Հատուկ նախագիծ «Made in Armenia»` «Մանե Թայլս»

13.07.2012 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Մեդիամաքս-ն իր Banks.am պորտալում շարունակում է Made in Armenia հատուկ նախագիծը: Այս խորագրի ներքո ներկայացնում ենք այն ընկերությունները, որոնք Հայաստանում արտադրում են յուրահատուկ ապրանքներ կամ մատուցում են յուրահատուկ ծառայություններ:

«Մանե Թայլս»-ը հիմնադրվել է 2001 թվականին` ամերիկահայ գործարար Հարություն Աջարյանի կողմից: Կավահողից եւ բնական քարերից պատրաստվող հայկական ձեռակերտ սալիկներն այսօր արտահանվում են ԱՄՆ եւ Ռուսաստան:

«Արտադրության հիմնման գաղափարը առաջացավ Հարություն Աջարյանի մոտ, ով իր արվեստագետ-նկարիչ ընկերների հետ նկարազարդում ու պատրաստում էր հետաքրքիր սալիկներ: Կավից փոքրիկ սալիկները պատրաստելը վերածվեց գործարանի, որտեղ արդեն մոտ 40 մարդ են աշխատում: Հետո Հարությունը վաճառեց ընկերությունը եւ հիմա Ամերիկայում հանդիսանում է մեր դիստիբյուտորը»- Մեդիամաքս-ի թղթակցին պատմել է  «Մանե Թայլս»-ի ներկայիս գործադիր տնօրեն Լուսինե Մոսոյանը, ով իր պարտականությունների կատարմանն անցել է 2011թ. դեկտեմբերից:

Ընկերության արտադրանքը Երեւանում վաճառվում է միակ մասնագիտացված խանութում, որը գործում է նոր հասցեով` Կոմիտաս 40/1:

Արտադրական հումքը կավն է. սպիտակ կավը խառնվում է տեղական կավի հետ, որից էլ սալիկներ են  պատրաստվում: Նկարազարդումը նաեւ ձեռքով է արվում, իսկ գունազարդումը կատարվում է բնական պիգմենտներից:

\"\"
Լուսանկարը` Մեդիամաքս:

«Պատրաստում ենք նաեւ ափսեներ, որոնցից կարելի է հանգիստ ուտել`անվնաս է:
Գունային գամման բազմազան է, նաեւ պատվերներ ենք ընդունում: Վերջերս մեր ընկերության արտադրանքով մոզաիկ խճանկար ենք հավաքել Տիկնիկային թատրոնի շենքի ճակատային մասում: Բաց մրցույթ էր հայտարարվել, որում մենք հաղթեցինք: Տաք, ուրախ, երեխաների համար հետաքրքիր է բան է ստացվել, ինչի համար շատ ուրախ եմ», - ասել է Լուսինե Մոսոյանը:

\"\"
Լուսանկարը` Մեդիամաքս:

Նա պատմում է, որ ընկերությունն ունի նաեւ բնական քարերի մշակման արտադրամաս:

Լուսինե Մոսոյանն ասում է, որ իրենց հիմնական սպառողներն այն «կրեատիվ» մարդիկ են, որոնք ստեղծում են իրենց պատկերացումներով ու դիզայնով աշխարհ:

«Ներկայումս մեր արտադրությունը ռեբրենդինգի փուլում  է, նոր շունչ ենք ուզում ստանալ, լոգոն է փոխվել, նորը ավելի թեթեւ ոճով է, փորձում ենք նոր տեսականի ստեղծել»,- նշել է Լուսինեն:

Հաճախորդին ցանկության դեպքում դիզայն է առաջարկվում, որը հիմնականում անում է հենց Լուսինե Մոսոյանը:

Բնական սալիկների եւ քարի մշակման արտադրամասը գտնվում է Խարբերդում. «Արտադրական հումքը նախապատրաստվում է, հետո բերվում արտադրամաս, որոշ փուլեր անցնելուց հետո ձեռքով հարթեցվում է, կտրատվում ու սալիկների տեսք ստանում: Ոչինչ չենք թափում` կտրտած սալիկների արանքից ստացված ձողիկները օգտագործվում են խճանկարների մեջ, անգամ փոշին կարող ենք խառնել բետոնի հետ եւ ստանալ եւս մի տեսակի սալիկ»:

\"\"
Լուսանկարը` Մեդիամաքս:

Խոսելով գնի մասին, Լուսինեն նշում է, որ իր կարծիքով ընկերության արտադրանքը թանկ չէ:

«Բնական սալիկների 1 քմ գինը սկսվում է 8 000-9 000 ՀՀ դրամից, ջարդը, որով կարելի է խճանկար հավաքել, առաջարկում ենք 8 000-ից սկսած: Սալիկների գինը կարող է հասնել մինչեւ 13 000-15 000 ՀՀ դրամ: Եթե հաշվի առնենք, որ 10 տարին մեկ է տունը վերանորոգվում, երեւի արժի 10 կամ 20 տոկոս ավել գումար ներդնել»:

Առաջիկայում ընկերությունը նախատեսում է արտահանել իր արտադրանքը Միացյալ Արաբական Էմիրություններ:

«Ցուցադրվելու առաջարկ ունենք, ստեղծում ենք իսլամական ոճով գորգեր, որտեղ կերամիկան համադրել ենք ապակու հետ, դա իմ մասնագիտությունն է: Եվրոպայում այս ամենը մի քանի անգամ ավելի թանկ է. մենք կարող ենք դուրս գալ նաեւ եվրոպական շուկա»,- ասել է Լուսինե Մոսոյանը:

\"\"
Լուսանկարը` Մեդիամաքս:

Լուսինեն նշել է, որ առաջարկն ընդունելուց իրենց շատ է հետաքրքրել սեփական մասնագիտական փորձն ու գաղափարներն այս գործում  ներդնելու հնարավորությունը:

Սիրանուշ Եղիազարյան
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի:

Դիտում՝ 10325
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai