Հայբիզնեսբանկը բարեգործական նպատակով պատրաստակամություն էր հայտնել կազմակերպել հայկական առաջին մանկապատանեկան գեղարվեստական ֆիլմի ցուցադրումը՝ ապահովելով անվճար կինոդիտում Երեւանում գործող երեխաների ցերեկային սոցիալական կենտրոններում եւ գիշերօթիկ խնամքի ու պաշտպանության հաստատություններում:Կատակերգական ժանրի «Ճամբարում» ֆիլմը նախատեսված է 6-ից բարձր տարիքային խմբի երեխաների համար եւ հետապնդում է դաստիարակչական-ուսուցողական նպատակներ: Գեղարվեստական ֆիլմը առայժմ ներկայացվում է միայն կինոէկրաններին, եւ այդ հանգամանքից ելնելով՝ Հայբիզնեսբանկը որոշեց հանդես գալ մի նախաձեռնությամբ, որը հնարավորություն կտա երեխաներին անվճար դիտել ֆիլմը՝ ետ չմնալով մշակութային կյանքի անցուդարձից եւ միաժամանակ անցկացնելով օգտակար ու հետաքրքիր ժամանց:Կինոդիտումներ կազմակերպվեցին Երեւանի երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 1 եւ թիվ 2 գիշերօթիկ հաստատություների, ինչպես նաեւ «ՕՐՐԱՆ» բարեգործական հասարակական կազմակերպության երեխաների համար, որի ընթացքում երեխաներն առիթ ունեցան շփվելու «Ճամբարում» ֆիլմում նկարահանված հին ու նոր սերունդների սիրված դերասանների՝ Ռուբեն Կարապետյանի, Արթուր Հակոբյանի, Գագիկ Մադոյանի, կրտսեր Սոֆի Դեւոյանի, Արման Մխիթարյանի, Էմիլ Կիրակոսյանի եւ այլոց հետ:«Չմոռանալով, որ մինչեւ ս.թ. հոկտեմբերի 31-ը հանրապետությունում անցկացվում են «Իմ ֆինանսների միամսյակ» խորագրով տարաբնույթ միջոցառումներ՝ Հայբիզնեսբանկը, օգտագործելով թիրախային լսարանի հետ հանդիպման պատեհ առիթը, երեխաներին ցուցադրեց նաեւ իր կողմից պատրաստված «Բանկը՝ երեխաների աչքերով» տեսաֆիլմը եւ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից պատրաստված «Գնաճի հրեշը» ուսուցողական կարճամետրաժ մուլտֆիլմը, որն ուղղված է ֆինանսական գիտելիքների ձեւավորմանն ու զարգացմանը, իսկ Բանկի ներկայացուցիչը պատմեց նախորդ տարի ֆինանսների միամսյակի ընթացքում Հայբիզնեսբանկ հյուրընկալված դպրոցահասակ երեխաների տպավորությունների մասին, որոնք շատ հետաքրքրական ու գրավիչ էին նաեւ ներկաների համար»,- ասված է Բանկի հաղորդագրության մեջ:Այս ձեւաչափով Հայբիզնեսբանկը փորձում է հնարավորին չափով երեխաների տարբեր խմբերին ներգրավել այնպիսի միջոցառումներում, որոնք ունեն ուսուցողական, դաստիարակչական եւ սոցիալական օգտակարություն: Tweet Դիտում՝ 2614