Հայտնի են Մաքուր տեխնոլոգիաների բիզնես մրցույթի հաղթողները

27.10.2014 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայտնի են դարձել «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթի» ծրագրի հաղթողները:

«Էքոթեքնոլոջի», «Սոլվար սիսթեմս», «Նանո Հայ» եւ «Ամ-Էսկա» ընկերություններից յուրաքանչյուրն իր տեխնոլոգիաների նախատիպերի մշակման համար ստացել է $10 հազ.-ական:  

Ազգային հաղթող է ճանաչվել «Էքոթեքնոլոջի» ընկերությունը, որը 2014 թ.-ի նոյեմբերի 12-13-ը կմասնակցի Սիլիկոնյան հովտում կայանալիք ամենամյա գլոբալ բիզնես ֆորումին՝ ներկայացնելով իր բիզնես մոդելը վենչուրային հիմնադրամներին, ներդրողներին եւ մաքուր տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներին:  

Խրախուսական՝ $5000-ական ֆինանսավորմամբ են պարգեւատրվել «Բիթլիս-Մեն» եւ «Վերականգնվող էներգիայի հետազոտության թիմ» ընկերությունները:

Ստորեւ հակիրճ ներկայացնում ենք 4 գլխավոր հաղթողների նախագծերը:

«Էքոթեքնոլոջի», Երեւան

Ոռոգման ջրի արդյունավետ օգտագործում

Ընկերությունն առաջարկում է նոր սերնդի ակվասորս նյութ, որն ունի խոնավությունը կլանելու եւ պահպանելու եզակի հնարավորություն: 1 գ պատրաստուկը կարող է կլանել եւ պահել սեփական քաշը 300-350 անգամ գերազանցող զանգվածով նյութ; Այն նաեւ խնայում է ոռոգման ջրի 50-60 %-ը, նվազեցնում պարարտանյութերի կիրառումը 40%, բարելավում է հողի կառուցվածքը, ապահովում ջրահեռացումը եւ օդի հագեցվածությունը, ավելացնում բերքահավաքը 80 %, իսկ արտադրանքը հողում իր որակական հատկությունները պահպանում է 7 տարի: Այն կօգնի գյուղատնտեսներին նվազեցնել գյուղատնտեսական արտադրանքի գինը , ինչպես նաեւ բարձրացնել եկամուտը :  

«Սոլվար սիսթեմս», Երեւան

Կիրառական նշանակության արեւային էներգիա

Ընկերությունը մշակել է նոր, ցածր գնով, բարձր արդյունավետություն ունեցող արեւային ճառագայթների պլանար կոնցենտրատոր: Այն ունի մի քանի առավելություններ  գոյություն ունեցող պարաբոլային կամ ոսպնյակային կոնցենտրատորների համեմատ:

Առաջարկվող տեխնոլոգիան կարող է հաջողությամբ օգտագործվել արեւի ճառագայթների կոնցենտրացման, էլեկտրական կամ ջերմային էներգիաների փոխակերպման նպատակներով: Սա էապես նոր մոտեցում է արեւային տեխնոլոգիաների ոլորտում: Դրա կիրառությունը թույլ կտա արդյունավետ կերպով օգտագործել արեւային էներգիան եւ դարձնել այն ավելի մատչելի՝ համեմատած ավանդական էներգիայի աղբյուրների հետ:

«Նանո Հայ», Երեւան

Գրաֆին կամ գրաֆինային էլեկտրոնիկա

Մշակվել է նմանակը չունեցող, սկզբունքորեն նոր նանո տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս ստանալ ինչպես բարձրորակ գրաֆինի նանո փոշի, այնպես էլ ցանկացած պինդ մարմնային նյութի վրա նմանակը չունեցող մեծ չափսերով գրաֆինի նանոկառուցվածքներ: Ստացված գրաֆինի նանո կառուցվածքները եւ նանո փոշին ունեն բարձր որակ եւ մեծ չափսեր: Տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կազմակերպել գրաֆինի յուրահատուկ նանո կառուցվածքների եւ նանոփոշու զանգվածային արտադրություն՝ չկիրառելով նանո տեխնոլոգիական բարդ սարքավորումներ եւ թունավոր քիմիական նյութեր: Նման արտադրանքը կարող է կիրառվել տարբեր կենցաղային ապրանքներում, արեւային մարտկոցներում, լազերներում, տրանզիստորներում, չիփերում եւ այլն:

«Ամ-Էսկա», Երեւան

Օգտագործված անվադողերի վերամշակում պիրոլիզային եղանակով

Ընկերությունը զբաղվում է 4-րդ կարգի վնասակար եւ թափոն հանդիսացող օգտագործված անվադողերի վերամշակմամբ , վնասազերծմամբ, ինչը մեծ բնապահպանական խնդիր է լուծում: Թիմն արտադրում է հում նավթ՝ ստացված պիրոլիզային եղանակով, արտադրելով դիզելային վառելիք: Գործընթացն իրականացվում է ժամանակակից հոսքագծերով, որոնց վնասակար արտանետումները գրեթե բացակայում են: Հիմնական թիրախային խումբը դիզելային վառելիք օգտագործող կազմակերպություններն են, որոնց առաջարկվելու է չափորոշիչներին համապատասխան որակյալ վառելիք:

Դիտում՝ 5271
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW