Հատուկ նախագիծ «Made in Armenia»` «Արմոս»

24.09.2012 | 01:03 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է Made in Armenia հատուկ նախագիծը: Այս խորագրի ներքո ներկայացնում ենք այն ընկերությունները, որոնք Հայաստանում արտադրում են յուրահատուկ ապրանքներ կամ մատուցում են յուրահատուկ ծառայություններ:

«Արմոս» կոշիկի ձեռնարկությունը հիմնադրվել է 1992 թվականին մասնագիտությամբ ատամնաբույժ Արմեն Մուրադյանի կողմից: Ամեն ինչ սկսվեց, երբ Արմենը Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող շուկայում երեխայի` Դավիթի համար կոշիկ էր փնտրում, բայց չկար:

\"\"

«Հասկացա, որ մեր երկրում կոշիկ չկա: Երբ Հայաստանում կոշիկի արտադրությունը վերացավ, մենք սկսեցինք արտադրել. փոքրիկ Դավիթի կոշիկից էլ սկսվեց ամեն ինչ»,- Մեդիամաքս-ի թղթակցին պատմել է «Արմոս» կոշկեղենի արտադրության հիմնադիր տնօրեն Արմեն Մուրադյանը:

Արտադրությունը հիմնելու համար սկզբնական շրջանում ներդրվել է 50 ԱՄՆ դոլար: Ընկերության տնօրենը պատմում է, որ աշխատանքը սկսել են դժվար եւ ոչ նպաստավոր ժամանակաշրջանում, աշխատել են առանց էլեկտրաէներգիայի, շատ հաճախ անգամ հումք չեն ունեցել, կոշիկ են արտադրել կաշվի մնացորդներով:

Ներկայումս արտադրական հումքը ներկրվում է Իտալիայից, Հնդկաստանից, Թուրքիայից, արտադրական պրոցեսում, ինչպես տնօրենն է վստահեցնում, օգտագործվում են նորագույն տեխնոլոգիաներ:

\"\"

«Մեր ընկերության արտադրած կոշիկը շատ թանկ է Հայաստանի համար, բայց ոչ աշխարհի: Արտադրանքի կեսն արտահանվում է աշխարհի 12 երկրներ»,- նշել տնօրենը: Գրեթե բոլոր մայրցամաքներ արտահանվող կոշիկը ներկայանում է  «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ`արտերկրում եւս առաջարկելով  «հայերեն քայլել»:

«Արմոս»-ը մասնակցում է տարբեր երկրներում կազմակերպվող ցուցահանդեսների`  Գերմանիա, ԱՄԷ, Հնդկաստան, Ռուսաստան, Թուրքիա եւ այլն. «Մրցանակներ ենք ստացել նաեւ ՀՀ կառավարությունից, ինչը վկայում է, որ մեզ տեսնում են, գնահատում»,- նշում է Արմեն Մուրադյանը:

\"\"

Ընկերության տնօրենի փոխանցմամբ, արդեն 20 տարվա հաճախորդներ ունեն. «Այս ընթացքում նրանք սովորել են հագնել մեր արտադրած կոշիկը, հենց մենք դադարեցնենք այս գործը, նրանք էլ կոշիկ չեն հագնի (ծիծաղում է – հեղ.): Ունենք նաեւ լավ հաճախորդներ, ովքեր կոշիկի սիրահարներ են. լինում է, երբ  գումարը չի բավականացնում, մի քանի ամսվա աշխատավարձից հավաքում, կոշիկ են առնում, մենք էլ նրանց համար զեղչեր ենք սահմանում»,- ասում է տնօրենը:

Ներկայումս ընկերությունն ունի 50 աշխատակից: Մեկ կոշիկի միջին գինը 75-80 հազար դրամ է: Ընդունվում են նաեւ անհատական պատվերներ:

\"\"

Արմեն Մուրադյանը ասում է, որ աշխատանքի ընթացքում խոչընդոտների չեն հանդիպում. «Ես լավատես մարդ եմ, ուրիշներին էլ խորհուրդ կտամ, որ «վայ-վույ» չանեն: Մեզ մոտ բնավորություն է դարձել, թե պարտադիր ինչ-որ մեկը պետք է իրենց օգնի: Բիզնեսում ոչ ոք պարտավոր չէ ոչ մեկին օգնել. ինչո՞ւ պետք է կառավարությունն ինձ օգնի, նա իր խնդիրներն ունի, դրանցով պետք է զբաղվի, ես իմ բիզնեսով: Մենք պետք է օգնենք կառավարությանը եւ հարգենք` որպես ղեկավարություն, մեր ազգը ղեկավար չի սիրում, դրա համար էլ մենք խնդիրներ ունեք»:

\"\"

Արմեն Մուրադյանն ընկերության հաջողության գրավականն աշխատանքն է համարում. «Պետք է աշխատենք, որ լավ լինի»,- ասում է նա ու հավելում, որ աշխատանքում կարեւորում է որակն ու պատասխանատվությունը:


Երեւանի կենտրոնում գտնվող «Արմոս» կոշիկի մասնագիտացված խանութ-սրահը միակն է Հայաստանում. «Վաճառասրահների ցանց ստեղծելու իմաստը չեմ տեսնում. Գյումրիից էլ են գալիս Երեւան մեր արտադրանքը գնելու,  Երեւանի կենտրոնից էլ»,- եզրափակել է տնօրենը:

Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի, Կարեն Հովհաննիսյանի

Դիտում՝ 7854
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai