Ն.Կարամանուկյան. «Անելիք Բանկի ռազմավարությունը փոփոխությունների կենթարկվի»

08.10.2013 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի բացառիկ հարցազրույցը Banks.am-ին

- Պ-ն Կարամանուկյան, վերջերս լիբանանյան Credit Bank-ը դարձավ Անելիք Բանկի միանձնյա սեփականատեր: Ի՞նչ ազդեցություն կունենա այդ փաստը բանկի ռազմավարության վրա:

- Նախ նշեմ, որ Credit Bank-ը Անելիք Բանկի բաժնետոմսեր ձեռք է բերել դեռեւս 2009 թվականին եւ տարիների ընթացքում իր բաժնեմասն ավելացրել է`2012 թ.-ին  դարձնելով 90 %, իսկ վերջերս Credit Bank-ը ձեռք բերեց նաեւ վերջին 10 %-ը, դառնալով Անելիք Բանկի միակ սեփականատերը: Բնականաբար, Անելք Բանկի ռազմավարությունը փոփոխությունների կենթարկվի` իր գործունեության մեջ ներառելով սեփականատեր Credit Bank-ի զարգացման տեսլականը:

Նշեմ, որ Credit Bank-ը լիբանանյան բանկային հատվածում ամենաարագ զարգացող բանկն է, որը վերջին տարիներին երկու անգամ անընդմեջ արժանացել է «Լավագույն ֆինանսական աճ» եւ «Ամենաարագ աճ» մրցանակներին: Իհարկե, ամեն ինչ անելու ենք, որ Credit Bank-ի ցուցանիշներին հասնենք նաեւ Անելիք Բանկում:

- Ժամանակին Անելիք Բանկը հիմնական շեշտը դնում էր ՓՄՁ ֆինանսավորման վրա: Մտադի՞ր եք նոր շունչ հաղորդել այս ուղղությանը:

- Իրավացի եք, Անելիք Բանկը հայաստանյան բանկային ոլորտում առաջիններից էր, որ դեռեւս 1996թ.-ին ՓՄՁ զարգացմանն ուղղված վարկային ծրագրի շրջանակներում,  համագործակցելով Եվրասիա հիմնադրամի հետ, սկսեց ֆինանսավորել փոքր եւ միջին բիզնեսը: Ոլորտի ֆինանսավորումը բանկն այնուհետեւ շարունակել է  Գերմանա-հայկական հիմնադրամի, Եվրոպական զարգացման եւ վերակառուցման բանկի, միջազգային ու տեղական այլ ֆինանսական կառույցների վարկային ծրագրերի շրջանակներում:  

Այս պահին փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման ուղղությամբ կատարված քայլերը չեմ կարող բավարար գնահատել: Պարզապես պետք է նշեմ, որ ամեն ջանք գործադրելու ենք բանկային նոր ծառայությունների եւ գործիքների միջոցով մեր վարկային պորտֆելում ՓՄՁ վարկավորման տեսակարար կշիռն ավելացնելու, այն մեր կողմից իրականացվող վարկավորման հիմնական ուղղություն դարձնելու համար: Իմ համոզմամբ, դրա համար մենք ունենք անհրաժեշտ ֆինանսական միջոցներ եւ պատրաստ ենք բանկային նոր ու ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկի հաճախորդներին առաջարկել ավելի արագ, ընդգրկուն եւ փոխշահավետ համագործակցության պայմաններ:

- Անելիք Բանկն ավելի հայտնի է որպես կորպորատիվ հաճախորդներին սպասարկող բանկ եւ ակտիվ չէր մանրածախ բանկային ծառայությունների, սպառողական վարկավորման ոլորտում: Հնարավոր համարու՞մ եք նոր ռազմավարության կիրառումը բանկային մանրածախ բիզնեսում:

- Անելիք Բանկն ունիվերսալ բանկ է, որն իր ծառայություններն է մատուցում բոլոր հաճախորդներին, այդ թվում` նաեւ կորպորատիվ: Բանկի վերջին շրջանի գործունեության մեջ պատշաճ ուշադրություն չի դարձվել մանրածախ բիզնեսի զարգացմանն ուղղված ծրագրերին, այս առումով Անելիք Բանկը պասիվություն է հանդես բերել: Նոր ռազմավարության մեջ առաջնային են լինելու հենց ՓՄՁ եւ մանրածախ բանկային ծառայությունների մատուցման  ոլորտները: Այս առումով, անկասկած, մեծ է լինելու Credit Bank-ի գործուն աջակցությունը`փորձի փոխանցման, ծրագրային եւ այլ տեխնիկական ապահովվածություն տրամադրելու առումով:    

- Ի՞նչ դիրք է զբաղեցնում Credit Bank-ը լիբանանյան բանկային համակարգում եւ ինչպիսի՞ն է վերջինիս ներգրավվածությունը միջազգային ֆինանսական շուկաներում: Իրատեսակա՞ն եք համարում Credit Bank-ի ներուժի օգտագործումը հայ-լիբանանյան բիզնես-կապերի աշխուժացման տեսանկյունից:  

- Լիբանանյան բանկային համակարգի մասին խոսելիս, նախ ցանկանում եմ նշել, որ Լիբանանը 4 մլն բնակչություն ունեցող երկիր է, 37 մլրդ ԱՄՆ դոլար ՀՆԱ ունեցող այդ երկրում բանկային սեկտորի ակտիվները 180 մլրդ ԱՄՆ դոլար են, ավանդները` 130 մլրդ ԱՄՆ դոլար: Այս թվերը մասնագետներին շատ բան են ասում: Ավելացնեմ նաեւ, որ լիբանանյան բանկային համակարգը գերզարգացած է եւ մեծ: Լիբանանը, եթե ոչ հարյուրամյակներ, ապա հաստատապես տասնամյակներ շարունակ եղել է տարածաշրջանի ֆինանսական կենտրոնը եւ Credit Bank-ն այնտեղ ձեւավորված ավանդույթների կրողն է: Արդեն նշեցի, որ Credit Bank-ն ամենաարագ աճն է գրանցել Լիբանանի բանկային համակարգում, ակտիվների մեծությամբ այն արդեն ոլորտի առաջին տասնյակում է:

Ինչպես լիբանանյան բանկային համակարգի այլ ներկայացուցիչներ, այնպես էլ Credit Bank-ն իր միջոցների 25%-ը տեղաբաշխել է արտերկրում` միջինարեւելյան, աֆրիկյան եւ այլ երկրներում: Ավելացնեմ, որ Լիբանանի եւ Հայաստանի բիզնես միջավայրերը բավականին շատ նմանություններ ունեն: Երկու երկրներում էլ մասնավոր հատվածը երկրի տնտեսության մեջ մեծ տեսակարար կշիռ ունի:

Ինչ վերաբերվում է հայ-լիբանանյան բիզնես-կապերի աշխուժացմանը, պետք է հաշվի առնել հայ գործարար շրջանակների ակտիվ համագործակցության հանգամանքը լիբանանյան համապատասխան ոլորտի ներկայացուցիչների հետ: Կարծում եմ, հենց այդ համագործակցության շնորհիվ էլ հնարավոր կլինի ակտիվացնել երկու երկրների փոխգործակցությունը տնտեսության ինչպես ֆինանսական, այնպես էլ իրական հատվածում:  

- Ելնելով ֆինանսատնտեսական ոլորտում Ձեր աշխատանքի հարուստ փորձից՝ ինչպե՞ս կգնահատեք մեր երկրի իրական եւ ֆինանսական հատվածների համագործակցության արդյունավետությունը: Բավարա՞ր եք համարում կապը նշված  երկու հատվածների միջեւ:

-  Եկեք խնդրին նայենք համեմատության մեջ: Ընդամենը 10 տարի առաջ Հայաստանում վարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում էր 12 %, այսօր այն դարձել է մոտ 45 %: Այս ցուցանիշին հնարավոր է եղել հասնել ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի եւ ողջ բանկային ոլորտի ջանքերով, ինչպես նաեւ բանկային համակարգի եւ իրական հատվածի միջեւ փոխադարձ վստահությունը մեծացնելու ուղղությամբ կատարված մեծածավալ աշխատանքի շնորհիվ: Իհարկե, սա շատ հեռու է բավարար լինելուց: Վստահ եմ, որ թե՛ բանկային,  թե՛ իրական հատվածների համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի էլ ավելի սերտացնել ինչպես տնտեսության այդ երկու հատվածների փոխադարձ կապը, այնպես էլ կապը բնակչության հետ:   

- Վերջին շրջանում շատ է խոսվում որակյալ կադրերի սակավության մասին, ինչը, բնականաբար, լուրջ մարտահրավեր է  յուրաքանչյուր բիզնես-ոլորտի, այդ թվում` բանկերի համար: Որքանով «ցավոտ» այս հարցը Ձեզ համար եւ ինչպե՞ս լրացնել այս բացը:  

- Ցավոք, ճիշտ եք` որակյալ կադրերի պակաս ամենուր է զգացվում, սակայն, ի պատիվ բանկային համակարգի, պետք է ասեմ, որ հայաստանյան աշխատաշուկայում բանկային ոլորտը թափանցիկներից մեկն է եւ համակարգի ներկայացուցիչները համեմատաբար բարձր են վարձատրվում: Ոլորտը նաեւ ամենականոնակարգված է: Իհարկե, բանկային համակարգի անընդհատ զարգացմանը զուգընթաց որոշ ներբանկային նեղ մասնագետների պակաս է զգացվում: Սակայն այդ բացը լրացվում է ինչպես մեր բարձրագույն ուսումնական հաստատությունների, այնպես էլ Ֆինանսաբանկային քոլեջի շրջանավարտներով համալրելու միջոցով: Ի դեպ, վերջինս ստեղծվել է միջազգային համաձայնագրերի հիման վրա, հատկապես ֆինանսական հատվածի զարգացմանն աջակցելու նպատակով:

Հատկանշական է, որ բազմաթիվ միջազգային ֆինանսական կառույցներ Հայաստանում կազմակերպում են վերապատրաստման, վերաորակավորման դասընթացներ, ինչի արդյունքում հնարավոր է դառնում ունենալ որակյալ, կրթված, հմուտ եւ միջազգային փորձին քաջատեղյակ բանկային մասնագետներ:

- Յուրաքանչյուր նոր նշանակում ենթադրում է կառավարման «սեփական» մոտեցումների կիրառում:  Այս առումով՝ ստանձնելով բանկի ղեկավարի պաշտոնը, ի՞նչ փոփոխություններ եք պատրաստվում իրականացնել:

- Ես կոլեգիալ կառավարման կողմնակից եմ: Չթերագնահատելով յուրաքանչյուրի դերը կառավարման ցանկացած մոդելի մեջ` առաջին հերթին, կարեւորում եմ ղեկավարի գլխավորությամբ գործող աշխատանքային թիմի համակարգված գործունեությունը, որով էլ պայմանավորված են ձեռքբերումները:

Անելիք Բանկի ներկա կառավարման համակարգում մինչեւ հաջորդ տարվա սկիզբ կատարվելու են փոփոխություններ, ներդրվելու է նոր կառուցվածք, որը մշակելու համար Credit Bank-ը ներգրավել է արտաքին խորհրդատու: Կառուցվածքը համահունչ է լինելու Credit Bank-ի կառավարման համակարգին, որպեսզի ապահովվի երկու բանկերի համապատասխան բաժինների եւ ստորաբաժանումների արդյունավետ փոխգործակցությունը:    

Ներսես Կարամանուկյանի հետ զրուցել է Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 11428
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW