Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղում ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:Խորագրի այսօրվա հյուրը ՀՀ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Կարինե Մինասյանն է:- Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:- Պատասխանս օրիգինալ չի լինի. հայ մարդու հոգեբանությամբ ես եւ ամուսինս երազել ենք մեր սեփական տունն ունենալ: Եվ ինչպես շատ-շատերի դեպքում, տան ձեռքբերումն էլ եղել է մեր ընտանիքի ամենաթանկարժեք գնումը եւ ամենամեծ ծախսը, ինչը չափազանց սպասված էր եւ սիրով ենք կատարել: Հիմա վայելում ենք մեր իրականացած երազանքի հաճույքը: Կարծում եմ, գնումը` թանկ թե էժան, այնքանով է արժեքավոր, որքանով այն օգտակար է եւ ուրախություն է պարգեւում: - Նախընտրո՞ւմ եք կանխիկ գումարը, թե բանկային քարտերը:- Կարելի է ասել, որ երկուսից էլ հավասարաչափ եմ օգտվում` ըստ հարմարության: Բայց հիմնական գումարն, անշուշտ, նախընտրում եմ ունենալ բանկային քարտի վրա, քանի որ երբեմն կորցնում եմ դրամապանակս: - Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր ձեր ընտանիքին` մեկ ամիս անհոգ ապրելու համար:- Դժվարանում եմ պատասխանել, թե որքան գումար է հարկավոր, քանի որ «անհոգ» բառի իմաստը բազմաբովանդակ է: Սովորաբար խելամիտ մարդը ծախսում է այնքան, որքան հնարավորություն ունի: Մի բան կարող եմ ասել, որ հատկապես հայ կանայք այս առումով շատ շրջահայաց են եւ ստեղծագործ` կարողանում են անգամ սահմանափակ հնարավորություններով հոգալ ընտանիքի կարիքները:Մեր ընտանիքում բոլորս աշխատում ենք եւ փորձում ենք մեր ընտանեկան բյուջեն տնօրինել այնպես, որ խնդիրներ չառաջանան: - Երբեւէ ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:- Իհարկե ունեցել ենք: Երբ երիտասարդ էինք եւ նոր էինք կազմավորել մեր ընտանիքը, տարիներ շարունակ ունեցել ենք ֆինանսական խնդիրներ, բայց միշտ հավատացել ենք, որ դժվարությունները ժամանակավոր են եւ հաղթահարելի: Մեր սերունդը այսօրվա պրագմատիկ երիտասարդության համեմատ գուցե փոքր-ինչ ավելի ռոմանտիկ է, փողն ինձ համար ամենաառաջնայինը չէ, եւ, համոզված եմ, որ փողի մեջ չէ երջանկությունը: - Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:- Այո, որովհետեւ, ինչպես նշեցի, ես եւ ընտանիքիս անդամներն աշխատանք ունենք:- Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:- Այո, տան ձեռքբերման համար վարկ ենք վերցրել, որը դեռ չենք մարել: - Դուք շռայ՞լ մարդ եք, թե տնտեսող:- Եվ մեկը, եւ մյուսը: Կենցաղում, կարծում եմ, զուսպ եմ: Չնայած սիրում եմ ճաշակով, ինքնատիպ բաներ, բայց` համեստ: - Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն:- Ունեմ մի մտահղացում, որը, եթե միջոցներ ունենամ` անպայման կիրագործեմ: Երազում եմ ստեղծել ԱրտԼաբ` մի հարթակ, որտեղ կհանդիպեն բիզնեսը եւ արվեստը, եւ արդյունքում կստեղծվեն նոր հայկական ապրանքներ: - Պարտքով գումար տալիս կամ վերցնու՞մ եք:- Չեմ սիրում ոչ վերցնել, ոչ էլ տալ: Գերադասում եմ պարտքով գումար խնդրողին այլ կերպ օգնել: - Ձեր գումարը վստահու՞մ եք բանկերին:- Այո:Կարինե Մինասյանի հետ զրուցել է Էլեոնորա Արարատյանը: Tweet Դիտում՝ 8103