Այսօր «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում Հայաստանի բանկերի կողմից հավաքագրված միջոցների հաշվին համակարգչային տեխնիկա է տրամադրվել սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցներին: Ինչպես իր խոսքում նշել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Սամվել Ճզմաչյանը, երկրի տարածքում գործող բանկերի տրամադրած միջոցների հաշվին ձեռք է բերվել 110 համակարգիչ եւ 30 տպիչ սարք: «ՀՀ ԿԳՆ-ից ստանալով սահմանամերձ շրջանների դպրոցների մասին տեղեկատվություն՝ սկսել ենք համակարգիչները դպրոցներին բաշխելու գործընթացը: Համակարգչային տեխնիկան կտրամադրվի հիմնականում երեք մարզերի՝ Տավուշի, Գեղարքունիքի եւ Սյունիքի սահմանամերձ գյուղական միջնակարգ դպրոցներին»,- ասել է ՀԲՄ նախագահը:Այսօր 4-6-ական համակարգիչ եւ մեկական տպիչ են ստացել Տավուշի մարզի 14 հանրակրթական դպրոցներ: Համակարգիչները հանձնվել են դպրոցների տնօրեններին եւ կուղեւորվեն Տավուշի մարզի Աչաջուր, Այգեհովիտ, Սեւքար, Ազատամուտ, Կայանավան, Կողբ (երկու դպրոց), Բերդավան, Կոթի, Բաղանիս, Բարեկամավան, Տավուշ, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղեր: Մոտ օրերս ակցիան կշարունակվի, եւ համակարգչային տեխնիկա կտրամադրվի նաեւ այլ մարզերից սահմանամերձ մի շարք գյուղերի դպրոցների: Tweet Դիտում՝ 2621