Գրքի բիզնես. կապիտալի տրասնֆորմացիա, կամ բիզնես նվազագույն եկամուտով

20.03.2014 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Տպագիր գրքի բիզնեսն, անկասկած, դասվում է յուրահատուկ բիզնեսների շարքին, հատկապես մեր օրերում, երբ գնալով շատանում է այն մարդկանց թիվը, ովքեր նախապատվությունը տալիս են էլեկտրոնային կրիչներին: Գաղտնիք չէ, որ մեր երկրում գիրքն առաջին անհրաժեշտության ապրանք չէ: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ Banks.am-ը փորձել է ոլորտի մասնագետներից պարզել, թե ինչ վիճակում է գտնվում Հայաստանի տպագիր գրքի շուկան:

Գրքի բիզնեսը կապիտալի տրանսֆորմացիա է

«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը Հայաստանում գրքի բիզնեսի մասին խոսելն անիմաստ է համարում:

«Հրատարակչական գործը բիզնես չէ, այլ կապիտալի տրանսֆորմացիա, հետեւաբար դրա շահավետությանը մենք չենք նայում: Դասագրքի տպագրությունից, մարքեթինգից, գովազդից, PR-ից, արտաքին գովազդից ստացված գումարներն «Անտարես»-ը տրանսֆորմացնում է գրքի եւ գիտելիքի մեջ, իսկ սա երկարատեւ ներդրում է»,- նշում է մեդիա հոլդինգի նախագահը:

Արմեն Մարտիրոսյանը որպես օրինակ բերում է Ֆլորենցիա քաղաքի կառավարիչների՝ Մեդիչիների գործունեությունը, ովքեր ժամանակին մոտ $1 մլրդ-ի ներդրումներ կատարեցին մշակույթի տարբեր բնագավառներում՝ երաժշտություն, գիտություններ, գրքեր եւ այլն. «Այսօր ամեն տարի իտալական պետությունը տասնապատիկ անգամ ավելի շատ եկամուտ է ստանում շնորհիվ անցյալում կատարված այդ ներդրումների: Այո, Մանթաշովը, Գյուլբենկյանը  ու մյուսները չեն եղել ամենահարուստ հայերը, բայց նրանք են մնացել պատմության մեջ՝ կապիտալի տրասնֆորմացիա իրականացնելու շնորհիվ»:
 
Գրքի բիզնեսը Հայաստանում քիչ եկամտաբեր է համարում նաեւ  «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանը:

Խոսելով խորհրդային շրջանում Երեւանում գործող 67 գրախանութների մասին՝ նա ցավով է նշում, որ անկախության առաջին տարիներին, երբ ամեն ինչ սեփականաշնորհվեց, գրախանութների թիվը կրճատվեց, ինչի հետեւանքով այսօր ամբողջ քաղաքում ընդամենը երկու գրախանութ է գործում:

«Ետխորհրդային շրջանում բոլորին բիզնես ներդրումներ կատարելու հնարավորություն տրվեց, բայց ոչ մի նոր գրախանութ այդպես էլ չբացվեց: Մարդիկ հաշվարկեցին ու հասկացան, որ դա պետք չէ, եկամտաբեր չէ: Այսօր մենք հազիվ ենք կարողանում մեզ պահել, աշխատավարձերը ցածր են, կադրերի արտահոսքը՝ մեծ»,- նշում է Խաչիկ Վարդանյանը:

Բիզնես՝  նվազագույն եկամուտով

«Բուկինիստ»-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանը նշում է, որ իրենք այսօր նվազագույն եկամուտով են աշխատում:

«Վաճառքի գնից ակնկալում ենք 30-35 % եկամուտ, բայց ունենք հետեւյալ գնային քաղաքականությունը. եթե 6 ամսվա ընթացքում գիրքը չի վաճառվում, ապա գինը դառնում է գրքի ինքնարժեքից ցածր: Եթե նորից չի վաճառվում, դառնում է 500-ից 1000 դրամ: Կրկին չվաճառվելու դեպքում նվիրում ենք գրադարաններին»,- ասում է Խաչիկ Վարդանյանը:

Մանկական գրականությունը եւ ուսումնական ձեռնարկները, ըստ ՀՀ օրենսդրության, ազատված են ԱԱՀ-ից: Իսկ այս առումով վերջնական եզրակացություն տալիս են Կրթության ազգային ինստիտուտի փորձագետները: Սակայն, ինչպես նշում է «Բուկինիստ»-ի տնօրենը, այդ պրոցեսը ձգվում է 20 օրից մինչեւ 1 ամիս:

«Բացի այդ, փորձագիտական հանձնաժողովին կարելի է ներկայացնել 100-ից ոչ ավել անուն գիրք, իսկ մենք ամեն անգամ ներմուծում ենք 4000-ից մինչեւ 6000 անուն գիրք: Ստացվում է, որ անհրաժեշտ է  6-7 ամիս՝ այդ գրքերը ԱԱՀ-ից ազատելու համար, իսկ սպասելը, բնականաբար, ձեռնտու չէ: Այդ իսկ պատճառով հարկման ենք ուղարկում բոլոր գրքերը, ինչը ճիշտ չէ»,- նշում է Խաչիկ Վարդանյանը:

Ինչ վերաբերում է մաքսավճարներին, ապա, «Բուկինիստ»-ի տնօրենի կարծիքով, դրանք չնչին գումար են կազմում:

«Վերջերս Լոնդոնից 10 հազար ֆունտ ստեռլինգ ընդհանուր արժողությամբ գրքերի խմբաքանակ ստացանք, որի համար ընդամենը 10-11 հազար դրամ մաքսատուրք վճարեցինք»,- նշում է Խաչիկ Վարդանյանը՝ հավելելով, որ  մաքսային ծառայությունների աշխատանքից գոհ է, եւ նրանց հետ խնդիրներ չունի:

ՄՄ-ն եւ գրքի բիզնեսի ապագան

«Բուկինիստ»-ի տնօրենը համոզված է, որ Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելուց հետո Հայաստան ներմուծվող գրքերը չեն թանկանա:
 
Բայց նույնը չի կարելի ասել տեղական արտադրանքի վերաբերյալ, քանի որ, ըստ Խաչիկ Վարդանյանի, այստեղ պետք  է հաշվի առնել, որ գրքի արդյունաբերության համար անհրաժեշտ գրեթե բոլոր բաղադրիչները ներմուծվում են, ու այս դեպքում գների թանկացման հետ կապված կանխատեսումներ անելը դժվար է:

«Անտարես»-ի նախագահ Արմեն Մարտիրոսյանն այս հարցում ավելի հոռետես է: Ըստ նրա, ՄՄ-ին անդամակցելուց հետո տեղական  գրքի շուկային աղետ է սպասում: Արդեն սեպտեմբերին նա թղթի 35% թանկացում է կանխատեսում:   

Արմեն Մարտիրոսյանը, համեմատելով ՀՀ օրենսդրությունը Ռուսաստանի ու ՄՄ անդամ մյուս երկրների օրենսդրություններ հետ, այն շատ ավելի լավն է համարում:
 
«ՄՄ մտնելով՝ փչացնելու ենք մեր օրենսդրությունը: Երբ թանկանա ներկրվող հումքը, դա 35%-ով հարվածելու է կրթություն ստանալու իրավունքին:  Սեպտեմբերի 1-ին բազմաթիվ հայ ծնողներ կանգնելու են փաստի առջեւ, քանի որ նախորդ տարվա համեմատ մոտ 30-35 հազար  դրամով ավելի գումար են ծախսելու իրենց երեխաներին դպրոց ուղարկելու համար»,- կանխատեսում է «Անտարես»-ի նախագահը:

Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ, Մաքսային միության անդամ յուրաքանչյուր պետություն պետք է պաշտպանի իր տնտեսությունը, իսկ դա կարող է արվել որոշ ապրանքների ներմուծման կամ արտահանման վրա տուրքեր սահմանելով: Նա նշում է, որ Ռուսաստանը թուղթ արտադրող երկիր է եւ իր արտադրողին պաշտպանելու նպատակով 5-20%-ի չափով տուրք է սահմանել թղթի ներկրման վրա:

«Այսօր Հայաստանը պոլիգրաֆիական պրոդուկտի արտահանող է եւ  ներմուծվող որակյալ հումքի շնորհիվ որակապես բավարարում է համաշխարհային պահանջներին: Ռուսական հումքով նման որակի չես կարող հասնել, քանի որ ռուսական թուղթը որակապես խիստ տարբերվում է եվրոպականից»:

Վարկ ստանալը շատ հեշտ է, վերադարձնելն է դժվար

«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը պնդում է, որ գրքի բիզնեսի զարգացման համար բանկերի կողմից տրամադրվող վարկերը «բիզնեսը սպանող վարկեր են»:

«Ասում են, թե 11%-ով դոլարային եւ 13%-ով դրամային վարկ են տրամադրում, բայց իրականում դա այդպես չէ: Այնքան ավելորդ վճարներ կան, որ վերջում դրամային տոկոսադրույքը հասնում է 20%-ի: Բիզնես վարկ վերցնելը շատ թանկ է: Ստացվում է, որ վարկ վերցնելով՝ բանկը տվյալ ձեռնարկության մեծ փայատերերից մեկն է դառնում»:

«Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն իր հերթին նշում է, որ վարկն իրենց համար գործիք է, ու եթե ունենային այլ միջոցներ, որեւէ բանկից վարկ չէին վերցնի:
 
«Վարկ ստանալը շատ հեշտ է, վերադարձնելն է դժվար: Մենք մեծ տոկոսներ ենք վճարում, բայց այլընտրանք չկա, քանի որ սեփական միջոցներ չենք կարողանում կուտակել: Այսպես ասեմ, եթե տեսականորեն մենք գրքի վաճառքից 30-35% եկամուտ ենք ակնկալում, ապա դրանից եւս 14% կորցնելով՝ շահույթը չնչին է դառնում»,- պարզաբանում է գրախանութի տնօրենը:

Նարինե Դանեղյան

Դիտում՝ 3731
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai