Տ. Կարապետյան. «Սինեմա Սթար»-ը համապատասխանում է ամենաբարձր չափանիշներին

18.11.2013 | 13:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

2013 թվականի հոկտեմբերի 17-ին Երեւանում պաշտոնապես բացվեց «Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնը: Կինոթատրոնի բացման մասին Banks.am-ին տված հարցազրույցում պատմել է «Տաշիր» Ընկերությունների խմբի փոխնախագահ Տաթեւիկ Կարապետյանը:

- Ինչո՞վ էր պայմանավորված հայկական շուկա մտնելու Ձեր որոշումը:

- Այսօր «Սինեմա Սթար» ցանցը տեղ է զբաղեցնում Ռուսաստանի խոշորագույն կինոթատրոնների տասնյակում, եւ Ռուսաստանում բիզնեսի դինամիկ եւ հաջող զարգացումը մեզ առաջ շարժվելու եւ գործունեության աշխարհագրությունն ընդլայնելու վստահություն տվեց:

Մեր առջեւ պատասխանատու խնդիր էր դրված` Հայաստան «ներմուծել» կինոցուցադրման բարձր չափանիշներ:

Երեւանում համաշխարհային չափանիշների համապատասխանող առաջին կինոթատրոնի բացումը Հայաստանի կարեւորության վկայությունն է «Տաշիր» Ընկերությունների խմբի համար:

- Որ՞ոնք են «Սինեմա Սթար Դալմա Գարդեն»-ի առանձնահատկությունները:

-  Մեր ցանցի հիմնական առաջնահերթությունը հանդիսատեսի հարմարավետությունն է եւ ծառայությունների բարձր մակարդակը: «Սինեմա Սթար»-ի բոլոր կինոթատրոնների կազմակերպումը համապատասխանում է համաշխարհային չափանիշներին, դա վերաբերում է ինչպես կինոսրահներում եւ հանգստի սրահներում հյուրերի հարմարավետությանը, այնպես էլ ձայնի ու պատկերի որակին:

«Սինեմա Սթար Դալմա Գարդեն»-ը Հայաստանում առաջին մուլտիպլեքսն է, որն ունի 440 նստատեղ: Բոլոր կինոսրահները սարքավորված են համաշխարհային կինոցուցադրման վերջին տեխնոլոգիաներով. բարձր որակի էկրաններ, Dolby Digital ձայն, 3D գերժամանակակից սարքեր, հարմարավետ բազկաթոռներ:  

«Սինեմա Սթար» կինոթատրոնի վեց դահլիճները թույլ են տալիս միաժամանակ  յուրաքանչյուր ճաշակի համար նախատեսված ֆիլմեր ցուցադրել: Կինոթատրոնը գործում է մինչ ուշ գիշեր. վերջին ցուցադրությունները սկսվում են կեսգիշերին: «Սինեմա Սթար»-ն առաջարկում է կինոյի սպառման սկզբունքորեն նոր մշակույթ. կինոթատրոնը ոչ միայն մի վայր է, որտեղ կարելի է ֆիլմ դիտել, այլեւ հանդիպումների, հանգստի եւ ժամանցի համար նախատեսված հարթակ է: Մեր հյուրերի համար գործում է բոուլինգը, ավտոդրոմը, լաբիրինթոսը, երեխաների խաղասրահը, խաղային ավտոմատները, սրճարանը եւ այլն:

Ինտերյերի լուծումները մշակվել եւ իրականացվել են եվրոպական դիզայներների կողմից:

- Որքա՞ն է տոմսերի արժեքը:

- Մենք փորձում ենք պահպանել բավականին զուսպ գներ նման մակարդակի կինոթատրոնի համար: Այսօր տոմսերի արժեքը տատանվում է 1000-ից մինչեւ 6000 դրամ (վերջինս`VIP-սրահում):

- Կարծիք կա, որ Հայաստանում կորսված է կինոթատրոն այցելության մշակույթը, իսկ տեղական շուկան գրավիչ չէ տնտեսական տեսանկյունից:

- Մենք կարծում ենք, որ կինոցուցադրման հայկական շուկան բավականին մեծ ներուժ ունի: Մարդիկ Հայաստանում իսկապես սիրում են ֆիլմեր դիտել, հատկապես տեղական արտադրության, որը վերջին տարիներին վերածնունդ է ապրում: Խորհրդային ժամանակաշրջանում Երեւանում 22 կինոթատրոններ կային: Մենք ավելի քան վստահ ենք, որ այդ մշակույթը չի անհետացել, ուղղակի մարդկանց պետք է կինոթատրոն այցելելու ավելի շատ հնարավորություններ ընձեռել:

Ավելին ասեմ` Երեւանում «Սինեմա Սթար» կինոթատրոնի բացելու մեր որոշման վրա ազդած հիմնական գործոններից մեկը հենց հայկական կինոյի հարուստ ավանդույթներն էին: Մենք հավատում ենք, որ մեր կինոթատրոնն իր արժանի դերը կունենա հայկական կինոյի ավանդույթների վերածննդի գործում: Այսօր Հայաստանում քիչ չեն երիտասարդ ռեժիսորները, որոնք անտեսելով բոլոր դժվարությունները, կինո են նկարահանում եւ մասնակցում են միջազգային փառատոններին: Մենք պատրաստ ենք աջակցել նրանց եւ հնարավորություն ընձեռել իրենց ֆիլմերը հասանելի դարձնել հայ հանդիսատեսին:

Մենք նաեւ պատրաստ ենք համագործակցել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ եւ վստահ ենք, որ «Սինեմա Սթար Դալմա Գարդեն»-ը թույլ կտա փառատոնի կազմակերպիչներին ծրագիրն ավելի ընդարձակ եւ հագեցած դարձնել:

- Մտադի՞ր եք այլ կինոթատրոններ կառուցել Հայաստանում:  

- Այո, մտադիր ենք: Հստակ ծրագրերի մասին խոսելը դեռ վաղ է, սակայն մենք մտադիր չենք կանգ առնել ձեռք բերածի վրա եւ ուշադիր հետեւում ենք շուկայի միտումներին եւ մեր այցելուների հետաքրքրություններին:

- Ինչպե՞ս է որոշվելու «Սինեմա Սթար Դալմա Գարդեն»-ի ֆիլմացանկը:

- Ըստ էության, Հայաստանում «Սինեմա Սթար»-ի ֆիլմացանկը կտրուկ չի տարբերվի Ռուսաստանում գործող մեր կինոթատրոնների ֆիլմացանկից: Դա նշանակում է, որ համաշխարհային կինո բոլոր պրեմիերաները հասանելի կլինեն հայաստանյան հանդիսատեսի համար: Բնականաբար, ցուցադրելու ենք նաեւ հայկական ֆիլմեր:

- Ի՞նչ ծավալի ներդրումներ են կատարվել նոր կինոթատրոնի շինարարության համար:

- Ներդրումների ծավալը կազմել է շուրջ 5 մլն դոլար:

- Ե՞րբ եք նախատեսում ետ բերել ներդրված գումարները:

- Իհարկե, ցանկացած նախագծի հաջողությունը կախված է նրա ֆինանսական ցուցանիշներից, սակայն ցանկանում եմ նշել, որ այս նախագիծը, ինչպես եւ «Տաշիր»-ի բոլոր նախագծերը Հայաստանում, յուրահատուկ է մեզ համար: Այս դեպքում որպես առաջնային խնդիր մենք դիտարկում ենք կինոթատրոն այցելելու մշակույթը նոր մակարդակի հասցնելը եւ երկրում կինոյի զարգացմանը նոր թափ հաղորդելը:

Իսկ եթե խոսենք թվերի լեզվով, ապա վերադարձելիությունը կախված կլինի բազմաթիվ գործոններից, այդ թվում` կինոթատրոնի հաճախելիությունից: Նոյեմբերի 1-ին «Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնի տեխնիկական բացման պահից այցելությունների ցուցանիշը կայուն աճ է ցույց տվել: Նման տեմպերի պահպանման դեպքում մենք նախատեսում ենք ներդրումների վերադարձելիության հասնել առաջիկա մի քանի տարիների ընթացքում:

- Այցելությունների ի՞նչ մակարդակ եք ակնկալում:

- Մեր փորձը ցույց է տալիս, որ կինոթատրոնի տրաֆիկը կազմում է առեւտրի կենտրոնի ընդհանուր ցուցանիշի 20%-ը, եւ մենք ծրագրում ենք համանման ցուցանիշներ ունենալ նաեւ Երեւանում:

Դիտում՝ 21375
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai