Հաբիթաթ. «Մինչ օրս չի հաջողվել գտնել տեղացի մեծահարուստի աջակցություն»

13.03.2012 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա ( ՀՖՀԱ) հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Հաբիթաթը բավականին երկար ժամանակ աշխատում է Հայաստանում` աջակցելով  ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին կառուցել կամ վերանորոգել  իրենց բնակարաններն ու տները: Չե՞ք կարծում, որ Ձեր կազմակերպությունն առավել քան համեստ է իր առաքելությունը հանրությանը ներկայացնելու առումով,  զուտ այն պատճառով, որ սոցիալական բնույթի խնդիրները պետք է լսելի դառնան, ուստի եւ ավելի արագ ու առավել արդյունավետ լուծում ստանան: 

- Անշուշտ, մենք կարեւորում ենք Հայաստանում բնակարանային խնդիրների բարձրաձայնումը եւ հանրությանը Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա (ՀՖՀԱ) հիմնադրամի գործունեության մասին իրազեկումը: Սակայն, լինելով շահույթ չհետապնդող կազմակերպություն, Հաբիթաթ Արմենիա-ն իր բոլոր միջոցները ուղղում է վատթար բնակարանային պայմաններում ապրող ընտանիքներին պարզ եւ մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրերն իրագործելու ջանքերին:

Սոցիալական բնույթի խնդիրները, նամանավանդ բնակարանային, բազմաշերտ են Հայաստանում, եւ ես ուրախ եմ, որ դրանց մի մասը մեր կառավարության ուշադրության  կենտրոնում է: Իսկ Հաբիթաթն ամեն պահն օգտագործում է, որպեսզի բնակարանային խնդիրների առկայությունն ավելի լսելի դարձնի թե հասարակությանը, թե կառավարությանը:

- Հաբիթաթի աշխատաոճն ենթադրում է կամավորների ներգրավում: Արդյոք դժվա՞ր չէ կիրառել այդ մոտեցումը Հայաստանում՝ կամավորների ինստիտուտի թերզարգացած լինելու պայմաններում:


- Հաշվի առնելով մեր ժողովրդի հոգեկերտվածքը կամավորության առումով եւ, ինչպես նշեցիք, կամավորների ինստիտուտի կաղապարայնությունը Հայաստանում՝ երբեմն առաջանում են որոշ արգելքներ “Գլոբալ Վիլիջ” կամավորական ծրագրի իրականացման գործընթացում: Ծրագրի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներից միջազգային կամավորները միանում են Հաբիթաթի առաքելությանը՝ անմիջականորեն մասնակցելով շինարարական աշխատանքներին:

Հուսադրող է, որ այդ ծրագիրը մեծապես նպաստում է կամավորության զարգացմանը եւ կամավորական գործունեության ընդլայնմանը Հայաստանում, հատկապես գյուղական վայրերում: 

- Ներկայացրեք, խնդրում եմ, Հայաստանում Հաբիթաթի գործունեության ֆինանսավորման աղբյուրներն ու գործիքները: Տեղական ֆինանսավարկային կազմակերպություններից ու՞մ հետ եք համագործակցում: Ի դեպ, ընդունվու՞մ են հանգանակություններ կազմակերպություններից կամ անհատ բարերարներից:

-  ՀՖՀԱ-ն Հայաստանում գրանցված շահույթ չհետապնդող հիմնադրամ է՝ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեյշնլի կողմից հիմնադրված ազգային գրասենյակ: Ինչպես եւ բնորոշ է բոլոր նման կազմակերպություններին, ծրագրային գործունեությունը հիմնականում իրականացվում է դոնորների աջակցության, բարերարների հանգանակությունների շնորհիվ:

ՀՖՀԱ-ի ծրագրերի իրականացման գործում շատ մեծ ներդրում են ունեցել հայկական Սփյուռքի ներկայացուցիչները: Խոշորագույն ներդրումներ են ունեցել Լուիս Սիմոն Մանուկյանը եւ Լինսի հիմնադրամը, ինչպես նաեւ Հայ Առաքելական եկեղեցին` Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ:

Ներկայիս ծրագրերն իրականացվում են Նոր Հորիզոն եւ Կամուրջ ՈւՎԿ-ների հետ համագործակցության շրջանակներում՝ նշված կազմակերպություններն ունեն իրենց փոքր ներդրումը Համատեղ ֆոնդ ձեւավորելու գործում: Համագործակցում ենք նաեւ Ինեկոբանկի հետ՝ «Բազմաբնակարանային շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների նորոգման» ծրագրի շրջանակներում:

- Ի՞նչ մեխանիզմով են ընտրվում Ձեր ծրագրերին մասնակից շահառուները, եւ հանդիսանու՞մ են արդյոք վերջիններս համաֆինանսավորող կողմ:

- Հաբիթաթի համար շահառուների կարգավիճակով հանդես են գալիս գործընկեր ընտանիքները: Անշուշտ, ՀՖՀԱ-ն ունի իր չափանիշները, որոնց համապատասխան շահառուն կարող է դառնալ Հաբիթաթի գործընկեր ընտանիք: Կարեւոր նախապայմաններից են. ընտանիքը պետք է ունենա ցածր եկամուտ, բնակարանային պայմանների բարելավման կարիք եւ պատրաստակամություն համագործակցել Հաբիթաթ Արմենիա-ի հետ:

 Ընտանիքը նույնպես մասնակցում է իր տան շինարարական աշխատանքներին եւ այդ աշխատուժի չափով ու շրջանակներում էլ ունենում է իր ներդրումը ծրագրի իրականացման գործում:

- Դուք աշխատում եք Հայաստանի բոլո՞ր մարզերում: Մինչ օրս քանի՞ ընտանիք է ստացել ձեր կազմակերպության աջակցությունը:

- Ներկայումս Հաբիթաթ Արմենիա-ի ծրագրերն ընդգրկում են Հայաստանի ողջ տարածքը, առավելապես ուղղված են գյուղական համայնքներում ապրող ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին, որոնց հասանելի չեն ֆինանսական շուկայում առկա այլ պրոդուկտները: Նշեմ, որ նման ընտանիքների համար համապատասխան  պրոդուկտներ մշակված էլ չեն:

 ՀՖՀԱ-ն Հայաստանում ծրագրեր է իրականացնում 2000 թվականից: Մինչ օրս սպասարկել եւ օգնության ձեռք ենք մեկնել ավելի քան 950 ընտանիքների:

- Որքանո՞վ էին արդյունավետ ձեր կազմակերպության համար վերջին տարիները, չազդեցի՞ն արդյոք համաշխարհային ֆինանսական դժվարությունները Հայաստանում Հաբիթաթի գործունեության վրա:

- Համաշխարհային ֆինանսական դժվարությունները, իհարկե, ազդեցին մեր գործունեության վրա, եւ դա հանգեցրեց նրան, որ 2008 թվականին համաշխարհային մակարդակով փոխվեց Հաբիթաթի ողջ ռազմավարությունը: Ֆոնդերի պահպանման, ինչպես նաեւ ավելի շատ ընտանիքներին ձեռք մեկնելու նպատակով որոշվեց բնակարանային պայմանների բարելավման փոխառությունները տրամադրել տոկոսով (գնաճն ինչ-որ չափով ծածկելու նկատառումից ելնելով): Այդ հանգամանքը հանգեցրեց ունիվերսալ վարկային կազմակերպությունների հետ համագործակցությանը, քանի որ որոշ երկրներում, այդ թվում Հայաստանում, դա պահանջվում էր տեղական օրենսդրությամբ: Բացի այդ, ՈՒՎԿ-ների շահառուների շարքերում եւս կան սոցիալապես խոցելի խավի ներկայացուցիչներ:

ՀՖՀԱ-ն Հայաստանում նույնպես որդեգրեց այդ ռազմավարությունը: Իհարկե, դա շատ դժվար էր, եւ այժմ էլ դժվար է գտնել հովանավորների: Բայց եւ այնպես, այսօր գոյություն ունեն հետեւյալ համեմատական տվյալներ: Մասնավորապես, 2000 թվականից մինչեւ 2008 թվականը ընկած 8 տարիների ընթացքում  սպասարկվել են 396 ընտանիքներ: Իսկ 2008 թվականից մինչ օրս` ընդամենը 3 տարիների ընթացքում, սպասարկվել են 556 ընտանիքներ, ընդ որում՝ համարյա կրկնակի պակաս ֆոնդերով:

Գործընկեր ընտանիքի վերադարձրած գումարը ետ է գալիս «Մարդկության ֆոնդ», որն էլ իր հերթին ուղղվում է նորանոր ծրագրերի իրականացմանը:

- Չե՞ք ցանկանա Ձեր խոսքը ուղղել այն կազմակերպություններին կամ անհատներին, որոնք գուցե ցանկություն ունենան աջակցելու ձեր կողմից իրագործվող ծրագրերին:


- Հայաստանում առավել մեծ թվով ընտանիքների օժանդակելու նպատակով ՀՖՀԱ-ն հայցում է իր բարեկամների, համախոհների եւ գործընկերների աջակցությունը: Ճիշտ է, մինչ օրս մեզ չի հաջողվել Հայաստանում գտնել տեղացի մեծահարուստի աջակցություն, բայց մենք հավատում ենք, որ միասին կարող ենք հասնել ցանկալի արդյունքի՝ Ձեր նվիրատվությունների եւ կամավորական աշխատանքների ներգրավման շնորհիվ:

Մենք սիրով հրավիրում ենք բոլոր տեղական, միջազգային եւ կորպորատիվ կազմակերպություններին ընդգրկվելու Հաբիթաթի մեկօրյա շինարարությանը, ինչպես նաեւ քաջալերում ենք նվիրատվությունները: Դրանով Դուք կնպաստեք ցածր եկամուտ ունեցող ընտանիքների` պարզ, հարմարավետ եւ մատչելի բնակարան ունենալու երազանքի իրականացմանը:

Լուիզա Վարդանյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 5575
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai