Տնտեսագիտության ոլորտում 2014թ. Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել հայտնի ֆրանսիացի տնտեսագետ, բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ, Թուլուզի Սոցիալական գիտությունների համալսարանի Արդյունաբերության տնտեսագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Ժան Տիրոլը: Ինչպես հաղորդում է RBC.ru-ն, Ժան Տիրոլը մրցանակի է արժանացել «շուկայական իշխանության վերլուծության եւ կարգավորման» համար: Նոբելյան հանձնաժողովի գնահատմամբ, Տիրոլի աշխատանքները ցույց են տվել, թե ինչպես ճիշտ կառավարել այն ոլորտները, որոնցում գերիշխում են մի քանի խոշոր ընկերություններ: «Այդպիսի շուկաներում կառավարման բացակայությունը հաճախ հանգեցնում է սոցիալական անցանկալի արդյունքների՝ անհիմն գնաճի կամ շուկայում այնպիսի ընկերությունների գոյատեւման, որոնք խոչընդոտում են ավելի արդյունավետ մրցակիցների մուտքը շուկա: Կարգավորման կամ մրցակցային քաղաքականության մեթոդները պետք է հանգամանորեն հարմարեցված լինեն յուրաքանչյուր կոնկրետ ոլորտի պայմաններին: Ժան Տիրոլը ստեղծել է ընդհանուր հիմք այդպիսի մեթոդների մշակման համար եւ կոնկրետացրել է դրանց կիրառման եղանակները տարբեր ոլորտներում՝ սկսած հեռահաղորդակցայինից, մինչեւ բանկային: Հենվելով նրա մշակումների վրա՝ կառավարությունները կարող են խրախուսել խոշոր ընկերություններին՝ նրանց օգնելով դառնալ ավելի արդյունավետ, միաժամանակ, կանխել վնասը, որը նրանք կարող են պատճառել մրակիցներին կամ սպառողներին», - պարզաբանվում է Նոբելյան հանձնաժողովի հաղորդագրության մեջ: Տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի ծավալը համարժեք է մնացած մրցանակների ծավալին. 2014թ. այն կազմում է 8 մլն շվեդական կրոն: Tweet Դիտում՝ 3456