Բոլոր չորս պետությունների կողմից Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու համաձայնագիրը վավերացնելուց հետո, Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց քվոտաների աշխատել միության երկրներում, իսկ նրանց դիպլոմները կճանաչվեն ավտոմատ կերպով: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ինտեգրման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան: Նա նշել է, որ միության երկրներում կենսաթոշակային համակարգերի ունիֆիկացիայի մասին խոսք չի գնում՝ «նաեւ այն պատճառով, որ բոլոր չորս պետություններում կենսաթոշակային բարեփոխումներ են ընթանում»: «Մի բան է անհրաժեշտ. բոլոր երկրների քաղաքացիները պետք է հասկանան, որ միության պետություններից մեկում նրանց կողմից ձեռք բերված կենսաթոշակային իրավունքները կճանաչվեն չորս երկրներից յուրաքանչյուրի տարածքում», - նշել է Տատյանա Վալովայան: «Մենք արդեն ունենք բավականին գործունակ սխեմա, որը ենթադրում է, որ այդ հարցը լուծվելու է ազգային օրենսդրությանը համապատասխան: Սակայն կենսաթոշակային օրենքները անընդհատ փոփոխվում են, իսկ ազգային օրենքների փոփոխությունները պետք է համադրվեն միության մակարդակով: Ստանդարտ խնդրի մի օրինակ՝ քաղաքացին աշխատել է միության բոլոր երկրներում, սակայն ոչ մեկում ձեռք չի բերել անհրաժեշտ մինիմալ աշխատանքային ստաժը: Այժմ մենք ելնում ենք այն մոտեցումից, որ վերջին երկրում ստաժը հաշվարկելու ժամանակ դա պետք է հաշվի առնվի: Սակայն անընդհատ փոփոխվող կենսաթոշակային համակարգերի տարբերություններից ելնող որոշ բարդություններ կարող են առաջանալ: Այդ իսկ պատճառով մարդիկ պետք է երաշխիքներ ունենան, որ ինչ էլ կատարվի նրանց ազգային թոշակային համակարգերի հետ, կենսաթոշակային հարցը կարգավորվելու է: Հիմա պետք է տեսնել, թե ինչպե՞ս դա կաշխատի, երբ սկսվեն առաջին միգրացիոն հոսքերը: Այդ ժամանակ ձեռք կբերենք փորձ, որի հիման վրա կկարողանանք քննարկել եւ հասկանալ, ինչպես կարգավորել դաշտն այնպես, որպեսզի բյուջեների վրա լրացուցիչ բեռ չավելանա, սակայն յուրաքանչյուր պետություն կարողանա արդար կերպով վարձատրել իր տարածքում աշխատող մարդկանց», – ասել է Տատյանա Վալովայան: Tweet Դիտում՝ 3993