«Մեր բանկը կարող է կամուրջ դառնալ Հայաստանի եւ Լիբանանի գործարարների միջեւ»

08.05.2012 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Արարատ Ղուկասյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին:

- Որքա՞ն վարկային հայտ է ստացել բանկը «Ձեր նոր տունը» հիփոթեքային ակցիայի  շրջանակում,  դրանցից քանիսի՞ վերաբերյալ է կայացվել դրական որոշում: Ի՞նչ սկզբունքներով էին ընտրվում վարկառուները եւ, ընդհանուր առմամբ, ի՞նչ ծավալի վարկային միջոցներ են հատկացվել:

- Մեր բանկի հիփոթեքային առաջարկը հաջողությամբ մրցում է շուկայում առկա նմանատիպ վարկերի հետ, ինչը գոհացուցիչ է: Հիշեցնեմ, որ ակցիայի շրջանակում
տրամադրվող վարկերի համար սահմանված էր տարեկան 11% ֆիքսված տոկոսադրույք,  20% կանխավճար, 0% միջնորդավճար, մարման ժամկետը 15 տարի է:   Իսկ վարկերի տրամադրման հիմնական եւ անփոփոխ սկզբունքը եղել եւ մնում է դիմորդի վարկունակությունը:

Թվերի առումով կցանկանայի նշել, որ «Ձեր նոր տունը» ակցիայի շրջանակներում արդեն իսկ հաստատվել եւ տրամադրվել են 57 վարկեր՝ 780 մլն դրամ ընդհանուր գումարի: Համոզված ենք, եկող ամիսների ընթացքում վարկավորման ծավալներն աճելու են:

- Վերջերս հայտարարվել էր, որ IFC-ն Բիբլոս Բանկ Արմենիա-ին կտրամադրի $10 մլն վարկ, որը, Ձեր իսկ գնահատմամբ, «իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում» եւ «կօգնի բնակարանատերերին նվազեցնել էներգիայի համար ծախսվող գումարները»:  Մանրամասնեք, խնդրում եմ, այդ վարկատեսակի յուրահատկությունը. ի վերջո, ինչպե՞ս է այդ վարկի շրջանակներում ապահովվելու բնակարանատերերի էներգիայի համար ծախսվող գումարների տնտեսումը:

- Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանում գործող բանկի՝ Բիբլոս Բանկ Արմենիա-ի եւ Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (IFC) միջեւ կնքվում է պայմանագիր՝ ուղղված էներգաարդյունավետ բնակարանների ձեռքբերման եւ վերանորոգման ֆինանսավորմանը: Այս հիփոթեքային վարկի շնորհիվ բնակչությունը կկարողանա օգտվել առաջարկվող բնակարանային էներգաարդյունավետության վարկային փաթեթից:

Ծրագրի շրջանակներում բնակարանատերերի կողմից էներգիայի խնայողությունը իրականացվելու է ժամանակակից էներգաարդյունավետ նյութերի, տեխնոլոգիաների եւ սարքավորումների օգտագործման արդյունքում: Օրինակ, բնակարանի վերանորոգման ժամանակ կրկնակի մեկուսացումով պատուհանների տեղադրումը եւ ջեռուցման համար հնացած սարքավորումների փոխարինումը նոր եւ արդյունավետ համակարգերով նվազեցնելու է բնակարանատերերի կողմից ջեռուցման եւ հովացման նպատակով օգտագործվող էլեկտրաէներգիայի ծախսը: Հին համակարգերը արդեն իսկ էական եւ աճելու միտում ունեցող ծախս են: Ուստի, կարծում եմ, այս հիփոթեքային վարկի միջոցով էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված ներդրումները դրական են եւ արդարացված:

- Անցյալ տարվա վերջին Դուք հայտարարել էիք, որ «ավարտին են մոտեցել բանկի եւ այլ միջազգային ֆինանսական կառույցների հետ բանակցությունները, որոնց արդյունքում բանկին տրամադրվելու է մեծածավալ եւ երկարաժամկետ ֆինանսավորում գալիք տարվա առաջին եռամսյակում»: 2012 առաջին եռամսյակն ավարտվել է, ի՞նչ արդյունքներ ունեք:

- Արդյունքներից մեկը հենց Ձեր կողմից նշված Միջազգային Ֆինանսական կորպորացիայի հետ կնքված պայմանագիրն է, որի արդյունքում մենք IFC-ից ստացել ենք $10 մլն-ի ֆինանսավորում եւ հիփոթեքային վարկային փաթեթներ ենք  տրամադրելու 7 տարի մարման ժամկետով:

- Մարտի 29-31-ը Բեյրութում տեղի է ունեցել «Հայաստանի բանկային հատվածի նոր իրականություն» խորագրով հայ-լիբանանյան կլոր սեղան: Հաշվի առնելով, որ Բիբլոս Բանկ Արմենիա-ի բաժնետոմսերի  մեծ մասը պատկանում է լիբանանյան \"Բիբլոս Բանկ Էս.Էյ.Էլ”-ին, կարելի է ենթադրել, որ այս միջոցառումը առավել կարեւորվում էր Ձեր բանկի կողմից: Ուստի հետաքրքիր է իմանալ Ձեր գնահատականը կլոր սեղանի արդյունավետության վերաբերյալ, եղե՞լ են արդյոք նախնական պայմանավորվածություններ:

- Իհարկե, մեկ հանդիպմամբ չի կարելի ակնկալել մեծ արդյունքներ, բայց երկխոսությունը սկսված է:

Այս առումով մեր բանկն ունի լավ հնարավորություններ ծառայելու որպես կամուրջ Հայաստանում ներդրումներ իրականացնելու եւ բիզնես գործունեություն ծավալելու նպատակ ունեցող լիբանանյան գործարարների համար: Նրանց մեծ մասը ծանոթ է Բիբլոս Բանկի գործունեությանը կամ արդեն իսկ օգտվում է մեր ծառայություններից:

Հանդիպումների ժամանակ տեղի ունեցան մտքերի եւ կարծիքների փոխանակումներ, այդ թվում այն մասին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն մեր կողմից Լիբանանից ներդրումները խթանելու համար: Մասնակիցներից մեկը մատնանշվեց երկու երկրների միջեւ օդային հաղորդակցության ներկա վիճակը, որը լուրջ բարելավման կարիք ունի, եթե ցանկանում ենք խթանել կապիտալի ներհոսքը: Մեկ այլ խնդիր է Հայաստանում առկա իրավական եւ ֆինանսական դաշտի, ինչպես նաեւ դրանից բխող հնարավորությունների լուսաբանումը: Այնպես որ, պետք է աշխատել հերթական քայլերի վրա եւ օգտագործել ամեն մի հնարավորություն երկու երկրների միջեւ համագործակցությունն ընդլայնելու համար:

Արարատ Ղուկասյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 8552
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai