Էդուարդ Գասպարյան. «Բիզնեսում հասել եմ միջին հաջողությունների»

01.09.2012 | 08:03 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Երեւանի ֆինանսական ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Գասպարյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Պ-ն Գասպարյան, ինչպե՞ս  ծնվեց Ֆինանսական ակադեմիա հիմնելու գաղափարը եւ  որքանո՞վ էր այն համահունչ նախկինում Ձեր մասնագիտական գործունեության հետ:

- Ուսումնական հաստատություն ստեղծելու մտահաղացումը հանկարծակի չէր, դա պայմանավորված էր մինչ այդ կրթական համակարգում ունեցած իմ երկարամյա աշխատանքային փորձով: Ճիշտ է, մասնագիտությամբ ֆինանսիստ չեմ` ավարտել եմ Գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիզացիայի ֆակուլտետը, սակայն ավելի քան 25 տարի դասավանդել եմ Հայաստանի Ճարտարագիտական համալսարանում` զբաղեցնելով նաեւ ադմինիստրատիվ պաշտոններ: Բացի այդ, 1984 թվականին գործուղվել եմ Գվինեա եւ 4 տարի դասավանդել Կոնակրիի համալսարանում:

Ես ունեի դասախոսական եւ  կազմակերպչական փորձ, ինչը հնարավորություն էր տալիս, անկախ իմ նեղ մասնագիտությունից, ստեղծել այն, ինչը պահանջում էր տվյալ ժամանակը: Դա այն տարիներն էին,  երբ Հայաստանում չկար ինժեներական մասնագիտությունների պահանջարկ, փոխարենը նոր էր ստեղծվում բանկային համակարգը, առեւտրային բանկերը գտնվում էին կայացման սկզբնական փուլում, ինչն ակնհայտ էր դարձնում այդ ոլորտը պատրաստի մասնագետներով ապահովելու անհրաժեշտությունը: 

Ընդ որում, սկզբից` 1990 թվականին, հիմնվեց Բանկային տնտեսագիտական ինստիտուտը:  Իսկ ֆինանսական ակադեմիայի վերափոխվեցինք 2000 թվականին, երբ մեր ինստիտուտին միացան 2 մասնավոր ուսումնական հաստատություններ` Ինժեներա-տնտեսագիտական ինստիտուտը եւ Ռուս-հայկական համալսարանը, ինչը թույլ տվեց ավելի լայն սպեկտրի գիտելիքներ փոխանցել մեր ուսանողներին: Ի դեպ, անցած տարի մեզ միացավ նաեւ Կառավարման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարանը:

- Դժվար չէ՞ր կտրուկ անցումը խորհրդային աշխատաոճից շուկայական հարաբերություններին:

- Սկզբնական շրջանում այդ տարբերությունը գրեթե չէր զգացվում: Ես շարունակում էի դասավանդել Ճարտարագիտական համալսարանում, իսկ այստեղ`ի շնորհիվ ներգրավված որակյալ դասախոսական կազմի, ուսումնական գործընթացն ընթանում էր իր հունով: Շուկայական հարաբերությունները կարգավորող պետական կառույցների ստեղծվելուն պես, մենք աստիճանաբար ընդունեցինք խաղի նոր կանոնները:

Ճիշտ է, այդ ճանապարհին ամեն ինչ շատ հարթ չէր, կային անսպասելի դժվարություններ ու փոփոխություններ, որոնց ընկալումն երբեմն անհնար էր: Այսօր էլ դեռ ամեն ինչ չի հանդարտվել, ոչ ոք ապահովագրված չէ կտրուկ փոփոխություններից:  Մեր օրերում շատ է պակասում վստահությունը վաղվա օրվա հանդեպ, դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ խորհրդային տարիներին ինձ ավելի պաշտպանված էի զգում:

- Այսօր Դուք Ձեզ հաջողակ գործարար համարո՞ւմ եք:

- Այնքան էլ չէ, քանի որ, երբ այսօր վերլուծում եմ իմ քայլերը, շատ դեպքերում հասկանում եմ, որ քիչ  չէին սխալները, կարող էր ավելի լավ լինել թե որակական, թե քանակական առումներով: Չեմ բացառում, որ իմ գնահատականներում կան ինքնաքննադատական երանգներ, բայց միեւնույն է`հետադարձ հայացք գցելով,  կարող եմ ասել, որ բիզնեսում հասել եմ միջին հաջողությունների:

- Հե՞շտ եք համակերպվում տեղի ունեցող սրընթաց զարգացումներին` թվային տեխնոլոգիաներ, կոմունիկացիոն նոր հնարավորություններ, որոնք ակամա ներխուժում են բիզնես-կառավարման ոլորտ:


- Չեմ դիմադրում նորամուծություններին, հասկանալով, որ դրանց կիրառումն  անխուսափելի է: Անկախ տարիքիցս համեմատաբար հեշտ եմ յուրացնում նոր տեխնոլոգիաները, կարծում եմ, դրանում ինձ օգնում է տեխնիկական կրթությունս: 

Միեւնույն ժամանակ, գտնում եմ, որ սրընթաց զարգացումն իր հետ բերում է նաեւ բացասական ազդեցություն, մասնավորապես, երիտասարդների կախվածությունը համացանցից, որն օգտակար ինֆորմացիայի աղբյուր լինելուց բացի, հեղեղված է աճող սերնդի մտածելակերպին վտանգող տարատեսակ գործոններով: Այսօր խիստ անհրաժեշտություն կա զտել ինֆորմացիոն դաշտը, հակառակ դեպքում չվերահսկվող տեղեկատվական հոսքերը կարող են չարիք դառնալ մեր հասարակության, հատկապես երիտասարդության համար:  

- Ինչպե՞ս են կառուցվում Ձեր հարաբերությունները ուսանողների հետ` Դուք խի՞ստ ռեկտոր եք: 

- Մեր հարաբերությունները հիմնված են արդարության եւ փոխադարձ հարգանքի վրա: Ուսանողն արդեն կայացած անձնավորություն է `յուրաքանչյուրն իր «ես»-ով, զգացմունքներով եւ մտածելակերպով: Պետք է հաշվի նստել այդ իրողության հետ, հարգել նրան, անկախ տարիքից կամ ծագած խնդրից, եւ վերաբերվել այնպես, ինչպես կցանկանայիր, որ դիմացինդ վերաբերվեր քեզ: Ինձ համար շատ կարեւոր է, որպեսզի ուսանողների մոտ, ուսումնական գործընթացի նկատմամբ հարգանքից բացի,  ձեւավորվեն նաեւ ճիշտ մարդկային հարաբերություններ մեկը մյուսի հանդեպ:

Չեմ հանդուրժում այն ուսանողների մոտեցումը, որոնց թվում է, թե ուսման համար վճարվող գումարը երաշխիք է հանդիսանում բուհը պարտադիր ավարտելու համար`անկախ իրենց առաջադիմությունից կամ վարքագծից: Նման ուսանողները պարզապես տեղ չունեն մեր բուհում. վերջերս հրաման ստորագրվեց, համաձայն որի բուհից հեռացվեց 12 ուսանող:  Սա այն բացառիկ դեպքերն են, երբ ուսանողների կողմից չեն ընդունվել բուհում գործող  խաղի կանոնները՝ հիմնված արդարության եւ փոխադարձ հարգանքի վրա:

Անկասկած, հպարտանալու առիթներն ավելի շատ են: Մեր շրջանավարտների մոտ 73%-ը  աշխատում է ֆինանսական համակարգում: Միայն այս տարի ունենք 16 շրջանավարտ, որոնք արդեն աշխատանքի են տեղավորվել ֆինանսական շուկայում գործող կազմակերպություններում:

-  Ավագ սերնդի ներկայացուցիչները հաճախ զուգահեռներ են  անցկացնում «իրենց» եւ այսօրվա երիտասարդության միջեւ, արդյունքում, որպես կանոն, հնչում են իրարամերժ գնահատականներ:  Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:

- Այսօրվա երիտասարդությունը շատ ավելի առաջադեմ է, ինչը, բնականաբար պայմանավորված է տեղեկատվական հոսքերի հասանելիությամբ: Դրա հետ մեկտեղ, երիտասարդները դարձել են շատ ավելի հաշվենկատ` դա, իհարկե վատ չէ: Սակայն մտահոգիչ է, որ այդ հաշվենկատությունը ներխուժում է մարդկային, մասնավորապես, ընկերական հարաբերությունների ոլորտ:

- Ձեզ հաջողվու՞մ է բավարար ժամանակ հատկացնել Ձեր թոռներին: Նրանց մեջ ապագա ֆինանսիստ տեսնու՞մ եք: 


- Չորս թոռ ունեմ` երեք տղա եւ մեկ աղջիկ, որոնց հետ հանդիպում եմ գրեթե ամեն օր: Ինձ շատ հետաքրքիր է նրանց մտածելակերպը, անչափ ուրախացնում է այն փաստը, որ թոռներս անկեղծ են ինձ հետ եւ մշտապես կիսվում են իրենց հուզող հարցերով: Նրանք գտնվում են այն տարիքում, երբ  ճիշտ եւ ժամանակին տրված խորհուրդը վճռորոշ  դեր կարող է ունենալ կյանքի ողջ ընթացքում:

Մեծ թոռներս ֆինանսիստի մասնագիտություն չեն ընտրել` մեկը հաջորդ տարի ավարտում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, մյուսը  հետաքրքրված է ռեժիսուրայով: Իսկ փոքր թոռներս դեռ դպրոցական տարիքի են, դժվարանում եմ ասել, թե, ի վերջո, ինչ մասնագիտություն կընտրեն:

Իսկ, ընդհանուր առմամբ, ապագա ֆինանսիստը նախ պետք է լինի բազմակողմանի զարգացած մարդ, տիրապետի ոչ միայն նեղ մասնագիտական հմտություններին, այլեւ քաջատեղյակ լինի հարակից բնագավառներում տեղի ունեցող զարգացումներին: Եվ այդ ամենին գումարած բարձր մարդկային հատկությունները:

- Պ-ն Գասպարյան, ներդաշնա՞կ է լինել հին երեւանցի եւ ապրել այսօրվա  Երեւանում: Ի՞նչը կվերադարձնեիք հին Երեւանից:


- Կվերադարձնեի երեւանյան ջերմությունը եւ հին երեւանցիներին: Գտնվելով ԱՄՆ-ում, եղա երեւանցիների ակումբում, որին անդամակցում էին տարբեր ժամանակներում Երեւանից մեկնած մոտ 500 ընտանիքներ: Միջոցառումներից մեկի ժամանակ ակումբի անդամները, օգտագործելով տարբեր հնարքներ, դահլիճում  ստեղծել էին հին Երեւանի մթնոլորտը: Կարոտում են իրենք, կարոտում ենք նաեւ մենք. այսօր Երեւանում չես գտնի մի անկյուն, ուր պահպանված կլիներ հին Երեւանի համն ու հոտը:

- Ի՞նչ զգացումներով եք դիմավորում սեպտեմբերի 1-ը,  ի՞նչ նոր մտահաղացումներ եք նախատեսում իրագործել նոր ուսումնական տարում:

- Միշտ սրտատրոփ եմ դիմավորում այդ օրը, փորձում ենք ապահովել այնպիսի մթնոլորտ, հատկապես նորեկների համար, որպեսզի նրանք զգան` այստեղ իրենց սպասում էին:

Այս տարի նախատեսում ենք հատուկ ուշադրություն դարձնել միջազգային միջբուհական կապերի զարգացմանը, ինչը թույլ կտա ապահովել ուսանողների փոխանակում, իրագործել համատեղ կրթական ծրագրեր: Ի դեպ, վերադառնալով այսօրվա երիտասարդությանը, ավելացնեմ, որ ներկայիս կրթական համակարգը շատ ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում նրանց, հատկապես շարժունակության առումով, ինչը չկար մեր ժամանակներում:

Էդուարդ Գասպարյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը:  

Դիտում՝ 15913
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai