Այսօր Կենտրոնական բանկի եւ «Թեքնոսերտ» ընկերության միջեւ ստորագրվել է Հայաստանում թանկարժեք մետաղների (հիմնականում ոսկու եւ արծաթի) զտարկման (աֆինաժի) գործարանի ստեղծման վերաբերյալ Մտադրությունների մասին հուշագիր: Ստորագրման արարողությանը մասնակցում էին ՀՀ Կենտրոնական Բանկի (ԿԲ) նախագահ Արթուր Ջավադյանը, շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության հիմնադիր, «Արմսվիսսբանկի» եւ «Թեքնոսերտ» ընկերության խորհրդի նախագահ Վարդան Սիրմաքեշը, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, ՀՀ-ում Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան Մակարոնը:Ինչպես հայտնել են ԿԲ-ում, գործարանի հիմնական նպատակն է հանդիսանալու 999.9 հարգի բանկային ստանդարտացված ձուլակտորների արտադրությունը եւ վաճառքը Հայաստանում եւ միջազգային շուկայում՝ Հայաստանում արդյունահանվող ոսկու եւ արծաթի հանքանյութի (խտանյութի) մշակումով: Գործարանի ստեղծմանն ու հետագա կառավարմանը պետք է ներգրավվեն տվյալ ոլորտում միջազգային փորձ եւ հեղինակություն վայելող ընկերություններ:«Թանկարժեք մետաղների զտարկման գործարանի գործարկումը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել Հայաստանում ոսկու արդյունահանման եւ զտարկման ծառայությունների արդյունավետությունը: Կենտրոնական բանկի նշված նախաձեռնությունը առավել քան կարեւորվում է՝ հատկապես հաշվի առնելով ոսկու ներդրումային նշանակությունը որպես կարեւոր պահուստային գործիք եւ ներդրումային պորտֆելի դիվերսիֆիկացման միջոց», - նշված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2889