VISA ԲԱՐԵՐԱՐ-ի շնորհիվ բացվել է Գավառի մանկատան ուսումնական կենտրոնը

20.11.2014 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամը եւ Վորլդ Վիժն Հայաստանը հայտարարել են Գավառի մանկատան կրթական կենտրոնի բացման մասին:

Կենտրոնը ստեղծվել է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի եւ «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի համատեղ ծրագրի շրջանակներում թողարկված VISA ԲԱՐԵՐԱՐ բարեգործական քարտի շնորհիվ:

Ինչպես հայտնել են բանկում, կենտրոնը Գավառի մանկատան 9-18 տարեկան ավելի քան 60 սաների հնարավորություն կտա ստանալ մասնագիտական կողմնորոշում եւ արհեստավարժ մասնագետների օգնությամբ լավագույնս պատրաստվել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին:

Ստեղծվել են նաեւ մասնագիտական խմբակներ՝ վարսահարդարում, փայտամշակում, կոշկակարություն, կարուձեւ եւ դիզայն/սեղանների ձեւավորում, որոնք հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով եւ հնարավորություն են ընձեռելու երեխաներին ստանալ անհրաժեշտ մասնագիտական հմտություններ:

Եռամյա ծրագրի իրականացման համար հատկացվել է 41 մլն ՀՀ դրամ:

«Վորլդ Վիժնը մեծապես կարեւորում է պատանիների եւ երիտասարդների հետ աշխատանքը. ներդնելով նրանց կրթության եւ զարգացման գործում՝ Վորլդ Վիժնը նպատակ ունի նպաստել ակտիվ, մասնակից եւ իր համայնքի զարգացման համար մտահոգ սերնդի ձեւավորմանը: Այս նպատակով ծրագրի շրջանակներում
կիրագործվեն նաեւ դպրոցականների նախագծված փոքրածավալ ծրագրերը, որոնք ուղղված կլինեն համայնքի եւ երիտասարդների զարգացմանը», - ասել է Վորլդ Վիժն Հայաստանի ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

«Այս տարի ամռանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի, «Հայաստան» Համահայկական հիմնադրամի եւ Վորլդ Վիժն միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի միջեւ կնքված համագործակցության պայմանագրով մենք սկիզբ դրեցինք մի հրաշալի նախաձեռնության, որը ամիսներ անց իրականություն դարձավ: Բանկի VISA ԲԱՐԵՐԱՐ քարտի բարեգործական ֆոնդի շրջանակներում այսօր Գավառի մանկատանը բացվեց այս կրթական կենտրոնը, որը հնարավորություն է տալու երեխաներին ստանալ որակյալ մասնագիտական կրթություն, պատրաստվել բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին: Այս կենտրոնից օգտվելու հնարավորություն ունեն նաեւ Գավառի անապահով ընտանիքների երեխաները: Բանկը ապագայում հետեւողական է լինելու մանկատան սաներին կրթաթոշակներով եւ հնարավորության դեպքում նաեւ աշխատանքով ապահովելու հարցում: Մենք շնորհակալ ենք Վորլդ Վիժն Հայաստանին, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին մեր նախաձեռնությանը միանալու եւ այն կյանքի կոչելու համար եւ, իհարկե, մեր բոլոր Visa Բարերար քարտի քարտապաններին, որոնցից յուրաքանչյուրն իր լուման ունի այս գործում», - նշել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Մեր բոլոր երեխաներն էլ արժանի են, որ ապրեն եւ ուսանեն ջերմ ու հոգատար միջավայրում, ինչը, վստահ եմ, կա այս օջախում: Թող այս ուսումնական կենտրոնը ոչ միայն զինի նրանց գիտելիքներով ու հմտություններով, այլեւ մեծ հաշվով օգնի, որ այս պատանիները դառնան հասարակության լիարժեք անդամ եւ շեն պահեն մեր հայրենիքը», - ասել  է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Դիտում՝ 2482
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW