Հայաստանի բանկային համակարգը նկարչուհու գունապնակում

19.04.2013 | 15:53 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Պրոմեթեյ Բանկի Կորպորատիվ հաճախորդների սպասարկման սրահի մենեջեր Մարգարիտա Մարգարյանի հարցազրույցը Banks.am պորտալին

- Մարգարիտա, վերջերս հաղթող եք ճանաչվել Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպած 17-րդ ստեղծագործական մրցույթում եւ ընտրվել շուրջ 40 դիմորդներից լավագույնը: Պատմեք մի փոքր մրցույթի մասին. ինչպե՞ս եղավ Ձեր մասնակցությունն ու ի՞նչ ակնկալիքներ ունեիք նախքան այդ:

- Մասնակցությունից առաջ կասկածում էի, որ կընտրվեմ, քանի որ արդեն աշխատում էի բանկային համակարգում, ինչը շատ տարբեր է այդ մրցույթի բնույթից: Առհասարակ, հետաքրքրվում էի խաղալիքների դիզայնով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպած նմանատիպ սեմինարների եւ ցուցահանդեսի արդեն մասնակցել էի, երբ իմացա Ձեր նշած ստեղծագործական մրցույթի մասին: Կենսագրականս ուղարկեցի, որից հետո դրական պատասխան ստացա: Ակնկալիքներս զուտ նոր գիտելիքներ ստանալն ու հետաքրքիր մարդկանց հետ շփումն էր:

- Հատուկ կարիքներով երեխաների խաղալիքների դիզայնը մեզանում այնքան էլ տարածված չէ.  ինչպե՞ս այն գրավեց Ձեզ, եւ, առհասարակ, ե՞րբ եք սկսել զբաղվել նկարչությամբ ու դիզայնով:

-Ինքս մասնագիտությամբ իրավաբան եմ, նկարչությամբ սկսել եմ զբաղվել դպրոցական վերջին տարիներին, իսկ դիզայնով` ուսանողական, հետագայում ինձ ավելի շատ սկսեց հետաքրքրել խաղալիքների, հատկապես հատուկ կարիքներով երեխաների խաղալիքների դիզայնը: Ինչպես նշեցիք, մեր շուկայում այն այնքան էլ տարածված չէ, նմանատիպ սեմինարներից մեկին մասնակցելով՝ ծնվեց հետաքրքրությունը: Երբ երեխան որեւէ խնդիր ունի, նրա համար ստեղծված հատուկ խաղալիքով կարելի է վերացնել խոցելի կետը: Նախքան խաղալիքի պատրաստումը պետք է անցնել նաեւ հոգեբանական դասընթացները, ինչը թույլ կտա ավելի խորքային տեսնել երեխայի խնդիրներն ու պահանջները, հասկանալ նրա հոգեբանությունը:
 
- Իսկ ի՞նչ նյութերից եք պատրաստում խաղալիքները:

- Նյութի սահմանափակումներ այստեղ չկան, օրինակ` հին բաժակներ, իրեր, թափոններ, որոնք վտանգավոր չեն երեխաների համար: Սա նպաստում է նաեւ խաղալիքի մատչելի լինելուն: Օրինակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի 17-րդ ստեղծագործական մրցույթի ժամանակ մեզ տալիս էին մեծ արկղերով իրեր, որոնցից պետք է պատրաստեինք խաղերը:

- Ո՞րն է եղել այն խաղալիքը, որի արձագանքն առանձնահատուկ տպավորիչ էր Ձեզ համար:

- Երեխաները չեն արձագանքում, հաճախ դա անում  են ծնողները կամ նրանց հետ աշխատող մասնագետները: Օրինակ, Գերմանիայի մի  կենտրոնում, որտեղ հատուկ կարիքներով 6-7 տարեկան երեխաններ էին, ինձ խնդրեցին կազմակերպել խաղ, որն երեխաներին կմիավորի մեկ տեղում: Այդ երեխաներից մեկն աուտիզմով հիվանդ էր, կային նաեւ ձեռքի եւ ոտնաթաթի հետ խնդիր ունեցողներ:

Կտորից խաղահրապարակ ստեղծեցի, որը բաղկացած էր ծիածանի գույներից, երեխանները պետք է վերցնեին կտորները, մոտեցնեին եւ սարքեին խաղահրապարակ, գունավոր գնդակները պետք է դնեին կտորի մեջ եւ մի ծայրից մյուսը հասցնեին` աշխատեցնելով ոտքերը կամ ձեռքերը. սա շատ պարզ խաղ է, որը վարժություն էր նրանց համար: Երբ վերադարձա, ինձ նամակ էին գրել` հայտնելով, որ այն բազմաթիվ ֆունկցիաներով են օգտագործում, երեխաները արտասանում են նաեւ գույները, կարողանում շփվել միմյանց հետ, աշխատեցնել ձեռքերն ու ոտնաթաթերը:  

- Ձեր ստացած գիտելիքները Հայաստանում պատրաստվո՞ւմ եք կիրառել:

- Գեղագիտության ազգային կենտրոնում նկարչություն եմ սովորել, կցանկանայի պայմանավորվել եւ շաբաթը մեկ անգամ փորձի փոխանակում կատարել ուսանողների հետ, որ հետագայում նրանք եւս ծանոթ լինեն այդ գործին:

- Իսկ ցուցահանդես կազմակերպելու մասին մտածե՞լ եք:

- Հետաքրքիր կլիներ կազմակերպել ցուցահանդես բանկային աշխատակիցների համար, որտեղ բոլորը կներկայացնեին իրենց կատարած աշխատանքները: Այժմ տանն ունեմ մի փոքր անկյուն, որտեղ իմ պատրաստած աշխատանքներն են: Ունեմ մի քանի կավե աշխատանք, որոնք դեռեւս կիսատ են: Փորձում եմ զբաղվել նաեւ վիտրաժով, որը մի քիչ դժվար է եւ ժամանակատար:

- Մարգարիտա, ստեղծագործ մարդուն ի՞նչն է պահում բանկային համակարգում:

- Բանկի կայունությունն ու արվեստից միանգամայն տարբեր լինելը: Այս աշխատանքն ինձ թույլ է տալիս զբաղվել նրանով, ինչով ուզում էի: Եթե հիմա լինեի արվեստի բնագավառում, սահմանափակումներ կլինեին, իսկ այսպես ես ստեղծագործական ազատություն ունեմ, չունեմ պատվիրատու: Բանկում ես աշխատում եմ գումար, ինչը թույլ է տալիս ունենալ անհրաժեշտ պարագաները ազատ ժամանակ իմ սիրած գործով զբաղվելու համար:

- Արվեստից բացի ի՞նչ նախասիրություններ ունեք:

- Սիրում եմ ձիավարություն, ի դեպ, կան ձիավարության հիպոթերապիայի միջոց` խնդիրերով երեխաների համար: Փորձում եմ նաեւ շատ ժամանակ անցկացնել ընկերներիս հետ, ինչը ստեղծագործական նոր ուժ է տալիս:

- Հայաստանի բանկային համակարգն ի՞նչ գույներով կներկայացնեիք:

- Այս շրջանի համար երեւի կընտրեի կանաչը. այն նոր եւ զարգացող գույն է, որն ունի իր ճանապարհը:

- Իսկ առհասարակ ի՞նչ գույներ եք նախընտրում:

- Մուգ կապույտ եւ կարմիր. կապույտը խորը գույն է, կարմիրը` համարձակության նշան: Իսկ նկարելիս գունային սահամանափակում չունեմ:

Մարգարիտա Մարգարյանի հետ զրուցել է Սիրանուշ Եղիազարյանը:


Դիտում՝ 3645
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai