ԱՊՀ ազատ առեւտրի գոտում հայկական ապրանքից մաքսատուրք չի գանձվելու

03.12.2012 | 09:34 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

2012թ. սեպտեմբերի վերջին Հայաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը եւ Ղազախստանը վավերացրել են ԱՊՀ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 17-ին:

Պայմանագիրը շատերի մոտ զարմանք առաջացրեց, քանի որ երկրների միջեւ ազատ առեւտուրն ընկած է ԱՊՀ գաղափարախոսության հիմքում եւ, ըստ էության, գործում էր այդ փաստաթղթից առաջ: Որոշ փորձագետներ որակեցին այդ համաձայնագիրը, որպես «ուղիղ ճանապարհ դեպի մաքսային միություն», ինչը «խաչ կքաշեր» զուգահեռաբար ընթացող Հայաստան-ԵՄ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի (DCFTA) շուրջ բանակցությունների վրա:

Համաձայնագրի շուրջ Մեդիամաքսին եւ Banks.am-ին պարզաբանումներ է ներկայացրել ԱՊՀ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի շուրջ Հայաստանի կողմից գլխավոր բանակցող,  ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ Գագիկ Քոչարյանը:


- Շուրջ մեկուկես ամիս է, ինչ ուժի մեջ է մտել ԱՊՀ 5 երկրների, այդ թվում՝ Հայաստանի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը: Ի՞նչ առավելություններ է դա տալիս ՀՀ տնտեսվարողներին այն համատեքստում, որ մինչեւ այս պայմանագիրը Հայաստանն արդեն ուներ ազատ առեւտուր ԱՊՀ երկրների մեծամասնության հետ:

- Ճիշտ եք, մեր եւ ԱՊՀ երկրների միջեւ մինչ այդ էլ եղել է ազատ առեւտուր, որը կարգավորվում էր երկկողմանի համաձայնագրերով, սակայն չկար այն կարգավորող միասնական փաստաթուղթ, ինչը առաջացնում էր բազմաթիվ անորոշություններ եւ հակասություններ: Մասնավորապես, չնայած ԱՊՀ երկրներում ծագած ապրանքների մեծամասնության համար պետք է կիրառվեին զրոյական ներմուծման մաքսատուրքեր, որոշ երկրներ, այդուհանդերձ, կիրառում էին մաքսատուրքերին հավասարեցված գանձումներ: Այժմ դա բացառված է:

Հաշվի առնելով, որ ԱՊՀ մի շարք երկրներ դարձել են Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ, անհրաժեշտություն առաջացավ այնպիսի փաստաթուղթ մշակել, որտեղ ամրագրված կլինեին միջազգային առեւտրի մեխանիզմները:

Ներկայումս մենք անցել ենք պայմանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների փուլին, ձեւավորվում է ազատ առեւտրի գոտու տարածքում վեճերի կարգավորման փորձագիտական հանձնաժողով, որում Հայաստանը եւս մասնակցության հայտ է ներկայացրել:

Այնպես որ, տնտեսվարողների համար առեւտուրը ԱՊՀ տարածքում շատ հեշտ ու կանխատեսելի է դառնում:         

- Ըստ համաձայնագրի, Հայաստանը մտնում է ազատ առեւտրի մեջ ԱՊՀ երկրների հետ՝ մաքսատուրքեր կիրառելով բացառապես ներմուծվող ծխախոտի նկատմամբ: Իսկ հայկական ծագման ո՞ր ապրանքների ներմուծումից են գանձվելու մաքսատուրքեր ԱՊՀ տարածքում:

- Այո, ելնելով մեր տնտեսական շահերից, մենք թողել ենք ծխախոտը բացառությունների շարքում, եւ Հայաստան ներմուծվող ծխախոտի նկատմամբ մաքսատուրք է կիրառվելու, սակայն հայկական ծագման ապրանքների նկատմամբ 4 երկրից ոչ մեկը որեւէ սահմանափակում չի կիրառում:

Բանակցությունների ընթացքում բոլորն ըմբռնումով են մոտեցել մեր խնդիրներին, եւ որեւէ մեկը հայկական ապրանքի դիմաց որեւէ սահմանափակում չի դրել՝ ընդունելով հանդերձ սահմանափակումը մեր կողմից:

Օրինակ` Ուկրաինան ներմուծման սահմանափակումներ է կիրառում Մոլդովայի, Ռուսաստանը՝ Ուկրաինայի նկատմամբ, բայց Հայաստանի հանդեպ ԱՊՀ ազատ առեւտրի պայմանագրի կողմ հանդիսացող որեւէ երկիր ներմուծման ժամանակ մաքսատուրք չի կիրառում՝ անկախ ապրանքի տեսակից:

Պայմանագրի կողմ մի շարք երկներ կիրառում են նաեւ արտահանման մաքսատուրքեր՝ դրանով թանկացնելով իրենց ապրանքների գինը միջազգային շուկայում: Արտահանման մաքսատուրքն ինքնին չի ողջունվում, բայց այն չի հանդիսանում ԱՀԿ բանակցային առարկա: Պայմանագիրը պարտավորեցնում է կողմերին նրա ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում սկսել բանակցել կիրառվող արտահանման մաքսատուրքերի նվազեցման ուղղությամբ, այնպես որ որոշ երկրների կողմից կիրառվող արտահանման մաքսատուրքերը կնվազեն:

- Թեեւ ՀՀ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող մաքսային միության մեջ մտնել Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ՝ վերջիններիս հետ չունենալով ընդհանուր ցամաքային սահման, այնուամենայնիվ, կարծիք կա, որ ԱՊՀ ազատ առեւտրի համաձայնագիրը Հայաստանի համար, ըստ էության, ճանապարհ է դեպի մաքսային միություն:

- Մաքսային միությունը ենթադրում է, որ անդամ երկրների միջեւ վերանում են մաքսային անցակետերը, եւ այդ երկրներն այլեւս չեն կարող ինքնուրույն վարել իրենց արտաքին առեւտրի քաղաքականությունը:

Այսօր մենք բանակցում ենք ԵՄ հետ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու համաձայնագրի (DCFTA) շուրջ, որը շատ մեծ արդյունքներ կտա Հայաստանին, ու եթե մենք մտնենք մաքսային միության մեջ, DCFTA-ի մասին կարող ենք մոռանալ:

- Հնարավո՞ր է արդյոք, որ ազատ առեւտրի համաձայնագրի շնորհիվ Հայաստանը օտարերկրյա ընկերությունների համար հարմար «պլացդարմ» դառնա (բարենպաստ գործարար միջավայրի առումով)՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Ղազախստանի պես խոշոր շուկաների վրա դուրս գալու համար:  

- Միանշանակ` այո, եւ դա մեր կարեւորագույն առավելություններից է. արտադրություն հիմնելով Հայաստանում, որտեղ գոտու անդամ 5 երկրից ամենաբարենպաստ բիզնես-միջավայրն է, ձեռնարկությունը կարող է անարգել վաճառել արտադրանքը ԱՊՀ ընդարձակ շուկայում:

Ըստ էության, նախկինում եւս այդպես էր, ուղղակի առկա էին վերոհիշյալ անորոշությունները եւ հակասությունները, որոնք բարոյական եւ հաճախ նյութական վնաս էին հասցնում ընկերություններին: 

Հայաստանն այսօր բավականին մեծ առաջընթաց ունի Doing Business վարկանիշային ցանկում, Հայաստանում ներդրումներ կատարելը գնալով պարզեցվում է, նվազագույնին է հասցվում վարչարարությունը:

ԱՊՀ հետ ազատ առեւտրի գոտու պայմանագրի ազդեցությունը կզգացվի տարիների ընթացքում, երբ տնտեսվարողները կգիտակցեն, որ պաշտպանված են ու ավելի վստահ առեւտուր կանեն ԱՊՀ երկրների հետ:

Գագիկ Քոչարյանի հետ զրուցել է Ռուբեն Հարությունյանը

Դիտում՝ 3630
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW