են շուկան, շատերն արդեն նախատիպերի վրա են աշխատում եւ պատրաստի պրոդուկտ ունեն: Մենք կարողացանք նրանց օգնել հասկանալ, որ սա ընդամենը քայլ է դեպի շատ ավելի մեծ ներդրումներ, այլ ոչ թե զուտ գումար շահելու մրցույթ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: «Արդեն 6-րդ անգամ եմ Հայաստանում: Երբ առաջին անգամ եկա այստեղ, մրցույթին 10-15 ընկերություն էր ներկայացված. այսօր դրանց թիվն արդեն 65 է, ինչը մեծ առաջընթաց է»,- ասել է General Ideas ամերիկյան ընկերության նախագահ Մարտին Կազուբովսկին: «Չհաղթած գաղափարները չեն մնա օդում: Էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնում է ծրագիր, որի շնորհիվ վերջիններս որպես պատրաստի ներդրումային ծրագրեր կընդգրկվեն նախարարության շտեմարանում եւ հավանական ներդրողների հետ բանակցությունների ժամանակ կներկայացվեն»,- ասել է Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:STEP ծրագիրն իրականացվում է 2006 թ-ից եւ նպատակ ունի օգնել ճարտարագետներին, հետազոտողներին եւ գիտնականներին շուկայում ներկայացնել իրենց նորարարական ապրանքները, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ եւ արդյունավետ համագործակցություն ծավալել գործող ընկերությունների հետ: Մրցույթը կազմակերպել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների զարգացման հիմնադրամը: Tweet Դիտում՝ 3546