“ԲԱՆԿԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՀԱԿԱՍԻ ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ”

30.06.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

(“Դելովոյ էքսպրես”, N25 հունիս, 2006)

Դեռ նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանի խորհրդարանն ընդունեց ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնած օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որն ուղղված է բանկային համակարգում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրմանը: Դրանք ենթադրում են կորպորատիվ կառավարման էթիկայի չափանիշների ներդրում, բաժնետերերի, այդ թվում նաեւ մինորիտար, իրավունքների պաշտպանություն, գործադիր եւ ղեկավար մարմինների լիազորությունների եւ պատասխանատվությունների տարանջատում, տնօրենների խորհրդի առջեւ աուդիտի պատասխանատվությունների ճշտում եւ նրա` գործադիր մարմիններից անկախության ապահովություն, բանկերի թափանցիկության բարձրացում (մասնավորապես բանկի բարձրագույն ղեկավար կազմի ներկայացուցիզչների եկամուտների եւ ստացված վարկերի մասին տեղեկատվություն - 43-րդ հոդված) եւ այլն: Նոր օրենքի համաձայն, ներքին աուդիտի վարչությունն ենթարկվում է անմիջապես բանկի խորհրդին, որի կազմի մեջ պետք է մտնեն նվազագույնը 5 անձինք (առավելագույնը` 15): Խորհրդի անդամները չպետք է փոխկապակցված անձինք լինեն, խորհրդի անդամների աշխատանքը վճարվում է, ներքին աուդիտի անդամները չեն կարող հանդիսանալ բանկը կառավարող մարմինների անդամներ եւ չեն կարող կապված լինել գործադիր մարմինների անդամների հետ:

Մինչեւ հուլիսի 1-ը Հայաստանի բանկերը իրենց կանոնադրությունները եւ կառավարման համակարգերը պետք է համապատասխանեցնեն այս փոփոխություններին: Փորձեցինք հենց բանկիրներից հետաքրքրվել` թե ինչպե±ս
է ընթանում նոր սկզբունքների ներդրման գործընթացը: Զրուցակիցների մեծամասնության խոսքերով, իրենց բանկերն ամբողջովին պատրաստ են ԿԲ ատեստավորմանը:

“Անելիք բանկի” գլխավոր տնօրեն Սամվել Ճզմաչյանի պնդմամբ, բանկը մինչեւ հուլիսի 1-ը հասցրել է իր կանոնադրությունում եւ կառուցվածքում մտցնել անհրաժեշտ բոլոր փոփոխությունները: Այսօր բանկի խորհրդի կազմը 5 հոգուց է բաղկացած: “Կորպորատիվ կառավարման տեսանկյունից, իմ կարծիքով, մեծ նշանակություն ունի բանկի թափանցիկությունը: Բանկի վեբ-կայքում օրենքում նշված տեղեկության բացահայտման պահանջը բանկն արդեն իրականացրել է: Ընդհանուր առմամբ, “Անելիք բանկը” դրական է գնահատում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրումը եւ մտադիր է հրավիրել եվրոպական փորձագետների` բանկի կառավարման համակարգի համապատասխանության գնահատականը վերլուծելու համար”,- ասաց է Ս. Ճզմաչյանը: Ի դեպ, նա նշեց, որ “Անելիք բանկը” ՀՀ ԿԲ ընտրած այն երկու հայկական բանկերից է, որտեղ կանցկացվի կորպորատիվ կառավարման մակարդակի վերլուծություն` առաջատար փորձի ներդրման նպատակով:

“Արդշինինվեստբանկում” փոփոխության են ենթարկվել կանոնադրությունը, ներքին ակտերը եւ բանկի կառուցվածքը: Բոլոր այս նորամուծություններն իրականացվել են այս տարվա ընթացքում: Բանկի գլխավոր տնօրենը դադարել է խորհրդի անդամ լինել: “Արդշինինվեստբանկի“ խորհրդի անդամների կազմն ավելացել է մեկ անձով եւ կազմում է 5 մարդ: “Արդշինինվեստբանկի“ ներկայացուցիչ Լեւոն Քյուրքչյանի խոսքերով, բաժնետերերի կազմում, որոնք երեքն են, փոփոխություններ չի գրանցվել:

Հայէկոնոմբանկը առաջիններից մեկն էր, որ սկսեց ներդնել կորպորատիվ կառավարման սկզբունքները: “Բանկի գործադիր տնօրենի եւ խորհրդի նախագահի պաշտոններն մեզ մոտ առանձնացված էին դեռեւս նախքան ՀՀ ԿԲ-ի կողմից այս սկզբուննքերի ներդրումը: Սարիբեկ Սուքիասյանը բանկ էր գալիս միայն խորհրդի նիստի օրերին, իսկ տնօրենները ղեկավարում էին բանկը”, - նշում է Հայէկոնոմբանկի մամլո ծառայության աշխատակից Աննա Մկրտչյանը:

Կանոնադրությունում բոլոր անհրաժեշտ փոփոխությունները բանկն իրականացրել է արդեն մի քանի տարի առաջ եւ ներկայումս պատրաստ է անցնել չափանիշներին համապատասխանության ՀՀ ԿԲ ստուգումը: Ավելին, Հայէկոնոմբանկի խորհրդի անդամ Անահիտ Սիմոնյանի խոսքերով, իր դինամիկ աճով բանկը պարտական է հենց կորպորատիվ կառավարման սկզբունքներին: “Կարող եմ ինձ իրավունք վերապահել խոսել այս մասին, որ մեր բանկի փորձը կարող է Հայաստանում այդ սկզբունքի կիրառման լավ օրինակ ծառայել”:

Զարգացման Հայկական Բանկի կանոնադրությունում եւ կառուցվածքում փոփոխությունների մասին մեզ պատմեց մարքետինգի գծով բանկի խորհրդի անդամ Տիգրան Հակոբյանը: Առաջին հերթին, նա նշեց բանկի տնօրենների խորհրդի դերի բարձրացումը, ինչը տեղի է ունեցել ուղղումների ներդրման արդյունքում: Զարգացման Հայկական Բանկում ստեղծվել է նաեւ հատուկ խորհրդատվական խորհուրդ, որը բաղկացած է բանկի երեք խոշոր բաժնետերերից, որոնցից երկուսը ռեզիդենտ չեն: Ռազմավարական որոշումներ ընդունելու դեպքում խորհրդակցությունն այս խորհրդի հետ պարտադիր է:

Տիգրան Հակոբյաննն ընդգծեց, որ կառավարման փոփոխությունը ոչ թե տուրք է նորաձեւությանը, այլ անհրաժեշտություն:”Տնօրենների խորհրդի անդամների շահերը միանգամայն տարբեր են, նրանք ներկայացնում են բաժնետերերին, որոնց պատկանում է 20%-ից ոչ ավելին: Այն փաստը, որ բանկում չկա այնպիսի բաժնետեր, ով 20%-ից ավել բաժնետոմսեր ունենա, նշանակում է կապիտալի դիվերսիֆիկացում, հետեւաբար` կառավարման արդյունավետության բարձրացում”, - նշել է նա:

Ինեկոբանկում վարչության նախագահի եւ գործադիր տնօրենի պաշտոնների տարանջատումը տեղի է ունեցել 1,5 տարի առաջ: Վերջերս ներմուծված բանկի կանոնադրության փոփոխությունները անմիջապես վերաբերում են այդ պահանջներին: Մասնավորապես, եթե նախկինում բանկի խորհուրդը բաղկացած էր չորս անդամից, ապա այժմ դրսից հրավիրվել է եւս մեկ անդամ: ՀՀ օրենսդրությանը չհակասող այս պարագան Ինեկոբանկի մարքետինգի բաժնի վարիչ Արման Սիմոնյանի խոսքերով, ավելի է աջակցում բանկի կառավարման եւ վերահսկողության արդյունավետությանը: Այստեղ ստեղծվել է նաեւ ֆինանսական հաշվետվության ներքին հսկողության համակարգ, բանկի ակտիվների եւ պասիվների ղեկավարման կոմիտե, ծրագրավորմանն բաժին: Վերջինի վերաբերյալ Ա. Սիմոնյանը նշեց, որ այսպիսով բանկի կառավարումը իրավիճակայինից վերափոխվում է ռազմավարականի, ինչը, անշուշտ, ազդում է բանկի աշխատանքի ընդհանուր արդյունավետության վրա:

Ինեկոբանկում ընդգծեցին մարդկային ռեսուրսների ղեկավարման բաժնին առնչվող փոփոխությունները: Եթե նախկինում այս կառույցը կատարում էր հիմնականում միայն իրավաբանական գործառույթներ, ապա այժմ այն լիակշիռ կառույց է, որը ներառում է մարդկային ռեսուրսների կազմակերպման ամբողջ գործընթացը` սկսած մրցութային ընտրությունից մինչեւ աշխատակազմի մասնագիտական գիտելիքների բարձրացումը: Բանկի ընդհանուր կառուցվածքը նույնպես ենթարկվել է փոփոխությունների: Հաճախորդների սպասարկման բաժինն առանձնացվել է դիլինգայինից, իսկ վճարային քարտերի բլոկը միացվել է հաճախորդների սպասարկման բլոկին, ինչը նպատակ է հետապնդում բարձրացնել սպասարկման արդյունավետությունը եւ բանկային ծառայությունների ունիվերսալությունը: Ընդհանուր առմամբ ՙԻնեկոբանկում՚ ողջունում են կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրումը` նշելով, որ ֆինանսական համակարգի բաց լինելը հաջողության գրավականներից մեկն է:

Կոնվերսբանկում այս տարվա մայիսից գլխավոր տնօրեն եւ վարչության նախագահ է նշանակվել Արտակ Անեսյանը, որը նախկինում զբաղեցնում էր բանկի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: Նախկին գլխավոր տնօրեն Սմբատ Նասիբյանը դարձել է բանկի տնօրենների խորհրդի անդամ: Այստեղ նշում են նաեւ, որ նոր պահանջներին համապատասխանեցման աշխատանքների մեծ մասը բանկն արդեն կատարել է: Կոնվերսբանկի խորհուրդը, որը նախկինում բաղկացած էր երեք հոգուց, ավելացել է եւս երկուսով: 2006 թվականի ապրիլից բանկի խորհրդի անդամներ են դարձել Հովհաննես Գրիգորյանը եւ Մարիա Իվանովան: 43-րդ հոդվածի վերաբերյալ նշվեց, որ “Կոնվերսաբանկի” ինտերնետ կայքում արդեն վաղուց տեղադրված է անհրաժեշտ տեղեկատվությունը, հատկապես բաժնետերերի, խորհրդի անդամների եւ նրանց կենսագրության մասին:

Ինչպես արդեն նշվել էր Կասկադ բանկի գլխավոր տնօրեն Լեւոն Լեւոնյանի հարցազրույցում, բանկը դրական է գնահատել կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրումը: Լ.Լեւոնյանը նշեց, որ ինքը հուլիսի 1-ից դադարում է լինել խորհրդի անդամ` մնալով է միայն գլխավոր տնօրենի պաշտոնում: Նա նշել է, որ կորպորատիվ կառավարման սկզբունքները բանկի համար նորություն չեն, դրանց մեծ մասն արդեն ներդրված է եղել բանկի հիմնադրման օրվանից:

Յունիբանկի վարչության նախագահի եւ խորհրդի նախագահի պարտականությունների բաժանումը տեղի է ունեցել մեկ տարի առաջ: Յունիբանկի վարչության առաջին փոխնախագահ Վաղինակ Եղիազարյանը մեր ուշադրությունը հրավիրեց բանկի գործադիր տնօրենների եւ խորհրդի անդամների փոխկապակցվածության բացակայության վրա, որը եղել է բանկի գործունեության առաջին օրվանից: Քանի որ բանկի խորհրդի անդամների ծառայությունները պետք է վարձատրվեն, Յունիբանկի խորհրդի անդամների պարտականություններն ավելացել են, ինչն էլ հանգեցրել է խորհրդի անդամների փոփոխության: ՀՀ ԳԱԱ նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանն այլեւս չի հանդիսանում խորհրդի անդամ, եւ նրա փոխարեն հրավիրվել է երիտասարդ մասնագետ, որն ի վիճակի կլինի իրագործել իր պարտականությունները: Ինչ վերաբերում է խորհրդի անդամների քանակին, ապա այստեղ նրանք նախկինում էլ հինգն էին:

Վ. Եղիազարյանն ընդգծեց, որ կորպորատիվ կառավարման սկզբունքները` հատկապես բաց եւ թափանցիկ լինելու պահանջները, խաղի կանոններն են, որոնց պետք է հետեւի ցանկացած մեկը, ով ուզում է ինտեգրվել միջազգային ֆինանսական շուկային: ”Աշխատելով միջազգային կազմակերպությունների հետ` այսպես, թե այնպես ստիպված ես լինում տեղեկություն ներկայացնել բանկի ֆինանսական վիճակի, ղեկավարության եկամտի մասին եւ այլն: Այսպիսով, այս տեղեկությունը անխուսափելիորեն հասու է դառնում է ավելի շատ թվով մարդկանց: Յունիբանկը միայն ողջունում է այն սկզբունքները, որոնք ներմուծվում են Հայաստանում: Վ. Եղիազարյանը նշեց նաեւ, որ օրենքն իդեալական չէ, խոսքը հատկապես 43-րդ հոդվածի մասին է, որը պահանջում է բանկի ղեկավար անձանց տրված վարկերի եւ եկամտի մասին տեղեկությունների հրապարակայիություն: “Մեր ժամանակներում այնքան էլ անվտանգ չէ աշխատավարձերի մասին բաց տեղեկություններ տրամադրելը: Այս հանգամանքը պետք ինչ-որ կերպ հաշվի առնվի”,- ընդգծեց նա:
Ինչպես մեզ տեղեկացրին, վերջերս ԿԲ-ից ծանուցագիր է ստացվել, որ բանկի վեբ կայքում աշխատակիցների եկամտի մասին տեղեկությունների մուտքը կարելի է փակել լայն հասարակության համար` այն մատչելի թողնելով հետաքրքված անձանց որոշ շրջանակի համար, մասնավորապես` բաժնետերերի:


Դիտում՝ 10164
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai