Հայկական բիզնես կենտրոններ. այլընտրանք սեփական գրասենյակին

11.10.2013 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Բիզնես գործունեություն սկսելուց առաջ շատերի մոտ հարց է առաջանում` գնե՞լ տարածքը, թե՞ վարձակալել: Գնելը, անշուշտ, կարող է կատարյալ տարբերակ լինել, եթե կա դրա համար անհրաժեշտ գումարը: Սակայն, ոչ պակաս կատարյալ տարբերակ կարող է լինել բիզնես կենտրոնում տարածքի վարձակալությունը, ինչը կազատի գործարարին մի շարք առօրյա խնդիրներից:

Բիզնես կենտրոնն ենթադրում է ժամանակակից կառույց, որն ունի բիզնեսի վարման համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները: Միջազգային դասակարգման մեջ նման կենտրոններն ունենում են որակի 4 մակարդակ` A, B, B+ եւ C, որոնք մեծապես կապված են կառույցի տիպից, շենքի տեղակայվածությունից եւ մատուցվող ծառայությունների որակից:

Բիզնես կենտրոնների գործունեության եւ առավելությունների մասին Banks.am-ը զրուցել է «Երեւան Պլազա»-ի, «Իմպերիում պլազա»-ի եւ «Ցիտադել» բիզնես կենտրոնի ներկայացուցիչների հետ:

А դասի բիզնես կենտրոնի առանձնահատկությունները

«Երեւան պլազա». Հայաստանում գործող առաջին A դասի բիզնես կենտրոնն է: Կարգախոսը` «Comfort, Prestige, Safety»:

Գլխավոր տնօրեն Արթուր Ղազարյանի փոխանցմամբ, կենտրոնը հիմնականում տրամադրում է գրասենյակային տարածքներ իր օժանդակ ծառայություններով`ավտոկայանատեղի, ավտոլվացման ծառայություն, սննդի կազմակերպում, անվտանգության կայուն եւ բարձր համակարգ, տարածքի մաքրում, շենքում մաքուր օդի ապահովում, փոշու առկայության բացառում, ինչը մտնում է դասի պահանջների մեջ:

Բիզնես կենտրոնի տեղանքը հատուկ է ընտրված, շենքը կառուցված է բարձրորակ շինարարական նյութերով: Տնօրենի փոխանցմամբ, ծառայությունների որակի մասին խոսում են հաճախորդները, ովքեր գրասենյակային տարածք ունեն «Երեւան Պլազա»-ում: «Մեր գործունեությունը սկսել ենք մոտ 5 տարի առաջ: 3 տարի պահանջվեց ներգրավելու համար այն հաճախորդների, ովքեր ներկայում մեր վարձակալներն են»,- ասում է Արթուր Ղազարյանը: Նրա փոխանցմամբ, բիզնես կենտրոնները մեզանում այնքան էլ շատ չեն, իսկ եղածները տարբերվում են իրենց դասերով եւ մատուցվող ծառայությունների որակով:

Հայաստանում բիզնես կենտրոնում տարածք վարձակալելու մշակույթը, Արթուր Ղազարյանի կարծիքով, այնքան էլ զարգացած չէ, բայց կա զարգացման դրական միտում:
Կենտրոնում գրասենյակային տարածքի վարձակալության ցանկալի ժամկետը 10 տարին է, տարածքը վարձակալության է տրվում նաեւ 3 կամ 5 տարվա պայմանագրով: Ներկայումս շուրջ 9000 քմ տարածքը գրեթե ամբողջությամբ զբաղված է: 1 քմ տարածքի միջին գինը` 10 000 դրամ:

Աշխատակիցների համար նախատեսված սննդի կենտրոնից զատ շենքում գործում է նաեւ ռեստորան եւ բար: Արթուր Ղազարյանը կարեւորում է այն հանգամանքը, որ բիզնես կենտրոնում լինի գործարար միջավայր: «Կա նաեւ կոնֆերանսների դահլիճ, ցանկացած ձեւաչափի կոնֆերանս կարող ենք սպասարկել` ապահովելով եռալեզու թարգմանություն եւ անհրաժեշտ տեխնիկական այլ պարագաներ»,- ասում է տնօրենը:

Անդրադառնալով «գնել, թե՞ վարձակալել» հարցին` մեր զրուցակիցը նշում է. «Եթե բիզնես գործունեություն ծավալողն ուզում է ունենալ որակյալ եւ ապահով գրասենյակային տարածք, ապա գնելը միշտ չէ որ տնտեսական առումով շահեկան է: Հարցը պետք է դիտարկել տնտեսական արդյունավետության տեսանկյունից. գումարը ներդնել գրասենյակի գնման, վերանորոգման եւ կահավորման մեջ, թե՞ վարձել տարածք արդեն իսկ գործող բիզնես կենտրոնում»:

Կենտրոնի հաջողության գրավականը տնօրենը համարում է «շենքի բոլոր համակարգերի անխափան եւ սպասարկող անձնակազմի նվիրված աշխատանքը, վարձակալներին առավել հարմարավետ պայմաններով ապահովելը»:

Հաճախորդի հետ աշխատելու ռազմավարությունը

«Ցիտադել» բիզնես կենտրոն - Հայաստանում Լեդա Քեմփուս ՍՊԸ մասնաճյուղ. 2006 թվականից գործում է որպես բիզնես կենտրոն: Գլխավոր տնօրենի տեղակալ Սարգիս Կարապետյանը պատմում է, որ կենտրոնը կառուցվել է եւ հարկ-հարկ հանձնվել շահագործման: Հիմանական շինարարությունը ավարտվել է 2008-ին: «Համարվում է А դասի բիզնես կենտրոն, ներառում է հիմնական բոլոր ենթակառուցվածքները: Դեռեւս ավարտված չէ կոնֆերանսների դահլիճի շինարարությունը, որը առաջիկա ծրագրերի մեջ է»,- ասում է փոխտնօրենը:

Կենտրոնի ընդհանուր մակերեսը մոտ 10 հազար քմ է, որից 5 հազարը բաժին է հասնում գրասենյակային վարձակալվող տարածքներին: Այս պահին կենտրոնն ամբողջությամբ ծանրաբեռնված է: 1 քմ-ի միջին գինը 9000 դրամ է, որը ներառում է բոլոր կոմունալ ծախսերը` բացառությամբ ինտերնետի եւ ֆիքսված հեռախոսի վարձավճարի:

«Երբ սկսեցինք, դաշտում գրեթե մենաշնորհային դիրքում էինք: Որպես ամերիկյան կազմակերպություն` հիմնականում օգտվել ենք բիզնես կենտրոնների ամերիկյան փորձից»,- ասում է գլխավոր տնօրենի տեղակալը:
Սարգիս Կարապետյանի փոխանցմամբ, հիմնական վարձակալները միջազգային ընկերություններն են: Նրա կարծիքով, գրասենյակային տարածք գնելն ավելի շահեկան է, բայց, «հավանաբար, հաշվի առնելով ինչ-որ ռիսկեր, միջազգային կազմակերպությունները գերադասում են երկրորդ-երրորդ կարգի երկրներում սեփականություն չունենալ»,- ասում է փոխտնօրենը:

Բիզնես կենտրոնում տարածք վարձակալելու առավելությունը, մեր զրուցակցի փոխանցմամբ, լրացուցիչ տնտեսական հարցերով զբաղվելու անհրաժեշտության բացակայությունն է. «Վարձակալը մտածում է միայն իր աշխատանքի մասին, իսկ հավելյալ կազմակերպչական խնդիրները լուծում է բիզնես կենտրոնը»: Կենտրոնում գործում են սրճարաններ, ճաշարան, բանկեր, գեղեցկության սրահներ եւ ատամնաբուժարան, որոնցից օգտվում են նաեւ մյուս վարձակալները: Փոխտնօրենը նշում է, որ հիմնական խնդիրը կապված է ավտոկայանման հետ. «Կենտրոնն ունի սեփական ավտոկայանատեղի, բայց բոլոր վարձակալների համար այն բավարար չէ»:

Անդրադառնալով բիզնես կենտրոնների թվի աճին` մեր զրուցակիցը նշում է, որ «դա  խթանում է մրցակցությունը, բնականաբար, ազդում է նաեւ մեր գնային քաղաքականության վրա, երբ նոր էինք սկսել, շուկան մեզ անծանոթ էր, մատչելի գներ էինք սահմանել, սակայն 2-3 տարի անց ունեցանք գների 20-25% աճ, իսկ հիմա կրկին նվազում է` հասնելով նախկին գներին»:

Հաջողության հասնելու համար Սարգիս Կարապետյանը կարեւորում է «գործընկերների հետ ազնիվ լինելն ու ծառայությունների որակը միշտ բարձր մակարդակի վրա պահելը` առաջնորդվելով «հաճախորդը միշտ ճիշտ է» կարգախոսով»:

Բիզնեսի զարգացման նորաբաց «դարպասները»

«Իմպերիում պլազա». հիմնադրվել է 2010-ին, պաշտոնապես գործում է 2012-ի հունիսից: Կարգախոսը` «Ձեր բիզնեսի զարգացման դարպասները»:

Կենտրոնի փոխտնօրեն Անգին Սարգսյանը դասային աստիճանն այնքան էլ ճիշտ չի համարում, բայց վարձակալների եւ իր կարծիքով, «մատուցվող ծառայությունները բարձրորակ են»:

Ընդհանուր տարածքը 5600 քմ է: Կան նաեւ առեւտրային տարածքներ: 1 քմ-ի միջին գինը 9000 դրամ է: Ներկայումս կենտրոնը ծանրաբեռնված է գրեթե 85%-ով: Վարձակալության հանձնվող գրասենյակի նվազագույն տարածքը 42 քմ է, իսկ առավելագույն` 65 քմ, առեւտրային տարածքի չափերը տատանվում են 130-500 քմ եւ ավելի սահմաններում:

Գնի մեջ ներառված է օդափոխությունը, ջեռուցումը, տարածքի մաքրումը, վերելակի սպասարկումը: Յուրաքանչյուր գրասենյակի տրամադրվում է 1 անվճար ավտոկայանատեղի:

Գնային քաղաքականությունը որոշելիս կարեւորվել է շուկայի համապատասխանությունը եւ երկրի տնտեսական վիճակը: Անգին Սարգսյանի փոխանցմամբ, տարածքի վարձակալությունն ավելի ճկուն է բիզնեսի առումով: Բիզնես կենտրոնի հիմնական վարձակալները միջազգային ընկերություններ են: Կան հաճախորդներ, որոնց համար կարեւոր է, թե ովքեր են մյուս վարձակալները:

«Վարձակալների ներգրավման համար էական քայլերի չենք դիմել, գովազդ արել ենք բացվելուց մեկ տարի անց, երբ շենքն արդեն 75%-ով հագեցած էր»,- ասում է փոխտնօրենը:

Վերջինս հաջողության հասնելու համար կարեւորում է բիզնես կենտրոնին անհրաժեշտ չափանիշների առկայությունն ու վարձակալի հանդեպ կիրթ վերաբերմունքը:

Սիրանուշ Եղիազարյան

Դիտում՝ 9759
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai