Թրասթ Աուդիտ. «Որակի մոնիթորինգը շատ սպասված քայլ էր»

24.12.2013 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Թրասթ Աուդիտ» ՓԲԸ տնօրեն բաժնետեր Հայկ Մարգարյանի հարցազրույցը Banks.am պորտալին

Վերջերս Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիան (ՀՀԱԱ) ամփոփեց սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին իրականացված՝ գործող աուդիտորական ընկերությունների աուդիտի որակի մոնիթորինգի (ԱՈՄ) արդյունքները: Դրանց հիման վրա դրական գնահատականի արժանացած 7 ընկերություններին հանձնվեցին համապատասխան վկայագրեր: Նշված ընկերությունների թվում էր նաեւ «Թրասթ Աուդիտ» ՓԲԸ-ն, որի տնօրեն բաժնետեր Հայկ Մարգարյանը Banks.am-ի հետ զրույցում մանրամասնել է մոնիթորինգի նշանակությունն, ինչպես նաեւ անդրադարձել  ոլորտում ընթացող որոշ զարգացումներին:

- Պ-ն Մարգարյան, ինչո՞վ էր պայմանավորված Ձեր որոշումը մասնակցել աուդիտի որակի մոնիթորինգին: Անկեղծ ասած, անսպասելի է, երբ ընկերությունը կամավոր կերպով «բացում է իր դռները»՝ մասնագիտական ստուգման ենթարկվելու համար:

- Մեր մասնակցությունը աուդիտի որակի մոնիթորինգին նախ եւ առաջ պայմանավորված էր ընկերության որակի վերահսկողության քաղաքականությամբ, որի համաձայն ընկերությունը կարող է սահմանել կամ ներքին վերահսկողության համակարգ, կամ պայմանագիր կնքել համապատասխան անկախ կողմի հետ: Ըստ էության, որոշումը կախված է ընկերության միջոցների առկայությունից եւ ծրագիրը արդյունավետորեն իրականացնելու կարողությունից:

Ներկա փուլում սեփական ուժերով այդ խնդիրը արդյունավետորեն լուծելը գրեթե անհնար է, ուստի Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) կողմից այս գործընթացի կազմակերպումը մեր կողմից շատ սպասված էր: Օգտվելով առիթից, ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ՀՀԱԱ-ին` հանձինս խորհրդի նախագահ Ահարոն Չիլինգարյանին՝ աուդիտորական ընկերություններին նման հնարավորություն ընձեռելու համար:

Անկախ եւ բարձրակարգ փորձագետի կողմից մոնիթորինգի իրականացումը հանդիսանում է աուդիտորական ընկերությունների կողմից որակյալ ծառայությունների մատուցման գրավականներից մեկը: Կարծում եմ, աուդիտի որակի մոնիթորինգը կնպաստի աուդիտի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանը:

- Խոսեցիք աուդիտի նկատմամբ հասարակության վստահության բարձրացման մասին: Չե՞ք կարծում, որ լիակատար վստահության մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքում, երբ մոնիթորինգը այս կամ որեւէ այլ ձեւաչափով պարտադիր դառնա  Հայաստանում գործող բոլոր աուդիտորական ընկերությունների համար:

- Մոնիթորինգն այս տարի կազմակերպվեց առաջին անգամ եւ ենթադրում է հետագա շարունակություն եւ զարգացում: Զարգացման փուլերից մեկում ցանկալի է, որ Հայաստանում գործող բոլոր աուդիտորական ընկերությունների համար այն դառնա պարտադիր, ինչը կնպաստի թե ոլորտում որակի բարձրացմանը, թե աուդիտի նկատմամբ վստահության բարձրացմանը:

- ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից ընդունված որոշման համաձայն՝ դրական աուդիտորական եզրակացություն չստացած խոշոր ընկերություններն այլեւս հնարավորություն չեն ունենա մասնակցելու պետգնումներին: Ենթադրո՞ւմ է արդյոք այս որոշումը որեւէ փոփոխություններ աուդիտորական ընկերությունների գործելաոճում:

- Աուդիտորական ընկերություններն աուդիտ իրականացնելիս պետք է առաջնորդվեն                բացառապես Աուդիտի միջազգային ստանդարտներով եւ նմանատիպ որոշումները չպետք է ինչ-որ կերպ ազդեցություն ունենան աուդիտորական ընկերությունների գործելաոճի կամ նրանց կողմից հրապարակվող աուդիտորական եզրակացությունների վրա:

Իմ կարծիքով, ՀՀ Ֆինանսների նախարարի որոշումը կտա իր դրական արդյունքները, այն իմաստով, որ վերջապես խոշոր ընկերությունների ղեկավարները կսկսեն կարդալ աուդիտորական եզրակացությունները՝ հասկանալու համար, թե որտե՞ղ թերացումներ ունեն եւ ի՞նչ պետք է անեն՝ դրանք վերացնելու համար:

- Պարտադիր աուդիտը, կարծես թե, ինչ-որ տեղ մոռացության մատնեց կամավոր աուդիտը, մինչդեռ վերջինս համարվում է բիզնեսի թափանցիկության հիմնական գրավականներից մեկը: Ի՞նչ կասեք կամավոր աուդիտի նկատմամբ պահանաջարկի մասին՝ ելնելով Ձեր ընկերության օրինակից:

- Ցավոք, Հայաստանում կամավոր աուդիտի նկատմամբ պահանջարկը անհամեմատ ավելի ցածր է: Կարծում եմ, դա բխում է աուդիտի մասին տեղեկացվածության ցածր մակարդակից: Այդ եզրակացությանն եմ եկել, ելնելով այն հանգամանքից, որ պարտադիր աուդիտի շրջանակներում մեր պատվիրատուները դարձած կազմակերպությունները հետագայում, նման պահանջի բացակայության դեպքում եւս՝ ցանկություն են հայտնում շարունակել համագործակցությունը:

- Ֆինանսների նախարարությունն այլեւս չի իրականացնելու աուդիտորների որակավորման քննություններ՝ դրանով զբաղվելու է  ՀՀԱԱ-ն: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս փոփոխությունը եւ, առհասարակ, որքանո՞վ եք կարեւորում ՀՀԱԱ-ի դերը ոլորտի զարգացման գործում:

- Աուդիտի ոլորտի զարգացման համար խիստ անհրաժեշտություն է ուժեղ եւ կենսունակ մասնագիտական կառույցի առկայությունը, որը կնպաստի եւ կուղղորդի նման զարգացումը: Կարծում եմ, ՀՀԱԱ-ն վերջին տարիների իր գործողություններով, թեկուզ եւ նման բարձր մակարդակի աուդիտի որակի մոնիթորինգի կազմակերպմամբ ապացուցեց, որ հենց այն կառույցն է, որը պետք է ստանձնի այդ դերը:

Հուսով եմ, աուդիտորական պալատ ունենալու հեռանկարը սարերի ետեւում չէ, եւ մենք շուտով կունենանք աուդիտորական պալատ՝ համապատասխան լիազորություններով եւ պարտականություններով:

Հայկ Մարգարյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 24932
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai