Երեւանի կոնյակի գործարանի վաճառքները սուպեր-պրեմիում կարգում աճել են 36 տոկոսով

25.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 25 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Երեւանի կոնյակի գործարանը /ԵԿԳ/, որը հանդիսանում է միջազգային Pernod Ricard խմբի անդամ, ամփոփել է 2005-2006 ֆինանսական տարվա արդյունքները (2005 թվականի հուլիսի 1-ից 2006 թվականի հունիսի 30-ը):

ԵԿԳ համտեսի մեծ սրահում կազմակերպվել էր արդյունքների ամփոփմանը նվիրված մամլո ասուլիս, որին մասնակցում էին ընկերության նախագահ եւ գլխավոր տնօրեն Էրվե Կարոֆֆը, ԵԿԳ PR-մենեջեր Զարա Նազարյանը եւ ԵԿԳ ֆինանսական տնօրեն Իգոր Առաքելյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ԵԿԳ PR-մենեջեր Զարա Նազարյանն ասաց, որ ընկերությունը հաջողությամբ շարունակում է իր արտադրանքի “պրեմիումիզացիայի” գործընթացը` ավելացնելով հնեցված կոնյակների բաժնեմասը: Այսպես, ԵԿԳ վաճառքները “սուպեր-պրեմիում” կարգում (“Նաիրի” եւ “Տոնական” կոնյակներ) վերջին տարվա ընթացքում ավելացել է 36%-ով, ինչը, Զարա Նազարյանի խոսքերով, “շատ լավ արդյունք է՚:

Անցած ֆինանսական տարում ԵԿԳ յրականացրած ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ դրամ: Միջոցների մեծ մասն ուղղվել է արտադրական հզորությունների ընդլայնման եւ արդիականացման նպատակով: Մասնավորապես, ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղում ներդրվել է 350 մլն դրամ, իսկ Այգեւանի մասնաճյուղում` 260 մլն դրամ: Այս ներդրումները ԵԿԳ-ին թույլ կտան էապես ավելացնել խաղողի մթերման հնարավորությունները:

Ֆերմերների եւ ԵԿԳ միջեւ կնքված պայմանագրերի թիվը հասել է 5.500-ի: Զարա Նազարյանը նշեց, որ գործարանը լավագույն գործընկերներ-ֆերմերներին յուրաքանչյուր տարի նվիրում է ուղեւորություն Ֆրանսիա, որի ընթացքում նրանք այցելում են Փարիզ եւ Կոնյակ:

Այս տարվա աշնանը ԵԿԳ-ն նախատեսում է գնել մոտ 30 հազար տոննա բարձրորակ խաղող: Նախորդ տարի ընկերությունը գնել էր 23.5 հազար տոննա խաղող, իսկ 2004-ին` 19.000 տոննա: ԵԿԳ ֆինանսական տնօրեն Իգոր Առաքելյանը հայտնեց, որ ներկայումս գործարանի կոնյակի սպիրտի պահոցները կազմում են 15 մլն լիտր, իսկ աշնանային մթերումից հետո այդ թիվը կկազմի 16 մլն լիտր:

Չնայած Ռուսաստանը Երեւանի կոնյակի գործարանի համար շարունակում է մնալ “թիվ մեկ շուկան”, վաճառքներն աճում են նաեւ այլ շուկաներում: Բալթյան երկրներում /Էստոնիա, Լատվիա, Լիտվա/ անցյալ տարվա ընթացքում ԵԿԳ վաճառքի ծավալներն աճել են 160%-ով, Ուկրաինայում` 22%: Գրեթե 80%-ով ավելացել են վաճառքները Գերմանիայում եւ Իսրայելում: Ընկերությունը պայմանագիր է կնքել ամերիկյան նոր խոշոր դիստրիբյուտորի հետ եւ վերջերս ԱՄՆ ուղարկեց իր արտադրանքի առաջին 5 բեռնարկղերը:

ԵԿԳ ֆինանսական տնօրեն Իգոր Առաքելյանը հայտնեց, որ ընկերության շրջանառությունն անցյալ տարվա ընթացքում կազմել է 19 մլրդ դրամ (9% աճ): ԵԿԳ մաքուր եկամուտն աճել է 8%-ով: Ընթացիկ ֆինանսական տարում ԵԿԳ-ն նախատեսում է ապահովել վաճառքներիի 11% աճ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 10396
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW