2015-ին Կոնվերս Բանկը կընդլայնի իր միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման ծրագիրը: Կոնվերս Բանկը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ստացել է 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք սինթետիկ վարկի երկրորդ տրանշը՝ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, որը հնարավորություն կտա ապագայում եւս շահավետ պայմաններ առաջարկել ՓՄՁ-ներին ազգային արժույթով վարկավորման համար:«Մենք չափազանց կարեւորում ենք ՎԶԵԲ-ի հետ շարունակական համագործակցությունը եւ միջազգային գործընկերների՝ Կոնվերս Բանկի նկատմամբ ունեցած մեծ վստահությունը: ՎԶԵԲ-ից ստացված սինթետիկ վարկի շնորհիվ բանկը կտրամադրի բարենպաստ պայմաններով երկարաժամկետ ֆինանսավորում միկրո, փոքր եւ միջին բիզնեսին: Քանի որ վարկերը կտրամադրվեն ՀՀ դրամով, մեր հաճախորդները պաշտպանված կլինեն արտարժույթի փոխարժեքների տատանման ռիսկերից», - ասել է Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը: Վերջերս Կոնվերս Բանկի համար սահմանվել է 4 միլիոն ԱՄՆ դոլար վարկային սահմանաչափ՝ ՎԶԵԲ-ի «Առեւտրի աջակցության ծրագրի» շրջանակներում: Tweet Դիտում՝ 4149