Բնակիչներ vs «Տոնուս». ո՞րն է լուծումը: Մաս 4

13.03.2014 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Դավիթաշեն համայնքի 2-րդ թաղամասում «Տոնուս» շինարարական ընկերության կողմից կառուցվող 44/4 բազմաբնակարան բնակելի շենքի շուրջ ստեղծված խնդրի լուծումն ու ուղղությունները դեռեւս շարունակում են անհայտ մնալ:

ՄեդիամաքսBanks.am պորտալը փորձել է պարզել գործի ընթացքը` լսելով  դրանում ներքաշված կողմերին:

«Տոնուս» շինարարական ընկերության սնանկության գործով կառավարիչ Հրանտ Ղամբարյանը մեզ հետ զրույցում նշել է, որ դատարանն արդեն ավարտել է պահանջների քննության գործընթացը, մոտ օրերս կհրապարակի պարտատերերի վերջնական ցուցակը, որտեղ կնշվի, թե որ պահանջներն են ճանաչվել օրինական եւ ինչ չափով:

«Երկար ժամանակ մենք սպասում էինք այս գործընթացին: Քանի դեռ չկա պարտատերերի ցուցակը, սնանկության վարույթը չի կարող առաջ շարժվել: Դատարանի հրապարակումից հետո կլինի պարտատերերի ժողովը, որին կհաջորդի առողջացման կամ լուծարման գործընթացը»,- ասել է Հրանտ Ղամբարյանը: Հարցին, թե ո՞րն էր պահանջների հաստատման գործընթացի ձգձգման պատճառը, Հրանտ Ղամբարյանը պատասխանել է, որ հիմնականում այն կապված է եղել  բանկի պահանջի ոչ հստակ լինելու հետ. «Բանկի պահանջն առարկվում էր իր չափով եւ գրավով արտահայտվածությամբ: Դատարանը չէր կարողանում հստակ կողմնորոշվել, թե պահանջի չափն որքան է»:

Խոսելով բնակիչների կողմից հավելավճար մուծելու մասին` մեր զրուցակիցը նշել է, որ դա եւս կախված է բանկի պահանջի չափից. «Մինչեւ չիմանանք, թե բանկի պահանջի չափն ինչքան է, չենք կարող հաշվարկել, թե հավելավճարը որքան պետք է լինի: Հավելավճարը եւ բնակիչների կողմից չվճարված գումարը պետք է այնքան լինեն, որ կարողանանք մարել բանկի պարտքն ու շենքն ավարտին հասցնել»:

Արցախբանկի ներկայացրած պահանջի համաձայն, բանկի եւ «Տոնուս» շինարարական ընկերության միջեւ կնքվել են դրամով եւ դոլարով արտահայտված վարկային պայմանագրեր: Դրամի դեպքում բանկի պահանջը կազմում է 10 մլն 568 հազար 213 դրամ, որից 10 մլն-ը մայր գումարն է, մնացածը` տոկոսները, իսկ դոլարի դեպքում` $6 մլն 980 հազար 118, որից $6 մլն 358 հազար 939 դոլարը մայր գումարն է, մնացածը` տոկոսները:

Արցախբանկի փաստաբան Գեւորգ Չաքմիշյանը մեզ հետ զրույցում նշել է, որ գործն ընթացքի  մեջ է, եւ այս պահին որեւէ հստակ բան չի կարող ասել:

«Տոնուս»-ի գործով տուժած քաղաքացիներն երեկ դիմել են ՀՀ նախագահի աշխատակազմ: Դավիթաշենի եւ Փափազյան փողոցում գտնվող շենքերի բնակարանատերեր Զոյա Պողոսյանի, Գագիկ Գրիգորյանի ու Արթուր Իսպիրյանի փոխանցմամբ, գործի շրջանակներում մինչ օրս բանկից որեւէ հստակ առաջարկ չեն ստացել: Բնակիչները խնդրի վերաբերյալ պետական մարմինների դիրքորոշումը զարմանալի են համարում եւ նշում, որ վերջին հույսը ՀՀ նախագահի արձագանքն է, որին պատրաստ են համբերատար սպասել մեկ ամիս:

Նրանք անընդունելի են համարում բանկի պահանջի չափը` կասկած հայտնելով, թե բանկի ու «Տոնուս»-ի միջեւ եղել է փոխադարձ համաձայնություն խարդախության վերաբերյալ:

Թեմային առավել մանրամասն կարող եք ծանոթանալ մեր նախորդ հրապարակումներում` Բնակիչներ vs «Տոնուս». ո՞րն է լուծումըԲնակիչներ vs «Տոնուս». ո՞րն է լուծումը: Մաս 2, Բնակիչներ vs «Տոնուս». ո՞րն է լուծումը: Մաս 3:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 3001
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai