Ալֆա Ֆարմ. Մեր ցանցում կեղծ դեղերի իրացումը բացառված է

23.04.2013 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մարտ ամսին հրապարակեց 2012 թ-ի տարեկան զեկույցի հերթական մասը, որը վերաբերում էր Առողջապահության նախարարության գործունեությանը: Ի թիվս առողջապահության ոլորտում առկա այլ խնդիրների, զեկույցում նշվում էր, որ Հայաստանում խիստ մտահոգիչ է շրջանառվող դեղերի որակի հսկողության մեխանիզմի բացակայությունը: Զեկույցում նշվում էր, որ բացակայում է նաեւ վերոնշյալ հարցը կարգավորող հատուկ մարմինը, ինչի արդյունքում վտանգվում է մի շարք մարդկանց առողջությունը:

ՄԻՊ-ի զեկույցում առկա մտահոգությունների շուրջ Banks.am պորտալը զրուցել է «Ալֆա ֆարմ» դեղագործական ընկերության տնօրեն Արթուր Գրիգորյանի, իրավախորհրդատու Արթուր Խաչատրյանի, կոմերցիոն տնօրեն Հարություն Շատվորյանի, տնօրենների խորհրդի նախագահ Արտյոմ Հովհաննիսյանի հետ:

- Ձեր ընկերության կողմից շրջանառության մեջ դրվող դեղերի նկատմամբ ի՞նչ վերահսկողություն է կատարվում, նախքան դեղերի մատակարարումն ու վաճառքն ո՞ւմ կողմից է հավաստվում, որ արտադրանքի յուրաքանչյուր սերիան արտադրվել եւ որակի հսկում է անցել «պատշաճ արտադրական գործունեության» կանոնների համաձայն:

Արթուր Գրիգորյան. - Ինչպես գիտեք, Հայաստանում սպառվող դեղորայքի 90%-ից ավելին ներկրվում է, իսկ ներկրման փուլում, նախքան մաքսազերծումը, դեղորայքն անցնում է հատուկ լաբորատոր ստուգում եւ փորձաքննություն:
 
Հայաստանի Հանրապետություն դեղեր, դեղանյութեր եւ դեղատնային պարագաներ ներմուծելիս, ՀՀ օրենսդրության համաձայն, ընկերությունը ներմուծման հայտով դիմում է Առողջապահության նախարարություն` թույլատվություն ստանալու համար: ՀՀ ԱՆ-ը եւ ՀՀ ԱՆ «Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ն իրականացնում են փաստաթղթային եւ լաբարատոր փորձաքննություն, որի դրական արդյունքի դեպքում տրվում է ներմուծման հավաստագիր:

Մաքսային պահեստն անցնելուց հետո դեղորայքը տեղափոխվում է մեր ընկերության պահեստ, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով եւ օդորակման համակարգով, ինչը թույլ է տալիս ստեղծել դեղորայքի պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճանային եւ խոնավության պայմաններ: Դեղերի առաքումը դեղատուն կազմակերպվում է հատուկ մեքենաներով` պահպանելով անհրաժեշտ ջերմաստիճանային պայմանները: Ինչ վերաբերում է արտադրությանը, ապա մեր արտադրողներն ունեն հատուկ լաբորատորիաներ, որտեղ ապահովում են որակի վերահսկողությունը:

Իրականում չեմ կիսում այն մտահոգությունը, թե ոլորտը վտանգավոր է մարդու առողջության համար: Մտահոգությունը կարող է լինել չնչին մակարդակի. մեր ցանցում դա բացառված է:

Արթուր Խաչատրյան. – ՀՀ ԱՆ Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տվյալներով , վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում կեղծ դեղ չի սպառվել:

Արթուր Գրիգորյան. – Այստեղ պետք է տարբերենք կեղծ եւ չգրանցված դեղորայքը: Հայաստանում գրանցված է ընդամենը 4000 անուն դեղորայք, մինչդեռ աշխարհում այն մի քանի անգամ ավելի շատ է: Մեր շուկայի փոքր լինելու պատճառով արտադրողները շահագրգռված չեն շատ տեսականի գրանցել: Հաճախ լսած կլինեք, որ բժիշկն ինչ-որ դեղ է նշանակել, բայց մարդիկ այն չեն գտնում: Իսկ փոքրիկ դեղատները, որոնք բրենդի համար անհանգստանալու կարիք չունեն, իրենց թույլ են տալիս նաեւ չգրանցված դեղորայք վաճառել, ինչը չի նշանակում, որ այն կեղծ է կամ մարդու առողջության համար վնասակար. դա պարզապես ապօրինի գործունեություն է:

Հարություն Շատվորյան. - Մեր ներքին վերահսկողությունն ուղղում ենք որակյալ դեղորայք մատակարարելու վրա, որակի ստուգման խնդիր չունենք, քանի որ նախքան մեզ հասնելն այն մի քանի անգամ ստուգվում է: Դա վերաբերվում է մեր տեսականու մոտ 60%-ին, իսկ մնացած 40%-ը մենք ձեռք ենք բերում ներքին շուկայից, դրանք նույնպես ներմուծվում են: Ունենք նաեւ մանկական կերեր, տակդիրներ եւ այլ պարագաներ, որոնք ներմուծվում են տարբեր ընկերություններից եւ ունեն սերտիֆիկատներ: Այսքան ժամանակ մեր դեղատներում որակի հետ կապված որեւէ խնդիր չի առաջացել:

 - Ի՞նչ պահանջներով է իրականացվում որակի հսկողությունը:

Արթուր Գրիգորյան. - Առաջնահերթ կարեւորություն է տրվում պահպանման ժամկետներին, անհրաժեշտ օդորակման ու ջերմաստիճանային պայմաններին: Հաճախորդներին գրագետ սպասարկելու համար կարեւորում ենք նաեւ աշխատողների պատրաստվածությունը, ինչի առթիվ նրանց համար կազմակերպում ենք շարունակական դասընթացներ:

- Ինչպե՞ս եւ ու՞մ կողմից է որոշվում ժամկետանց դեղերի «ճակատագիրը», եւ, այս առումով, ի՞նչ ընթացակարգ է նախատեսված ժամկետանց արտադրանքը շրջանառությունից դուրս բերելու համար: Ձեր ընկերության դեպքում հաճա՞խ է իրականացվում նման ընթացակարգ, եւ որքանո՞վ է այն ազդում եկամտաբերության վրա:

Արթուր Գրիգորյան. - Պայմանագրերով մենք, որպես կանոն, սահմանում ենք դեղի նվազագույնը 80% կյանքի տեղատվության պահանջը, օրինակ` եթե դեղի ժամկետը 4 տարի է, ապա 80%-ը կազմում է 3 տարի:

Արթուր Խաչատրյան. – Օրենքով արգելվում է մեկ տարուց պակաս ժամկետ ունեցող դեղ ներմուծել Հայաստան: Երբեմն լինում են բացառիկ դեպքեր, երբ նախարարի հատուկ հրամանով դա թույլ է տրվում:

Հարություն Շատվորյան. – Ժամկետանց դեղերի ճակատագիրը որոշվում է դեղի վրա գրված վերջնաժամկետով: Երբ այն հատում է պիտանելիության ժամկետը, հանում ենք վաճառքից, ժամկետանց դեղորայքը հետ է գալիս պահեստ, կազմվում է հատուկ արձանագրություն եւ դեղորայքն ուղարկվում է ոչնչացման, ինչը հատուկ կարգով իրականացվում է լիցենզավորված կառույցի կողմից:

Արթուր Գրիգորյան. – Ինչ վերաբերում է եկամտաբերության վրա ունեցած ազդեցությանը, ապա մեր ընկերության դեպքում այն աննշան է: Մենք բավականին լուրջ ներդրումներ ենք կատարել, 250 հազար եվրոյի հատուկ լոգիստիկ ծրագիր ենք գնել, որով ցանկացած պահին, դեղատանը, պահեստում եւ անվամբ կարող ենք հետեւել ժամկետներին:

Հարություն Շատվորյան. - Մինչեւ դեղի վերջնաժամկետի մոտենալը մենք այն էժան գնով վաճառում ենք, լինում են նաեւ դեպքեր, որ նախքան ժամկետի ավարտը նվիրում ենք Առողջապահության նախարարությանը կամ այլ կազմակերպությունների:

Արթուր Գրիգորյան. – Ի դեպ, այս առումով ՀՀ օրենսդրությունն անկատար է. երբ մենք դեղ ենք ներկրում, ինչպես եւ ներկրվող ցանկացած ապրանք, սահմանին հարկ ենք վճարում, որը հետագայում նվազեցվում է վաճառած դեղի դիմաց գոյացած հարկից: Իսկ երբ ժամկետանց դեղը դուրս ենք գրում, պետությունը սահմանին վճարած հարկը հետ չի վերադարձնում: Սա հարկային կոշտ վարչարարություն է, որպեսզի ընկերություններն ավելորդ մեքենայությունների չդիմեն: Սակայն, հաշվի առնելով, որ դեղորայքի շուկայում ոչնչացումը հնարավոր է միայն հատուկ կառույցների միջոցով, պետությունը կարող է վերահսկել այն:
 
Լինում են դեպքեր, երբ նույն դեղից ներկրում են նաեւ շուկայի մյուս խաղացողները, այս դեպքում պետք է գինն իջեցվի` ընդհուպ մինչեւ ինքնարժեքից ցածր, ինչից, բնականաբար, կօգտվի սպառողը: Բայց երբ գինն իջեցնում ենք, պետությունը դա հաշվի չի առնում` ասելով, որ ներմուծողը «լավությունն» ինքն իր հաշվին պետք է անի:

 - Այս ոլորտում շատ հարցեր կարգավորվում են որոշումների հիման վրա, ներկայումս փորձ է արվում դրանք հավաքել մեկ օրենսդրական փաթեթում: Հետաքրքիր է լսել Ձեր կարծիքն այդ մասին:

Արթուր Խաչատրյան. - Մեր գնահատականն արդեն տվել ենք. այստեղ մի շարք կետեր կան, որ չպետք է ընդգրկվեն փաթեթում: Եթե օրենքն ուժի մեջ մտնի, ապա հետագայում օրենսդրական փոփոխությունն ավելի բարդ է լինելու, քան կառավարության որոշումը:

-Կմանրամասնեք՝ ո՞ր կետերը, ըստ Ձեզ, չպետք է ընդգրկվեն փաթեթում:

Արթուր Խաչատրյան. - Օրինակ, օրենքի նախագծում նշված է, որ 100% պետական բաժնեմաս ունեցող ընկերությունը` Փորձագիտական կենտրոնն է իրականացնելու փորձաքննություն, դեղերի գրանցում, շրջանառության ոլորտում մասնագիտական դիտարկում, իրավական ակտերի նախագծերի մշակում, արտադրատարածքների դիտարկում, ոլորտի վերահսկողություն, ստուգումներ, ինչպես նաեւ այլ գործառույթներ: Ստացվում է, որ դեղերի շրջանառության կարգավորման ամբողջ գործառույթը գտնվում է ՀՀ ԱՆ-ին պատկանող, շահույթ հետապնդող ընկերության` Փորձագիտական կենտրոնի ձեռքում:

Կամ, ասենք, դեղերի գների պետական կարգավորումը եւ հսկումը. անհասկանալի է` ինչպե՞ս պետք է կարգավորվեն շուրջ 4000 անվանում ունեցող ոլորտի գներն այն դեպքում, երբ գնագոյացման գործոնները բազմաթիվ են եւ հաճախ փոփոխվող:

Նշեմ նաեւ դեղերի գրանցման կետը: Դեղերի գրանցման ամբողջ գործընթացը ընդգրկվել է օրենքում, որտեղ կան բազմաթիվ վիճարկելի կետեր: Ներառվել է նաեւ հայտատուի եւ կատարողի պայմանագրային իրավահարաբերությունը, որը ավելորդ է եւ կարգավորվում է այլ օրենքներով: Այդ հոդվածը ամբողջովին ենթակա է փոփոխման:

Նշենք, որ այդ օրենքի վերաբերյալ մեր ընկերությունը ներկայացրել է 28 կետից բաղկացած առաջարկություններով գրություն: Մեր տեսանկյունից, օրենքը ճկուն չի լինելու: Կարող ենք հիմքերը դնել օրենքով, բայց մնացածը կարգավորվի կառավարության որոշումներով:

Զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի:

Դիտում՝ 5904
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai