Երեւան, 25 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/ . Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանին շնորհել է Ba2 վարկանիշը: Ինչպես այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշեց Հայաստանի Կենտրոնական բանկի /ԿԲ/ նախագահ Տիգրան Սարգսյանը, “Ba2-ը շատ բարձր ցուցանիշ է, այն գերազանցում է Վրաստանի ցուցանիշը 2 միավորով եւ Թուրքիայի ցուցանիշը` 1-ով”: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանն ասել է, որ սուվերեն վարկանիշի ստացումը հետապնդում է մեկ նպատակ, այն է` “հայտնվել աշխարհի ֆինանսական քարտեզի վրա”: “Մենք ներդրողներին ազդանշան ենք տալիս այն մասին, որ այսուհետ իրենք կարող են գնահատել մեր երկրի ռիսկերը”, - ասաց ԿԲ նախագահը: Տիգրան Սարգսյանը նշեց, որ Ba2 վարկանիշի ստացումը հայկական ընկերություններին եւ առեւտրային բանկերին հնարավորություն կտա դիմել Moody’s-ին` անձնական վարկանիշ ստանալու համար: ԿԲ նախագահը հույս հայտնեց, որ աշնան ընթացքում մի շարք հայկական առեւտրային բանկեր վարկանիշներ կստանան: Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը նշեց, որ “նման բարձր վարկանիշ ստանալը մեզ պարտավորեցնում է լուրջ վերաբերվել տնտեսական գործընթացներին եւ չնվազեցնել զարգացման տեմպերը”: Հայաստանի` միջնաժամկետ եւ երկարաժամկետ պարտատոմսերի արտարժութային առաստաղը կազմել է Baa3, իսկ արտարժույթային բանկային ավանդների առաստաղը` Ba3: Տեղական արժույթով ուղեցույցը` ամենաբարձր վարկանիշը, որ կարող է տրվել տեղական արժույթով պարտքին կամ պարտատերերին, եւ տեղական արժույթով բանկային ավանդների առաստաղը համապատասխանաբար A3 եւ Baa1 են: Բոլոր վարկանիշներն են ունեն կայուն հեռանկար: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ 2006 թվականի հունիսի սկզբին Fitch վարկանիշային գործակալությունը Հայաստանին շնորհեց BB- սուվերեն վարկանիշը: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 9303