Կարեն Եղիազարյան. «P2P banking-ին վերաբերվում եմ զգուշավոր լավատեսությամբ»

28.04.2014 | 10:14 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

P2P հապավումը ծագել է անգլերեն peer to peer (հավասարը հավասարին) բառակապակցությունից: Իր հերթին, P2P banking-ը վարկավորման այլընտրանքային տարբերակ է, որի շնորհիվ ցանկացած անձ հնարավորություն ունի իր դրամական միջոցները որպես փոխառնություն տրամադրել մեկ այլ անձի` օգտվելով դրա համար նախատեսված  օնլայն հարթակների ծառայություններից: Ընդ որում, պոտենցիալ փոխատուները եւ փոխառուները նախապես պետք է գրանցվեն համապատասխան հարթակներում եւ պատշաճ կերպով նույնականացվեն:

Ներկայումս գործող ամենահայտնի հարթակներն են բրիտանական Zopa-ն եւ RateSetter-ը, ամերիկյան Prosper-ը եւ Lending Club-ը: Գործող հարթակների մի մասը կիրառում է տոկոսադրույքների որոշման հակադարձ աճուրդի մոդելը, որի դեպքում տոկոսադրույքների մակարդակը ձեւավորվում է հարթակում առկա առաջարկի եւ պահանջարկի հայտերում նշված տոկոսադրույքների հատման կետում: Իսկ որոշ հարթակներ էլ սահմանում են ֆիքսված տոկոսադրույքներ` կախված փոխառուների ռիսկայնության աստիճանից:

P2P հարթակների առանձնահատկությունների եւ Հայաստանում դրանց կիրառելու հավանականության մասին Banks.am-ը զրուցել է Պրոմեթեյ Բանկի Վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանի հետ:

P2P վարկավորման առավելությունները

Կարեն Եղիազարյանի խոսքերով, P2P մոդելի հիմնական առավելությունն արդյունավետությունն է:

«Գործող P2P հարթակները մարքեթինգային արշավներում հիմնականում շեշտադրում են այն հանգամանքը, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները խոշոր ծախսեր են կատարում գրասենյակների պահպանման եւ անձնակազմի վարձատրության գծով: Այս ծախսերը ներառվում են վարկային ռեսուրսների ինքնարժեքի հաշվարկի մեջ` հանգեցնելով դրանց գնի որոշակի բարձրացման: Մինչդեռ P2P օնլայն հարթակների սպասարկման համար պահանջվող ծախսերն անհամեմատ ավելի փոքր են:

Կողմերի համար առկա առավելություններն ակնհայտ են.

- փոխատուն ստանում է բանկային ավանդների տոկոսադրույքներից բարձր եկամտաբերություն,
- փոխառուն ստանում է իր փոխառության գումարն առանց բանկ այցելելու, գույքի գրավադրման կամ որեւէ այլ ապահովվածության, այլ անձանց կողմից տրամադրված երաշխավորության եւ շատ հաճախ` իր եկամուտը հավաստող փաստաթղթերի ներկայացման,
- P2P հարթակի օպերատորը, որի միջոցով «հանդիպել» են փոխառուն եւ փոխատուն, ստանում է միջնորդավճար փոխատուից կամ փոխառուից, իսկ շատ հաճախ` գործարքի երկու կողմերից էլ:

Առաջին հայացքից սա win-win solution է, այսինքն` խնդրի լուծում, որից շահած են դուրս գալիս բոլոր կողմերը», - նշել է Կարեն Եղիազարյանը:

P2P-ի ռիսկերը եւ թերությունները

Միաժամանակ,Կարեն Եղիազարյանը նշում է, որ ավելի խորքային վերլուծությունը թույլ է տալիս նկատել տվյալ մոդելին բնորոշ ռիսկերը եւ թերությունները:

«P2P մոդելի էությունն այն է, որ օնլայն հարթակը չի ներգրավում դրամական միջոցներ եւ ինքնուրույն չի տեղաբաշխում դրանք փոխառուների միջեւ: Ֆիզիկական անձն ինքն է իր միջոցները տրամադրում` օգտվելով հարթակի ծառայություններից եւ վճարելով համապատասխան միջնորդավճար: Հարթակի օպերատորը բանկ կամ վարկային կազմակերպություն չէ, այլ վճարահաշվարկային կազմակերպություն, որը կատարում է փոխհաշվարկներ փոխատուի եւ փոխառուի միջեւ» - նշել է մեր զրուցակիցը:

Կարեն Եղիազարյանի փոխանցմամբ, ոչ մի օնլայն հարթակ չի մասնակցում ավանդների հատուցումն երաշխավորող ծրագրերին, քանի որ նման փոխատվություններն իրենց էությամբ ավանդ չեն: Որոշ հարթակներ, ինչպես Zopa-ն, ինքնուրույն են ստեղծում համապատասխան ֆոնդեր, որոնք ունակ պետք է լինեն ծածկելու որոշ փոխառությունների դեֆոլտի գծով հնարավոր կորուստները: Կան նաեւ հարթակներ, որոնք իրենց օգնությունն են առաջարկում տրամադրված գումարների վերադարձման հետ կապված` համագործակցելով համապատասխան կոլեկտորային ընկերությունների հետ:

«Հարթակը, հանդիսանալով միջնորդ փոխատուի եւ փոխառուի միջեւ, պարտավոր է նույնականացնել մասնակիցներին, պատշաճ կերպով պարզել մասնակիցների ինքնությունը, օգնել փոխատուներին փոխառուների ընտրության հարցում: Հարթակները սահմանում են պոտենցիալ փոխառուների համար պահանջներ եւ չափանիշներ, համագործակցում են վարկային բյուրոների հետ` ստանալով փոխառուների վարկային պատմության վերաբերյալ տեղեկատվություն: Որոշ հարթակներ շատ հաճախ վարում են սեփական սքորինգային համակարգեր եւ կիրառում փոխառությունների տրամադրման դիվերսիֆիկացման սկզբունքներ (սահմանվում են փոխառությունների տրամադրման առավելագույն լիմիտներ` տրոհելով տրամադրվող գումարը մի քանի փոխառուների միջեւ`արդյունքում նվազեցնելով փոխատուների ռիսկը):

Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ, միեւնույն է, տրամադրված փոխառությունների չվերադարձման ռիսկը կրում է փոխատուն»,- Banks.am-ին պատմել է Կարեն Եղիազարյանը:

Գործող հարթակների վերահսկողության խնդիրը

«Տվյալ դաշտի նկատմամբ վերահսկողությունը հնարավոր է եւ խիստ անհրաժեշտ: Բոլոր գործող հարթակները վերահսկվում են պետական մարմինների կողմից, մասնավորապես, Zopa-ն վերահսկվում է Միացյալ Թագավորության OFT-ի կողմից (Office of Fair Trading), որը Թագավորության սպառողների պաշտպանության եւ մենաշնորհների դեմ պայքարի պետական մարմինն է: ԱՄՆ-ում գրանցված հարթակները վերահսկվում են SEC-ի կողմից (U.S. Securities & Exchange Commission), որը դաշնային վերահսկող մարմինն է արժեթղթերի շուկայի, բորսաների եւ  էլեկտրոնային ֆինանսական ծառայությունների մատուցման ոլորտում: Հայաստանում, ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում, նման հարթակների ի հայտ գալու դեպքում, նրանց՝ որպես վճարահաշվարկային կազմակերպություն գործունեությունն ենթակա կլինի լիցենզավորման ՀՀ ԿԲ-ի կողմից եւ, բնականաբար, հայտնվելու է ԿԲ-ի վերահսկողության տիրույթում»,- նշել  է Կարեն Եղիազարյանը:

Նրա խոսքերով, նման հարթակները պետք է խստորեն պահպանեն փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի պետական մարմինների պահանջների կատարումը: Փոխառուների եւ փոխատուների ինքնությունը պարզելուց զատ` հարթակները պետք է ստուգեն՝ արդյոք նշված անձինք ներառված չեն ՄԱԿ-ի, Եվրամիության կամ ԱՄՆ-ի OFAC (Office of Foregin Asset Control)-ի ցուցակներում:

P2P-ն Հայաստանում

«Կարծում եմ,  ոչ շատ հեռու ապագայում` առավելագույնը 1-2 տարիների ընթացքում, մենք անպայման ականատեսը կդառնանք նման հարթակների ներդրման փորձերին Հայաստանում»,- կարծում է մեր զրուցակիցը:

«Շուրջ 10 տարի առաջ սկիզբ առնելով Մեծ Բրիտանիայում եւ ԱՄՆ-ում` P2P հարթակներն արդեն գործում են աշխարհի բազմաթիվ երկրներում: Գործող հաջողակ նախագծեր կան Գերմանիայում` Smava.de եւ Ավստրալիայում` SocietyOne: P2P հարթակներ են գործում նաեւ ՌԴ-ում` vdolg.ru, loanberry.ru, mirdeneg.ru եւ Ուկրաինայում` Credery:

Հատուկ ուշադրության է արժանի հետխորհրդային հանրապետություններից Էստոնիայի փորձը. էստոնական IsePankur  հարթակը, ընդլայնվելով եւ տարածվելով դեպի Իսպանիա, Ֆինլանդիա եւ Սլովակիա, հիմա արդեն գործում է Bondora ապրանքանիշի տակ Եվրոպայի շուրջ 30 երկրներում` ներառյալ Շվեյցարիան»:

Կարեն Եղիազարյանի խոսքերով, P2P-ի՝ մեզանում հաջող գործելու գրավականներից մեկն այն հանգամանքն է, որ ոչ բոլորն են նախընտրում պարտքով փող վերցնելու համար դիմել բանկերին կամ վարկային կազմակերպություններին: Շատերն առաջին հերթին դիմում են ընկերներին, բարեկամներին կամ հարեւաններին: Տվյալ դեպքում միակ տարբերությունն այն է, որ այդ «հարեւանները», որոնք պատրաստ են օգնել գումարով, կարող են գտնվել տասնյակ կամ հարյուրավոր կիլոմետրեր հեռու:

«Գաղտնիք չէ, որ շատ մարդիկ տոկոսով փող են վերցնում անձանցից, որոնց համար տոկոսով փող տրամադրելը արհեստի պես մի բան է դարձել: Չպետք է մոռանալ, որ վաշխառությունը ՀՀ Քրեական օրենսգրքով պատժելի արարք է: Իմ կարծիքով, սկզբնական փուլում P2P հարթակները մրցակցության մեջ կմտնեն եւ շուկայից զգալիորեն դուրս կմղեն նախ եւ առաջ տվյալ անձանց, ինչը, անկասկած, դրական երեւույթ կլինի. այս անձանց կողմից ստացվող տոկոսագումարները որեւէ  կերպ չեն հայտարարագրվում եւ չեն հարկվում: Իսկ փոխատուների կողմից P2P հարթակների միջոցով ստացվող տոկոսագումարները, բնականաբար, պետք է գտնվեն հարկման դաշտում:

Անկասկած, ՀՀ օրենսդրությունն աստիճանաբար կհամապատասխանեցվի շուկայի պահանջներին եւ տվյալ ոլորտում ակնկալվող զարգացման միտումներին: Բոլորի համար ակնհայտ է , որ ֆինանսական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայություններն աստիճանաբար եւ անխուսափելիորեն «տեղափոխվում» են էլեկտրոնային միջավայր:

Ամփոփելով P2P հարթակների վերաբերյալ իմ դիրքորոշումը` պետք է ասեմ, որ վերաբերվում եմ վերջիններիս զգուշավոր լավատեսությամբ»,- եզրափակել է Կարեն Եղիազարյանը:

Կարեն Եղիազարյանի հետ զրուցել է Շուշան Մարգարյանը:

Դիտում՝ 6434
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai