ՌԴ շուկայում անկայուն իրավիճակի հետեւանքով ՀՀ արտահանողները խնդիրների են բախվում

26.11.2014 | 14:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանյան մի շարք արտահանողներ բախվել են խնդիրների՝ կապված ՌԴ-ում անկայուն ֆինանսատնտեսական իրավիճակի հետ:    

Այս մասին այսօր ասել է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը` միության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կազմակերպած քննարկման ժամանակ:

«Ռուսական շուկայի գնողունակության, ռուբլու արժեզրկման, ինչպես նաեւ երկարաժամկետ պայմանագիր կնքելու եւ դրանից բխող պարտավորություններն իրականացնելու հետ կապված նշված շուկա արտահանող ձեռնարկությունների մոտ նկատվում է արտահանման անկում եւ հետագա բարդություններ»,- նշել է նա:

Արսեն Ղազարյանը նկատել է, որ Հայաստանից արտահանման 30%-ից ավելին  ուղղվում է ռուսական շուկա, իսկ սննդի վերամշակման ոլորտում այդ թիվը 80%-ից ավելին է:

«Հույս ունեմ, որ քննարկման ավարտին կարող ենք հասկանալ, թե ինչ մեխանիզմներով հնարավոր է օգնել արտահանողներին` եղածը պահպանելու եւ ծավալներն ավելացնելու համար»,- ասել է նա եւ նկատել, որ խնդիրների հիմնական պատճառը ռուսական շուկայի զսպված վիճակն է:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը նշել է, որ արտահանողների եւ գործարարների իրազեկման աշխատանքները շարունակական բնույթ են կրելու. «Յուրաքանչյուր տեխնիկական կանոնագրի մշակումից ու ներդրումից առաջ փորձել ենք հաշվի առնել դրա հնարավոր ռիսկերը»,- ասել է նա եւ նշել, որ հնչած մտահոգությունները եւս քննարկման նյութ կհանդիսանան:

Գործարարները հիմնականում հետաքրքրվել են մաքսատուրքերով, դրանցից բխող տեխնիկական հարցերով: Շատերին հետաքրքրել է  ԵՏՄ անդամ երկրների տարածք եւ այնտեղից Հայաստան կատարվելիք արտահանման ու ներմուծման համար անցումային շրջանում մաքսային հայտարարագիր լրացնելու հարցը:

Փոխնախարարը նկատել է, որ մաքսային հայտարարագիր չի լինի, բայց, ելնելով նրանից, որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ երկրների հետ միասնական սահման չունի, մաքսակետերը կմնան:

Արսեն Ղազարյանը նշել է, որ դեկտեմբերի 5-ին ԵՏՄ պաշտոնյաները հատուկ սեմինար կանցկացնեն հայ գործարարների համար, որի ընթացքում բոլոր հարցերի պատասխաններն ավելի սպառիչ կլինեն:  

Դիտում՝ 1689
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW