ՀՊՏՀ հետազոտական կենտրոն. կապելով գիտությունը եւ կրթությունը

16.12.2013 | 09:29 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Այսօր քաղաքականություն մշակողները զարգացած եւ զարգացող աշխարհում հանդիպում են միեւնույն խնդրին. փորձագիտական գիտելիքները բերել գործնական ոլորտ եւ կիրառել կառավարության որոշումների կայացման գործընթացում: Այս խնդրի լուծմանն են կոչված ուղեղային ու հետազոտական կենտրոնները:

Մեր հանրապետությունում գործում են 15 նմանատիպ կենտրոններ, որոնցից վերջինը հիմնվել է  մեկ տարի առաջ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին (ՀՊՏՀ) կից եւ ստացել «Ամբերդ» անվանումը:

«Ամբերդ»-ի գործունեության եւ հավակնությունների մասին Banks.am-ը զրուցել է հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սամվել Ավետիսյանի հետ:

-Պ-ն Ավետիսյան, մեկ տարի է, ինչ գործում է ՀՊՏՀ-ին կից «Ամբերդ» կենտրոնը. պատմեք, խնդրեմ,  կենտրոնի ստեղծման նպատակների եւ դրա առաքելության մասին:

- Մասնագիտական կրթության ոլորտում տարեց-տարի սրվող մրցակցության եւ միջազգայնացման արդի պայմաններում բուհական համակարգի արդյունավետության եւ մրցունակության կարեւորագույն նախապայմաններից մեկը հետազոտական բաղադրիչի զարգացումն է: Այլապես ԲՈՒՀ-ը չի կարող լիարժեք իրականացնել իր փոխկապակցված գիտական եւ կրթական առաքելությունը, իսկ հետազոտությամբ չզբաղվող դասախոսը կնմանվի սովորական դասատուի:

«Ամբերդ» կենտրոնը կոչված է նպաստելու համալսարանում գիտահետազոտական գործունեության զարգացմանը: Իրականացվող հետազոտություններում ներգրավելով դասախոսներին, ասպիրանտներին եւ ուսանողներին` մեր նպատակն է նախ ապահովել կրթական-ուսումնական գործընթացի եւ գիտական հետազոտությունների կապը եւ, երկրորդ, առավել արդյունավետ օգտագործել մեր պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի գիտական ներուժը:

«Ամբերդ»-ի հիմնումը ՀՊՏՀ-ի առաջին քայլն է հետազոտական համալսարան դառնալու ճանապարհին: Հետագա ծրագրերում նախատեսում ենք հետազոտական գործունեության միջազգայնացում: Այս առումով մենք արդեն իսկ համագործակցում ենք Լոնդոնի բիզնես դպրոցի հետ եւ փորձում ենք գործնական կապեր հաստատել առաջատար համալսարանների ուղեղային կենտրոնների հետ, այդ թվում Հարվարդի, Օքսֆորդի եւ Կոլումբիայի:

-Իսկ ի՞նչ ծրագրեր են  իրականացվել «Ամբերդ»-ում այս մեկ տարվա ընթացքում:

- Նշված ժամանակահատվածում կենտրոնում նախաձեռնվել են 3 ծրագրեր, որոնց շրջանակներում շուրջ 100 հետազոտողներ ուսումնասիրություններ են իրականացնում 15  ուղղություններով: Ընդ որում ծրագրերի մի մասի գծով արդեն իսկ ունենք հետաքրքիր արդյուքններ:

Ծրագրերից առաջինը «Ազգային անվտանգության հետազոտություններ» ծրագիրն է, որի շրջանակներում հետազոտական խմբերը ուսումնասիրություններ են իրականացնում  ՀՀ ազգային անվտանգության, այդ թվում՝ տնտեսական, բնապահպանական, հոգեւոր-բարոյական, տեղեկատվական անվտանգության, գլոբալացման եւ տնտեսական ինտեգրացման հիմնահարցերի վերաբերյալ: Ծրագրի շրջանակներում ուսումնասիրվում է նաեւ աշխարհի առաջավոր «ուղեղային կենտրոնների» փորձը եւ դրա տեղայնացման հնարավորությունները:

Երկրորդ ծրագիրը նվիրված է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման հիմնահարցերի ուսումնասիրությանը, իսկ երրորդը՝  ՀՀ մրցունակության, արտաքին առեւտրաշրջանառության, աշխատուժի միգրացիայի, տնտեսության միջազգայնացման եւ այլ հիմնահարցերի:

- Ըստ Փենսիլվանիայի համալսարանի  Global Go to Think Tank ամենամյա զեկույցի, Հայաստանում կան 14 ուղեղային կենտրոններ, սակայն դրանց գործունեությունը մեծ մասամբ աննկատ է: Ինչպե՞ս է «Ամբերդ»-ը առանձնանալու դրանց ֆոնի վրա:

- Մշակելով կենտրոնի զարգացման տեսլականը`մենք նպատակադրել ենք   ձեւավորել բուհական գիտության զարգացման արդիական համակարգ: Սա ենթադրում է կիրառական եւ պահանջարկված գիտական արդյունքների ստացում, եւ ոչ թե ժամանակավրեպ մտքերի եւ եզրակացությունների աննպատակ բարձրաձայնում:

«Ամբերդ»-ի հայեցակարգում շեշտադրված է հետազոտությունների առեւտրայնացման գործուն մեխանիզմների կիրառումը: Մենք նպատակ ենք հետապնդում կապեր ստեղծել շահառուների հետ, ստանալ պատվերներ պետական եւ մասնավոր հատվածից եւ վերջիվերջո մեր ուսումնասիրությունների արդյունքները ներդնել գործնական ոլորտում:

Ապագայի մեր տեսլականում «Ամբերդ»-ը ինքնուրույն դիմագիծ եւ բարձր վարկանիշ ունեցող ուղեղային կենտրոն է:

-Ինչպե՞ս է լուծվում  հետազոտական ծրագրերի ֆինանսավորման հարցը:

- Այսօր դեռեւս հետազոտությունները ֆինանսավորվում են համալսարանի սեփական միջոցներով, սակայն աստիճանաբար գիտական արդյունքների առեւտրայնացումը պետք է նաեւ ֆինանսական լրացուցիչ մուտքեր ապահովի:

Կցանկանայի ընդգծել, որ հետազոտական կենտրոնում աշխատող ուսանողները`մագիստրանտները  եւ ասպիրանտները եւս վարձատրվում են: Հայաստանում գիտության ոլորտի շատ համեստ ֆինանսավորման պայմաններում մեր  գիտնականները վարձատրվում են ըստ արժանվույն:

-Ինչպե՞ս կգնահատեք տարածաշրջանում ՀՀ դիրքը գիտական-հետազոտական տեսանկյունից:

- Տուրք չտալով ազգային սնապարծությանը` պետք է խոստովանեմ, որ թեեւ ավանդաբար մենք ունեցել ենք նկատելի գիտական ներուժ, այսօր տարածաշրջանում  մեր հանրապետությունը ցանկալի մակարդակի առաջատար դիրք չի գրավում: Մենք մարդկային կապիտալի լուրջ կորուստներ ենք կրել, որն ավելի է սրանում  ներկայիս արտագաղթի եւ «ուղեղների արտահոսքի» պայմաններում:

Խնդիրները շատ են. փոքրաթիվ են գիտելիքահենք  ոլորտների առաջատար մասնագետները եւ շատ ցածր է նրանց մոտիվացիան: Գիտական դպրոցներ չեն ձեւավորվում, իսկ «լավագույն տղաները», ինչպես հայտնի երգի հեղինակն է ասում, հեռանում են:  Տնտեսության այն ոլորտներում, որոնց բաժին է ընկնում ՀՆԱ-ի գերակշիռ մասը, չեն կիրառվում իննովացիոն համակարգեր, բարձր տեխնոլոգիաների մասին ավելի շատ հնչեղ հայտարարություններ ենք լսում, դեռեւս շոշափելի արդյունքներ չունենք: Որոշ ոլորտներում ոչ միայն առաջընթաց չունենք, այլ ձեռքբերվածն ենք կորցնում: Իհարկե, թերություններ նշելն ավելի հեշտ է, քան դրանք վերացնելը: Յուրաքանչյուրս մեզանից պետք է պահանջենք:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնը աշխատելու է նպաստել թե ՀՀ-ի, թե ՀՊՏՀ-ի գիտական վարկանիշի բարձրացմանը: Պատահական չէ, որ մենք բարձր ենք վարձատրում հետազոտողներին`փորձելով կանխել գիտական ներուժ ունեցողների արտագաղթը: Պատահական չէ նաեւ, որ մեզ մոտ աշխատում են մեր ուսանողները. այս տեսանկյունից «Ամբերդ»-ը հավակնում է ստանձել հետազոտող-տնտեսագետների  պատրաստման ինկուբատորի դեր:

Սամվել Ավետիսյանի հետ զրուցել է Շուշան Մարգարյանը:

Դիտում՝ 6604
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW