«Դեռ շատ ձախողումներ կլինեն», Banks.am-ին ասել է Նոբելյան մրցանակակիրը

18.12.2012 | 12:30 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Նոբելյան մրցանակակիր, տնտեսագետ Քենեթ Էրոուն ծնվել է 1921 թ-ին ԱՄՆ-ում: Դասախոսել է Չիկագոյի, Սթենֆորդի, Հարվարդի համալսարաններում: Համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդող շրջանի նեոդասական տնտեսական տեսությունը առաջ քաշող կարեւորագույն կերպարներից մեկը: 1972 թ-ին «Հավասարակշռության ընդհանուր տեսության մեջ նորարարական ներդրման համար» արժանացել է Նոբելյան մրցանակի:

- 1972 թվականին Դուք ստացել եք Նոբելյան մրցանակ «անհնարինության տեսության» համար: Կխնդրեի հակիրճ ներկայացնել այն մեր ընթերցողին:

- Անհատներն ունեն նախընտրություններ հասարակության տարբեր շերտերում:

Հավասարության սկզբունքից բացի, անհատները նախընտրում են արդյունք, որը բավարարում է նրանց պահանջմունքները, բայց նրանք ունեն նաեւ արդարության զգացում, պահանջ, ունեն մտահոգություններ այն որոշումների շուրջ, որոնք ազդում են ամբողջ հասարակության վրա: Այս նախընտրությունները (սոցիալական արժեքներ) տարբեր են յուրաքանչյուր անհատի դեպքում: Եթե հասարակությունը պետք է ընդունի կոլեկտիվ որոշում (պետական ծախսեր, կարգավորումներ), կարո՞ղ են այս` իրարից տարբերվող նախընտրություններն ամբողջանալ մեկ միասնական նախընտրության մեջ:

Ես մի քանի բանական պայմաններ առաջ քաշեցի, ըստ որոնց այսպիսի գործընթացը պետք է բավարարի եւ միեւնույն ժամանակ հայտնաբերի, որ այդ բոլոր պահանջմունքները չեն կարող բավարարվել միաժամանակ: Այս ոլորտում ես մեծ քանակությամբ հետազոտություններ եմ իրականացրել. դրանց մի մասը համարում եմ որակյալ:

- Ինչպիսի՞ն կլինի աշխարհը 50 տարի հետո: Ի՞նչ գլոբալ փոփոխությունների պետք է սպասել:

- Ինձ համար չափազանց «անվտանգ» է կանխատեսել, թե ինչպիսին կլինի աշխարհը 50 տարի հետո, քանի որ ինքս այլեւս կենդանի չեմ լինի, ու այս խոսքերիս համար ինձ պատասխանատվության չեն կարող ենթարկել (ծիծաղում է – հեղ.): Այնուամենայնիվ, ես տեսնում եմ աշխարհը տնտեսական զարգացման ավելի բարձր մակարդակի վրա: Հատկապես մեծ տնտեսական աճ սպասում եմ Աֆրիկայում: Նաեւ կարծում եմ, որ այլեւս մեծ պատերազմներ չեն լինի:  

- Ի՞նչ կարծիք ունեք աղքատ եւ զարգացող երկրների ապագայի մասին: Ինչպիսի՞ն կլինեն դրանք 100 տարի անց: Կլինե՞ն արդյոք, թե՞ կվերանան:
 
- Ես շատ տպավորված եմ Լատինական Ամերիկայում նկատվող տնտեսական աճով: Աֆրիկան վերջապես ցույց առաջընթաց է գրանցում, մասնավորապես, նախկին հետամնաց երկրներն, ինչպիսիք են Քենիան, Գաբոնը, Բոթսվանան, ինչպես նաեւ Թունիսը: Մտահոգված եմ Հարավային Աֆրիկայի հետընթացով: Վախենում եմ, որ Հնդկաստանում խորը կառուցվածքային խնդիրները զրոյի կհավասարեցնեն այդ երկրի վերջին տարիների մեծ առաջընթացը: Դեռ շատ մեծ ձախողումներ կլինեն…

- Որքա՞ն մեծ է Համաշխարհային բանկի ազդեցությունը զարգացող երկրների վրա:

- Այսպես կոչված «զարգացող» երկրների ցուցակն անընդհատ փոխվում է, փաստացի` նվազում: Համաշխարհային բանկն ունի կամ շատ փոքր, կամ էլ ընդհանրապես չունի ազդեցություն ու կարեւորություն Բրազիլիայի եւ Հնդկաստանի համար: Բայց այն դեռ պահպանում է իր կարեւորությունը աֆրիկյան երկրներում:

- 2007 թվականին Դուք Նոբելյան այլ մրցանակակիրների հետ միասին ստորագրեցիք մի հայտարարության տակ, որը Թուրքիային եւ Հայաստանին հանդուրժողականության, համերաշխության եւ համագործակցության կոչ էր անում: Ո՞րն է Ձեր անձնական դիրքորոշումը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ  հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ:  

- Թուրքական յուրաքանչյուր կառավարության առաջնային պարտավորությունը պետք է լինի բացել արխիվները եւ ընդունել Օսմանյան կայսրությունում հայկական ջարդերի փաստը եւ ծավալները: Ցավոք, բավարար գիտելիքներ չունեմ, որպեսզի մեկնաբանեմ Հայաստանի կառավարության համապատասխան քաղաքականությունը:

Քենեթ Էրոուի հետ հատուկ Banks.am-ի համար զրուցել է Նարինե Դանեղյանը:

Դիտում՝ 3790
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai