C-QUADRAT. ծրագրում ենք առաջատար դիրք գրավել ՀՀ ֆինանսական շուկայում

04.12.2013 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

C-QUADRAT ընկերության խորհրդի անդամ Անդրեաս Ուիմերի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին

Դեկտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ ԿԲ-ն գրանցել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունը` նրան տրամադրելով ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ն գերմանական Talanx Asset Management եւ ավստրիական C-QUADRAT Investment ընկերությունների համատեղ ձեռնարկություն: «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի բաժնեմասերի 74.9 %-ը պատկանում է C-QUADRAT Investment-ին: C-QUADRAT-ը հիմնադրվել է 1991 թվականին, գրասենյակներ ունի Վիենայում, Լոնդոնում, Ֆրանկֆուրտում եւ Ժնեւում եւ գործունեություն է ծավալում 17 եվրոպական երկրներում:

Մեդիամաքս-ը զրուցել է C-QUADRAT AG ընկերության խորհրդի անդամ Անդրեաս Ուիմերի հետ:

-Ինչու՞ եւ ինչպե՞ս Talanx եւ C-QUADRAT  ընկերությունները որոշեցին աշխատել Հայաստանում եւ կառավարել ՀՀ քաղաքացիների կենսաթոշակային խնայողությունները:

-Talanx-ը Ֆրանկֆուրտի ֆոնդային բորսայում ցուցակված C-QUADRAT Investment AG-ի խոշորագույն բաժնետերն է: C-QUADRAT-ը ՀՀ Կենտրոնական բանկի հետ մի քանի ամիս բանակցություններ է վարել` պարտադիր կենսաթոշակային ֆոնդային համակարգում ներգրավվելու հնարավորությունների շուրջ:

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ի նպատակն է Հայաստանում առաջարկել ակտիվների եւ ֆոնդային կառավարման բարձրորակ ծառայություններ: Ընկերությունը ծրագրում է առաջատար դիրք գրավել Հայաստանի ֆինանսական շուկայում, նպաստել կենսաթոշակային բարեփոխումների իրականացմանը եւ աջակցել ակտիվների կառավարմանն ու ներդրումային ծառայությունների դաշտի զարգացմանը:   

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա»-ն ավստրիական C-QUADRAT Investment AG եւ գերմանական  Talanx Asset Management GmbH ընկերությունների համատեղ ձեռնարկությունն է: Մենք մտադիր ենք համագործակցել տարբեր տեղական կառույցների եւ ֆինանսական շուկայի ներկայացուցիչների` ՀՀ Կենտրոնական բանկի, բրոքերային ընկերությունների, տեղական բանկերի հետ:

- Ինչպես եւ ցանկացած բարեփոխում, կենսաթոշակային բարեփոխումների համակարգը եւս շատ հարցեր ու մտահոգություններ է առաջացրել ՀՀ  քաղաքացիների շրջանում: Առկա  անհանգստությունը փարատելու համար ի՞նչ փաստարկներ կարող եք բերել:  

- Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների նախապայմանները գրեթե նույնն են, ինչ ողջ աշխարհում` ծերացող բնակչություն, աճող ճնշում պետական բյուջեի վրա, առկա կենսաթոշակային համակարգի անկատարություն: Հայաստանի կառավարությունն արդեն մի քանի տարի է, ինչ կենսաթոշակային բարեփոխումների փուլում է գտնվում, եւ որոշել է առկա համակարգը փոխարինել բազմամակարդակ համակարգով:

Երկրորդ մակարդակը` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, հանդիսանում է կենսաթոշակային համակարգի նոր մասը, որը նպատակաուղղված է հատուցելու քաղաքացիների եկամուտները` հիմնվելով աշխատանքային տարիքի ընթացքում նրանց կողմից արված հատկացումների վրա: Նպատակն այն է, որ թոշակի անցնելուց հետո մարդը պահպանի իր նախկին եկամուտները եւ կյանքի մակարդակը: Կուտակային կենսաթոշակը քաղաքացուն պատասխանատու է դարձնում իր սեփական ապագայի նկատմամբ, մինչդեռ մյուս բաղադրիչը` պետական կենսաթոշակը, պետք է երաշխավորի կեցության համար անհրաժեշտ նվազագույն եկամուտը:  

- Առկա մտահոգություններից է այն, որ Հայաստանի թերզարգացած ֆոնդային շուկան կարող է խոչընդոտ հանդիսանալ կենսաթոշակային համակարգի ամբողջական բարեփոխումների համար:  

- Կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հիմնական նպատակն է ապահովել կայուն կենսաթոշակային եկամուտ այնպիսի եղանակով, որը համապատասխանում է տվյալ երկրի պահանջներին: Ֆինանսական շուկաների զարգացումը երկրորդական նպատակներից է: Հայաստանի կառավարության, Կենտրոնական բանկի եւ այլ ինստիտուտների հետ համագործակցության արդյունքում մենք ծրագրում ենք աջակցել տեղական ֆինանսական շուկաների զարգացմանը, ներառյալ Հայաստանի կապիտալի շուկան:

- Որտե՞ղ եւ ինչպե՞ս եք պատրաստվում ներդնել Հայաստանի քաղաքացիների կենսաթոշակային հատկացումները, եւ ինչպիսի՞ է լինելու ձեր ներդրումային ռազմավարությունը: Արդյո՞ք  դրամական միջոցները ներդրվելու են հիմնականում Հայաստանից դուրս:

- Պարտադիր կենսաթոշակային համակարգում ընդգրկված քաղաքացիների գումարները ներդրվելու են առանձին կենսաթոշակային հիմնադրամներում:

Կենսաթոշակային հիմնադրամները կառավարվում են անկախ եւ պրոֆեսիոնալ ակտիվների կառավարիչների կողմից: Նրանց նպատակն է ավելացնել ներդրումների ծավալը մինչեւ քաղաքացին կհասնի կենսաթոշակային տարիքին:

Քաղաքացին իրավունք ունի ընտրել իր կենսաթոշակային հիմնադրամի կառավարչին, եւ հիմնադրամի տեսակը: Կենսաթոշակային հիմնադրամների սեփականատերերը ոչ թե դրանց կառավարիչներն են, այլ համակարգի մասնակից բոլոր քաղաքացիները: Բոլոր հիմնադրամներն ունեն կառավարման համար սահմանված կանոններ եւ սահմանափակումներ` արժեքի կայուն աճ ապահովելու համար: Հիմնադրամների ներդրումները կարվեն տեղական եւ արտերկրի բարձրորակ արժեթղթերում: Արտարժույթով արտահայտված արժեթղթերում ներդրումները պետք է կազմեն մինչեւ 40 տոկոս:

Հայաստանի օրենսդրությամբ նախատեսված երեք տիպի կենսաթոշակային ֆոնդերի միջեւ գլխավոր տարբերությունը վերաբերվում է ավելի ռիսկային համարվող արժեթղթերում ներդրումների մասնաբաժնին:

Դիտում՝ 12695
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW