10 հարց փողի մասին Գագիկ Գյուլբուդաղյանին

24.01.2014 | 12:58 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է «10 հարց փողի մասին» խորագիրը: Յուրաքանչյուր շաբաթ որեւէ հայտնի մարդու ուղղում ենք 10 հարց` փողի հետ նրա հարաբերությունները պարզելու նպատակով:

Խորագրի այսօրվա հյուրը «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանն է:

-Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենաթանկարժեք գնումը:

- Կարծում եմ, այս հարցին ի պատասխան մարդկանց մեծ մասը կասի՝ անշարժ գույքի ձեռքբերումը: Ինձ համար, նույնպես, ամենամեծ գնումը եղել է սեփական տան ձեռքբերումը, որտեղ էլ այժմ բնակվում եմ ընտանիքիս հետ:  Ճիշտ է` այդ տունը մենք մասնակի գնել ենք հիփոթեքային վարկավորման միջոցով:

- Նախընտրո՞ւմ եք կանխիկ գումարը, թե բանկային քարտերը:

- Թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում նախընտրում եմ բանկային քարտերը, դրանք հուսալի են, հարմար եւ հնարավորություն են ընձեռում միայն նվազագույն քանակությամբ կանխիկ գումար պահել գրպանում:

- Նվազագույնը որքա՞ն գումար է հարկավոր ձեր ընտանիքին` մեկ ամիս անհոգ ապրելու համար:

- Մեր ընտանիքի պահանջները մշտապես համապատասխանել են վաստակած գումարին: Կային տարիներ, երբ մեր ընտանիքը ամսական տնօրինում էր 100 հազար դրամ, իհարկե, դժվար էր, բայց եւ այդ ժամանակ մեր պահանջները համահունչ էին ունեցած հնարավորություններին: Ընտանիքի ֆինանսական վիճակի բարելավման հետ ավելացան նաեւ կարիքները: Եթե նկատի ունենանք, որ ունեմ 5 երեխա, եւ մենք նաեւ հոգ ենք տանում իմ եւ կնոջս թոշակառու ծնողների մասին, ապա բոլոր ծախսերը հոգալու համար անհրաժեշտ է ամսական մոտ 1,5 միլիոն դրամ: Ես երախտապարտ եմ կնոջս, ով նույնպես աշխատում է` իր ուրույն ներդրումն ունենալով մեր ընտանեկան բյուջեի ձեւավորման գործում:

-Երբեւէ  ունեցե՞լ եք ֆինանսական դժվարություններ:

- Այո՛, իհարկե, շատ անգամ: Հիմնականում երիտասարդ տարիքում: Կրկին ցանկանում եմ նշել, որ ընտանիքս ըմբռնումով է մոտեցել ժամանակավոր ֆինանսական դժվարություններին եւ միասին հաղթահարել ենք դրանք:

- Այսօր Ձեզ ապահովված մարդ համարո՞ւմ եք:

- Այո՛, իհարկե: 1994թ.-ից ի վեր` Ամերիկյան համալսարանը ավարտելուց հետո, արդեն 20 տարի է, ինչ ես տարբեր կազմակերպություններում ղեկավար պաշտոններ եմ զբաղեցնում: Չեմ դժգոհու՜մ:   

- Երբեւէ օգտվե՞լ եք վարկերից:

- Կարծում եմ, որ պետք է ներկայով ապրել եւ, եթե դեռ համապատասխան չափի գումար չես հավաքել բնակարան, մեքենա, հեռուստացույց եւ այլնի ձեռքբերման համար, ապա միշտ էլ բանկերի վարկային ծառայություններից օգտվելու հնարավորություն կա:

Իհարկե, հարկավոր է վարկային ծառայություններին մեծ զգուշությամբ վերաբերվել, ես կասեի, որ հարկավոր է հստակորեն ծանրութեթեւ անել ֆինանսական հնարավորությունները` արդյո՞ք դրանք բավարար են մայր գումարն ու տոկոսները մարելու համար:  

Հարկավոր է ավելցուկով հաշվել` միաժամանակ զերծ մնալով սեփական եկամուտների ներհոսքը «հոռետեսական սցենարով» դիտարկելուց, հակառակ դեպքում, դուք այդպես էլ չեք որոշի վարկից օգտվել: Կարծում եմ, որ մայրս չէր համաձայնվի իմ նման պատասխանի հետ, այնուամենայնիվ, մեր սերունդը ապրում է մի փոքր այլ աշխարհում, որտեղ, իրավամբ, գոյություն ունեն վարկ վերցնելու եւ ավելի արագ սեփական կենցաղը ձեւավորելու հնարավորություններ:

  - Դուք շռայ՞լ մարդ եք, թե տնտեսող:

- Եվ մեկը, եւ մյուսը: Միշտ պատրաստ եմ գումար ծախսել երեխաներիս համար կայուն ապագա ապահովելու համար, վճարել նրանց կրթության, սպորտային խմբակների, երաժշտական դասերի համար: Պարբերաբար օժանդակում եմ մի քանի բարեգործական ծրագրերի: Վերջերս իմ ներդրումն ունեցա նաեւ Երուսաղեմում Տիրոջ Սուրբ Գերեզմանի տաճարի (հայկական մասի) վերանորոգման գործում: Միեւնույն ժամանակ, հարկավոր է տնտեսող լինել, երբ պատասխանատու ես այնպիսի մեծ ընտանիքի համար, ինչպիսին իմն է:

-Եթե շահեք կամ նվեր ստանաք մեկ միլիոն դոլար, ինչպե՞ս կծախսեք այն:

- Չեմ կարծում, որ երբեւէ կշահեմ կամ ինչ-որ մեկը ինձ մեկ միլիոն դոլար կնվիրի: Էությամբ խաղասեր չեմ եւ ամեն ինչին հասել եմ սեփական աշխատանքով: Իսկ, եթե տեսականորեն պատկերացնենք, որ ինչ-որ կերպ ինձ մոտ լիներ 1 մլն դոլար, ապա  առաջինը հիփոթեքային վարկս կմարեի, կօգնեի կնոջս իր երազած բիզնեսն ունենալ՝ Հայաստանում հիմնել էկո-տուրիզմ իրականացնող կազմակերպություն, ինչպես նաեւ կկազմակերպեի սիմֆոնիկ նվագախմբով, ջազ-ռոք խմբով համերգ եւ երաժշտական ստեղծագործություններս կներկայացնեի հանրությանը: Սա իմ երազանքն է, իհարկե, դեռ չիրականացած:   

-Պարտքով գումար տալիս կամ վերցնու՞մ եք:

- Ջանում եմ զերծ մնալ եւ՛ մեկից, եւ՛ մյուսից:

- Ձեր գումարը վստահու՞մ եք բանկերին:

- Իհարկե, վստահում եմ: Մեր բանկային համակարգը նախկին խորհրդային շրջանի երկրների շարքում ամենավստահելիներից մեկն է: Հուսով եմ, որ մոտ ապագայում մեր բանկերը կսկսեն նորանոր պրոդուկտներ եւ ծառայություններ առաջարկել` օգնելով մեր երկրի քաղաքացիներին բարեկարգել իրենց կյանքը եւ, օրինակ, ինչո՞ւ ոչ, հնարավորություն տալով երիտասարդ սերնդին վճարել աշխարհում ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններում ուսանելու համար:

Գագիկ Գյուլբուդաղյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 4203
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW