Հայ-հունական բիզնես կապեր. հաղթահարելով թերահավատության բարդույթը

30.06.2014 | 10:13 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Աթենքում հիմնադրված Հայ-հունական առեւտրի եւ արդյունաբերության պալատը (GACCI) ավելի քան 20 տարի զբաղվում է երկու երկրների միջեւ բիզնես կապերի խորացմամբ: Այն հիմնադրվել է Հայաստանի անկախության ձեռք բերումից անմիջապես հետո` 1992 թ-ին, Հունաստանում բնակվող մի խումբ գործարարների կողմից: Նախաձեռնության հեղինակը Քրիստոս Դալելյանն է` Հունաստանում հայտնի ոսկերիչ եւ գործարար, ով այսօր զբաղեցնում է GACCI-ի պատվավոր նախագահի պաշտոնը:
 
Banks.am-ը զրուցել է Հայ-հունական առեւտրի եւ արդյունաբերության պալատի երկրորդ փոխնախագահ Ակիս Դագազյանի հետ:

- Պ-ն Դագազյան, ի՞նչ տրամադրություններ են տիրում Հունաստանում բնակվող հայազգի կայացած գործարարների շրջանում՝ կապված պատմական հայրենիքում ներդրումներ կատարելու եւ, միգուցե, հայրենադարձության ճանապարհ ընտրելու հետ:

- Հունաստանում բնակվող հայերին պետք է բաժանել երեք խմբի: Առաջին խմբում այն հայերն են, ում նախնիները բնակվել են Հունաստանում մինչեւ Ցեղասպանություն: Նրանց մեծ մասն այսօր ապրում է Հյուսիսային Հունաստանում եւ ակտիվորեն ներառված է համայնքին վերաբերող հարցերում:

Երկրորդ խումբը կազմում են այն հայերը, ում նախնիները հայտնվել են Հունաստանում Ցեղասպանությունից անմիջապես հետո, նրանք հիմնականում բնակվում են Աթենքում եւ Թեսալոնիկում: Նրանց թիվը հասնում է 10 հազարի:  

Երրորդ խմբում այն հայերն են, ովքեր տեղափոխվել են Հունաստան ԽՍՀՄ փլուզումից հետո: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, նրանց թիվը տատանվում է 30-40 հազարի սահմաններում:   

Առաջին եւ երկրորդ խմբերի գործարարներն առաջինը նախաձեռնություն ցուցաբերեցին Հայաստանում ներդրումներ կատարելու ուղղությամբ: Սակայն այդ նախաձեռնողականությունը որոշ ժամանակ անց վերածվեց փոխըմբռնման պակասի եւ ապա՝ թերահավատության:

Մի կողմից, հայկական կողմը բավարար չափով պատրաստ չէր զարգացնելու բիզնես կապեր ԵՄ լիիրավ անդամ հանդիսացող Հունաստանի հետ, եւ չէր համապատասխանում այն որակական չափանիշներին, որոնք պարտադիր են ԵՄ տարածքում շրջանառվող ապրանքների համար: Որակին առնչվող այս տեսակ հարցերին հույն ներկրողները բախվում են նաեւ այսօր:

Մյուս կողմից, հույն գործարարները գուցե այնքան էլ պատրաստ չէին կապեր հաստատելու հետխորհրդային երկրի հետ՝ կապված այնտեղ գործող այլ բիզնես էթիկայի, սահմանափակ թվով մարդկանց մոտ ազգային ռեսուրսների կուտակման, ինչպես նաեւ Հարավային Կովկասի ոչ կայուն աշխարհաքաղաքական իրադրության հետ:

Կարելի է ասել, որ միայն վերջին 5 տարիների ընթացքում է նկատվում  թերահավատության որոշակի նվազում: Սա վերաբերում է թե հայկական արտադրանքի արտահանմանը Հունաստան, թե հակառակը: Մենք համոզված ենք, որ այս միտումը կշարունակվի, քանի որ երկու կողմերն էլ բարելավում են փոխըմբռնումը:
 
Հունաստանը Հայաստան է ներկրում հիմնականում ծխախոտային արտադրանք, ալյումին եւ ձիթապտուղ, իսկ Հայաստանը Հունաստան է արտահանում ալկոհոլային խմիչքներ, սննդամթերք եւ ժամացույցներ:

Ինչ վերաբերում է երրորդ խմբին, ապա նրանք պահպանել են իրենց սերտ կապը հայրենիքի հետ: Հաջողությամբ հաստատվելով Հունաստանում՝ նրանք սկսել են բիզնես գործունեությամբ զբաղվել, բայց դա փոքր ծավալներով, մասնատված եւ ոչ շարունակական գործընթաց է:

Իմ կարծիքով, Հունաստանի հայերից շատ քչերը կարող են ցանկություն հայտնել վերադառնալ Հայաստան: Նույնիսկ Հունաստանում ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո 28% գործազրկության պայմաններում միգրանտ հայերը նախընտրում են մնալ այստեղ, կամ էլ փորձում են մեկնել ԵՄ անդամ այլ երկրներ` Հայաստան վերադառնալու փոխարեն:

- Ձեր տեղեկություններով, Հայաստանից մեկնած որքա՞ն աշխատանքային միգրանտ է բնակվում այսօր Հունաստանում, ո՞ր ոլորտներում են նրանք հիմնականում աշխատում, ի՞նչ խնդիրների են հաճախ բախվում եւ որքանո՞վ են պաշտպանված նրանց իրավունքները:   

-Միգրանտներին պետք է բաժանել երկու խմբի` լեգալ եւ ոչ լեգալ: Չնայած այն հանգամանքին, որ ոչ լեգալ միգրանտներն անընդհատ երկրից արտաքսվելու վտանգի առաջ են կանգնած, Հունաստանը նրանց հանդեպ հանդուրժող է:

Հայկական արմատներ ունեցող լեգալ եւ ոչ լեգալ գործունեություն ծավալող աշխատանքային միգրանտների թիվը (ներառյալ` նրանց ընտանիքները) Հունաստանում չի անցնում 40 հազարը:

Տղամարդիկ մեծամասամբ աշխատում են գործարաններում եւ շինարարական ընկերություններում` որպես բանվոր: Որոշ մասն ունի փոքր ընտանեկան բիզնես, օրինակ, մինի մարկետներ եւ ռեստորաններ: Մյուսները` խանութներում  վաճառողներ են:

Կանայք հիմնականում տնային տնտեսուհիներ են, սակայն շատ են նաեւ այնպիսիք, ովքեր ռուսերենի իմացության շնորհիվ աշխատանք են գտնում ռեստորաններում եւ տուրիստական շրջանների հյուրանոցներում:

Որոշ հայեր կարողացել են հասնել նրան, որ հունական կառավարությունը ճանաչել է ԽՍՀՄ բուհերից ստացած դիպլոմները, ինչի շնորհիվ նրանք այսօր աշխատում են որպես փաստաբաններ եւ նույնիսկ բժիշկներ: Կան նաեւ այնպիսիք, ովքեր ստացել են հունական քաղաքացիություն եւ, օրինակ, որպես թեկնածու առաջադրվել են տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրություններում:

Թե միգրանտները, եւ թե Հունաստանի բնակիչներն երկրում նույն դժվարություններին են բախվում: Ինչպես գիտեք, Հունաստանն արդեն 6-րդ տարին է, ինչ խորը ճգնաժամի մեջ է, եւ այս իրավիճակը խորապես ազդում է տնտեսության բոլոր ճյուղերի վրա: Գործազրկություն, առողջապահական ծառայությունների թանկացում եւ սոցիալական պաշտպանվածության նվազում. սրանք խնդիրներ են Հունաստանում բնակվող բոլոր մարդկանց համար` քաղաքացուց մինչեւ միգրանտ:  

- Կա՞ն հայկական ընկերություններ/բրենդներ, որոնք հունական շուկայում այսօր ճանաչելի են եւ մրցունակ:

- Այսօր Հունաստանում հայկական բրենդների ներկայությունը շատ սահմանափակ է: Հայտնի է «AWI» ժամացույցների բրենդը, որը  Հունաստանում տարածվում է «Orofasma» հայտնի ոսկերչական ընկերության կողմից: «AWI» ժամացույցները ներկայացված են Հունաստանի ողջ տարածքում գտնվող ավելի քան 25 բարձրակարգ խանութներում:

Մյուս հայտնի բրենդը «ArArAt» կոնյակն է, որը Հունաստան է ներկրվում «Quality Wines» հունական ընկերության կողմից: Նույն ընկերությունը Հունաստան է ներկրում նաեւ մեծ քանակությամբ հայկական գինիներ, ինչպես նաեւ մի քանի տեսակի սննդամթերք եւ քաղցրավենիք:    

- Հունաստանը գյուղական եւ էկոտուրիզմի ոլորտում առաջատար երկրներից է եւ սեփական փորձի վրա ցույց է տվել, որ գյուղական տուրիզմի կազմակերպումը մեծածավալ ներդրումներ չի պահանջում: Որքանո՞վ Հունաստանի այս փորձը կարող է կիրառական լինել Հայաստանի համար:

- Հայաստանը կարող է օգուտ քաղել բոլոր այն ոլորտներում, որտեղ Հունաստանն ունի մեծ փորձ: Ագրոտուրիզմը եւ էկոտուրիզմը այդ ոլորտներից ընդամենն երկուսն են: Կարեւոր է ընդգծել, որ վերջին 30 տարիների ընթացքում Հունաստանի կուտակած փորձը առաջացել է տեղական փոքր բիզնեսի շնորհիվ, ինչպես նաեւ Հունաստանի կառավարության եւ ԵՄ ռազմավարական բազմաթիվ ծրագրերի արդյունքում:   

Հայաստանի պարագայում մեծածավալ ներդրումներ են անհրաժեշտ՝ ուղղված  մայրուղիների եւ դեպի գյուղեր տանող ճանապարհների վերանորոգմանը, մեքենաների եւ հեծանիվների համար ճանապարհային նշանների տեղադրմանը, էկո քաղաքականության մշակմանը եւ, ընդհանուր առմամբ, գյուղական տարածքներում կյանքի պայմանների բարելավմանը: Սրան ավելացնելով համապատասխան մարքեթինգային քաղաքականություն՝ կստանանք այն հիմնական բաղադրիչները, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար:  

Այս առումով Հայաստանը գյուղական ենթակառուցվածքները բարելավելու ուղղությամբ դեռ շատ անելիք ունի: Տաթեւի ճոպանուղու շահագործումը լավ օրինակ է, թե ինչպես է Հայաստանը տեսնում էկոտուրիզմի իր ապագան:  

Ենթակառուցվածքների հետ կապված բազմաթիվ չլուծված հարցեր կան եւ, չնայած տեղի փոքր բիզնեսի ջանքերը շատ կարեւոր են, այնուամենայնիվ, բավարար չեն զբոսաշրջիկներին գրավելու համար: Օրինակ, Հունաստանի պարագայում ԵՄ-ն է երկրի հիմնական ենթակառուցվածքային ծրագրերի հովանավորը: Այնպես որ, Հայաստանն էլ պետք է գտնի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ:  

- Դուք «Դագազյան» ոսկերչական ընկերության գործադիր տնօրենն եք: Ինչքանո՞վ է հայ ոսկերչության համբավը տարածված Հունաստանում եւ առհասարակ եվրոպական երկրներում:  Ունե՞ք արդյոք մտադրություն մասնակցել Հայաստանում ձեւավորվող ոսկերչական ազատ տնտեսական գոտու աշխատանքներին:  

- Հայաստանը մեծ ներուժ ունի այս ոլորտում: Երբ Գագիկ Գեւորգյանը դարձավ  Հայ ոսկերիչների ասոցիացիայի (AJA)  նախագահ, բազմաթիվ դրական փոփոխություններ կատարվեցին, որոնցից է պետության եւ այդ ասոցիացիայի հովանավորությամբ ոսկերչական ազատ տնտեսական գոտու ստեղծումը:  

Ըստ AJA-ի տվյալների, հայերը ամբողջ աշխարհում վերահսկում են միջազգային ոսկերչական բիզնեսի ավելի քան 5%-ը: Նույն պատկերն է նաեւ Հունաստանում, որտեղ հայերը մասնակցում են ոսկերչական իրերի արտադրության, ինչպես նաեւ մեծածախ եւ մանրածախ առեւտրի գործընթացին:

Ինչ վերաբերում է մեր ընկերությանը, ապա այն հիմնադրվել է 1957 թ-ին հայտնի ոսկերիչ Թաքվոր Դագազյանի կողմից: Այսօր մենք ոսկերչական խանութներ ունենք Հունաստանում, Թուրքիայում, Լիբանանում եւ Էստոնիայում: Արտահանում ենք ավելի քան 14 եվրոպական երկրներ: Հոկտեմբեր ամսին կմասնակցենք Երեւանում կազմակերպվող ոսկերչական միջազգային ցուցահանդեսին: Դեռ չենք մտածում արտադրության ինչ-որ հատված Երեւան տեղափոխելու ուղղությամբ, սակայն, իհարկե, քայլեր կձեռնարկենք  ազատ տնտեսական գոտու սակագների վերջնական հաստատումից եւ կանոնակարգի ուսումնասիրությունից հետո:
 
-Որքանո՞վ եւ հատկապես ինչո՞վ է Հայաստանը ճանաչելի  հույների համար: Հույն զբոսաշրջիկները դիտարկո՞ւ մ են Հայաստանը որպես երկիր, որն անհրաժեշտ է այցելել:

- Հայերը եւ հույները ունեն ընդհանուր անցյալ եւ դարավոր մշակութային կապեր: Հույները հայերի մասին գիտեն ոչ միայն դպրոցական դասագրքերից, այլեւ հայկական սփյուռքի միջոցով, որն ակտիվ է եւ ինտեգրված հասարակության բոլոր ոլորտներում:  

Դժբախտաբար, Հայաստանը, որպես մեծ ներուժ ունեցող տուրիստական երկիր, դեռ չի օգտագործում իր ունեցած առավելությունը. տարվա կտրվածքով Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը փոքր է: Այս առումով հույները Հայաստանի տուրիստական առավելությունների մասին շատ քիչ բան գիտեն:

Համոզված եմ, որ Հայաստանի տուրիստական ոլորտի զարգացման համար կան հիանալի պայմաններ, հատկապես կրոնական եւ մշակութային, գյուղական, արկածային տուրիզմի, ինչպես նաեւ ագրոտուրիզմի եւ էկոտուրիզմի առումներով:

Երեւանի եւ Հունաստանի քաղաքների միջեւ ուղիղ չվերթների բացակայությունը, որը «Վենիզելոս» եւ «Զվարթնոց» օդանավակայանների բարձր գների քաղաքականության արդյունք է, նույնպես լուրջ խոչընդոտ է հանդիսանում զբոսաշրջիկների փոխանակման համար:   

«Արմավիա»-ի սնանկացումից հետո մեր կառույցը բազմիցս կոչ է արել հունական ավիափոխադրողներին ուղիղ չվերթներ իրականացնել դեպի Երեւան, կամ էլ Երեւանն ընդգրկել դեպի Թբիլիսի արդեն իսկ գործող չվերթների շարքում` որպես չվերթի վերջնական հանգրվան:

- Եվ վերջում՝ ի՞նչ օգտակար խորհուրդներ կարող եք տալ հայաստանցի զբոսաշրջիկներին, որոնք իրենց ամառային հանգիստը նախատեսում են անցկացնել Հունաստանում:

- Հայ զբոսաշրջիկներին խորհուրդ կտամ չմնալ միայն իրենց հյուրանոցի տարածքում, այլեւ բացահայտել նոր վայրեր եւ լողափեր, այցելել պատմական վայրեր, հուշարձաններ, վայելել տեղական խոհանոցը: Վարձակալեք մեքենա կամ հեծանիվ, վայելեք հունական յուրահատուկ բնությունը եւ բացահայտեք գիշերային կյանքը:

Միեւնույն ժամանակ, կարելի է այցելել Հունաստանում հայտնի տեսարժան այն վայրերը, որոնք կապված են հայերի հետ: Օրինակ, Կրետեում է գտնվում 1669 թ-ից Եվրոպայում գործող ամենահին հայկական եկեղեցին:  

Հունաստանը երեւի այն միակ զբոսաշրջային երկիրն է, որտեղ զբոսաշրջիկները կարող են անվտանգ միջավայրում համադրել ծովը, արեւը, զվարճանքը, մշակույթը եւ կրթությունը: Եթե սրան ավելացնենք նաեւ այս երկրում հայկական հետքը, ապա Հունաստանն, անշուշտ, այն երկիրն է, ուր արժե այցելել:  

Ակիս Դագազյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը:

Դիտում՝ 8670
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai