Փորձագետ. «Հայկական դրամի խորհրդանշանի կիրառումը պետք է կարգավորվի»

06.02.2012 | 20:11 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Հայկական դրամի խորհրդանշանի փորձագետ Կարեն Կոմենդարյանի հարցազրույցը Մեդիամաքսին եւ Banks.am պորտալին:

- Ինչո՞վ էր պայմանավորված Ձեր հետաքրքրությունը հայկական դրամի խորհրդանշանի նկատմամբ, եւ ինչի՞ն են հանգեցրել ուսումնասիրություններն այդ ուղղությամբ:


- Ես դա կբնութագրեի որպես պարտականություն իմ «ստեղծագործության» նկատմամբ, էլ չասած քաղաքացիական պարտքի մասին: Խորհրդանշանն ինձ մոտ ի հայտ եկավ հանկարծակի, բայց ներառեց իր մեջ ավելին, քան ես կարող էի պատկերացնել:

Հաճախ ստիպված ես լինում լսել, որ դրամի խորհրդանշանը արտահայտել է եվրոյի տարրերը, բայց նման բան պարզապես չէր կարող լինել, քանի որ 1995 թվականին գոյություն չուներ ոչ միայն եվրոյի խորհրդանշանը, այլ հենց ինքը` եվրոն: Իրականում, շատ արտարժույթների խորհրդանշաններին բնորոշ հորիզոնական երկու գծերն արտահայտում են կշեռքի նշանը, այլ կերպ ասած՝ հաղորդում են հավասարակշռության գաղափարն առեւտրի մեջ: Այսպիսով, դրամի խորհրդանշանն արտահայտում է կշեռքի խորհրդանիշը եւ «դրամ» բառի առաջին տառի ուրվագծերը:

Հիշեցնեմ, որ ՀՀ Կենտրոնական բանկի 2001 թվականի որոշման համաձայն, դրամի խորհրդանշանի հեղինակներ ենք ճանաչվել ես ու նկարիչ Ռուբեն Արուտչյանը, ում խորհրդանշանի ուրվանկարը եւս ունի այդ երկու գծերը:

Վերջին մի քանի տարիների ընթացքում արտարժույթների խորհրդանշանների պատմությանը նվիրված իմ դասախոսությունների եւ սեմինարների ժամանակ անցկացնում եմ զուգահեռներ եւ նշում, որ «դրամ» բառը նշանակում էր եւ վճարման միջոց, եւ քաշի միավոր: Այդ կերպ այն օգտագործվում էր Պարսկաստանում եւ հասել է մինչեւ Արեւմտյան Եվրոպա:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ավելորդ չէր լինի նշել, որ պատմականորեն երկիրը գտնվում էր ցամաքային առեւտրային ուղիների խաչմերուկում, դրան գումարած` ուներ վաճառական նավեր Կիլիկյան թագավորությունում: Այդ պատճառով, դրամը մինչ օրս օգտագործում են փողի նշանակման համար` լայն իմաստով, այսինքն՝ որպես վճարման միջոց:

Ավելին, ես կարծում եմ, որ հայերենում «կշռաքար» բառը, որը նմանատիպ է «քար» բառին, նշանակում էր վճարման միջոց հանդիսացող թանկարժեք քարեր: Բացի այդ, կա արտահայտություն «կշեռքին դնել», ինչը փոխաբերական իմաստով նշանակում է ինչ-որ բան գնահատել կամ կշռել: Ահա այստեղից էլ «դրամ» բառի իմաստի եւ հիշատակված հորիզոնական գծերի պատմական տեսակետը:

- Ի՞նչ բովանդակություն է դրված դրամի այսօրվա գրաֆիկական պատկերի մեջ, եւ կա՞ն արդյոք միջազգային չափանիշներ, որոնց մեջ պետք է տեղավորված լինեն արտարժույթների գրաֆիկական պատկերները:

- Որքանով ինձ է հայտնի, դրամի նշանը հանդիսացել է ազգային արժույթի առաջին խորհրդանշանը հետխորհրդային երկրներում, եւ դա այն դեպքում, երբ Հայաստանը վերջիններից է կիրառել սեփական դրամական միավորը: Դա այն բանի արդյունքն է, որ դրամի խորհրդանշանի հայտնվելու համար բավականին նախադրյալներ կային:

Նման նշանները հասարակ «ոլորագծեր» չեն, այլ համապատասխան պետության արժույթի ատրիբուտ, հետեւաբար` պետության խորհրդանշի տարր: Համաձայնեք, ոչ ոք չի վիճարկի, որ յուրաքանչյուր երկրի դրոշի, զինանշանի, օրհներգի օչինակով արժույթի նշանը զուգորդվում է տվյալ երկրի հետ եւ հանդիսանում այդ պետության սեփականությունը:

Խորհրդանշանի վրա աշխատելիս՝ ես չեմ ունեցել օգնականներ, խորհրդականներ եւ ոչ էլ հովանավորներ, ուստի ամեն ինչ անում էի ինքնուրույն եւ «սպիտակ էջից»: Արժույթների խորհրդանշանների գրաֆիկան կանոնակարգող փաստաթղթերի իմ որոնումները դեռեւս չեն բերել որեւէ արդյունքի: Ամենից հավանականը նա է, որ այս կամ այն երկրում կան միայն խորհրդանշանի օգտագործմանը վերաբերող վարչական ակտեր:
Հաճելի է, իհարկե, որ ներկայացրեցիք ինձ որպես փորձագետ, բայց, կարծում եմ, դեռ շատ անելիքներ կան դրամի խորհրդանշանի հիմնավորման եւ առաջխաղացման ուղղությամբ:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք այն կարծիքը, որ դրամի խորհրդանշանը կունենար էլ ավելի կարեւոր կիրառական նշանակություն, եթե դրամը միջազգային շուկաներում ունենար փոխարկելի արտարժույթի կարգավիճակ:

- Երկրի դրամական համակարգի զարգացումը նպաստում է փողերի խորհրդանշանների հայտնվելուն: Որքանո՞վ է կարեւոր արժույթների ազատ փոխարկելիությունը` թող դատեն տնտեսագետները, իսկ ես վստահ եմ, որ դրամի խորհրդանշանն ինքնին արդեն հարգանք է առաջացնում այն երկրի նկատմամբ, որը վերականգնել է իր պատմական վճարային միավորը:

Երբեմն ինձ հարցնում են՝ արժե՞ր արդյոք դրսեւորել ջանասիրություն եւ ակտիվ առաջ մղել խորհրդանշանը, եւ, ընդհանրապես, հարկավո՞ր է արդյոք այն մեզ: Պատասխանն ակնհայտ է` խորհրդանշանի լայն ներդրման բացակայության պատճառով այն երկրում, որտեղ գործում է դրամը, ավելի հաճախ կարելի է հանդիպել դոլարի ու եվրոյի նշանները, քան սեփական դրամական նշանը: Լավագույն դեպքում դրամի կիրառման ժամանակ օգտագործվում են այդ անվանման առաջին երկու տառերը, չնայած նրան, որ «հեծանիվ հորինել» արդեն պետք չէ:

- Գոյություն ունի՞ արդյոք նորմատիվ-իրավական դաշտ, որը կարգավորում է դրամի խորհրդանշանի կիրառումը:

- Խորհրդանշանի հետ կապված աշխատանքի շրջանակներում մշտապես շփվում եմ պետական կառույցների հետ, բայց վերջիններից եւ ոչ մեկը չի հիշատակել որեւիցե նորմատիվ փաստաթղթի առկայության մասին:

Չկա անգամ կոնկրետ փաստաթուղթ խորհրդանշանի նկատմամբ պետության հեղինակային իրավունքների մասին, իսկ դա նշանակում է, որ խորհրդանշանի դե-ֆակտո կարգավիճակը դեռ պետք է անցնի դե-յուռեի:

Անհրաժեշտ է նաեւ հստակ որոշել՝ որտեղ է պետք դնել խորհրդանշանը` թվերից առաջ, թե հետո: Հաճախ ասում են, որ մենք օգտագործում ենք «այսքան դրամ» արտահայտությունը, այդ պատճառով էլ խորհրդանշանը դնում ենք թվերից հետո: Սակայն տվյալ դեպքում մարդիկ շփոթում են «դրամ» բառը դրամի գրաֆիկական պատկերի, ինչպես նաեւ հայկական «Դ» տառի հետ: Իսկ ես համոզված եմ, հիմնավորում եմ այն, որ դրամի խորհրդանշանը պետք է նախորդի թվերին, քանի որ.

- հանդիսանում է պետության սեփականություն եւ սիմվոլներից մեկը, որը նշում է դրամի պատկանելիությունը Հայաստանին` AMD հապավման նման, որտեղ երկրի կոդը նախորդում է երկրի արժույթին (Armenian + Dram);

- ունի հավասարության նշան (=1000.00);

- տարբեր գրառումներում ձախ կողմից պաշտպանում է գումարը կեղծիքներից`  (նշան|1000|.00);

- համահունչ է միջազգային պաշտոնական կարգին`արտարժույթների եռատառ հապավումների դիրքի մասին` (AMD1000.00);

- համահունչ է հայտնի փոխարկելի արտարժույթների դիրքին:

Ավելին, անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան կարգավորող փաստաթղթում ամրագրվի, թե բառերից որ մեկն է` «խորհրդանշան», «նշան», «գրաֆիկական նշում», հանդիսանում հիմնականը դրամի համար:

- Իսկ որքանո՞վ ենք մենք` հայերս, տեղեկացված Դրամի խորհրդանշանի մասին եւ տիրապետու՞մ ենք արդյոք վերջինիս կիրառման գոնե տարրական կանոններին:

- Այսօր Wikipedia-ում գործարկված են իմ կողմից կազմված էջերը, որտեղ երեք լեզուներով ներկայացված է տեղեկատվություն խորհրդանշանի վերաբերյալ:

Օբյեկտիվ լինելու համար ասեմ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում այդ ուղղությամբ տեղի են ունեցել որոշակի դրական տեղաշարժեր` դրամի խորհրդանշանը հայտնվել է թղթադրամների, 5-հազարանոց հոբելյանական հուշամետաղադրամի վրա, համակարգչային պաշտոնական տառատեսակներում, ինչպես նաեւ օգտագործված է ՀՀ Կենտրոնական բանկի նորաբաց այցելուների կենտրոնի ձեւավորման մեջ: Բացի այդ, խորհրդանշանը արդեն ակտիվ օգտագործվում է գովազդում եւ գնապիտակների վրա:

Սակայն խորհրդանշանի կիրառումը դեռեւս կարգավորված չէ, այդ իսկ պատճառով ամեն մեկն օգտագործում է այն իրեն հարմար ձեւով: Ես համոզված եմ, որ խորհրդանշանի կիրառումը պետք է կարգավորվի, ինչպես պետության յուրաքանչյուր այլ խորհրդանիշի դեպքում:

Օգտվելով առիթից՝ կցանկանայի նշել, որ իմ կողմից նախաձեռնված աշխատանքները՝ ուղղված դրամի խորհրդանշանը Unicode միջազգային ստանդարտի մեջ տեղադրելուն, մոտենում են ավարտին:

- Որքան հայտնի է, Դուք հանդիսանում եք «Ազգային արժեքների եւ ժառանգության այգի» նախագծի հեղինակը. ի՞նչ գաղափար է դրված այդ նախագծի հիմքում, իրատեսակա՞ն եք համարում այդ այգու հիմնումը Երեւանում մոտ ապագայում:

- Որպես կանոն, նախագծերս գաղափարների շղթա են: Այդպես ստացվեց նաեւ Մետաղադրամների այգու (պայմանական անվանում) հետ կապված, երբ 2008 թվականի գարնան վերջին դրամի 15-ամյակի տոնակատարության հետ կապված առաջարկեցի տուֆից արձան կանգնեցնել դրամի խորհրդանշանին` որպես պատմական վճարման միջոցի: Քանի որ խորհրդանշանը հիշեցնում է հայկական տառի ուրվագծերը, ապա առաջարկեցի արձանը տեղադրել Ապարան տանող ճանապարհին տեղակայված Այբուբենի պուրակում: Այդ ժամանակ էլ առաջացավ գաղափար հիմնել այգի, որտեղ ներկայացված կլինի այն ամենը, ինչով կարող է հպարտանալ հայ ժողովուրդը:

Այգու առանցքային գաղափարն ոչ թե մետաղադրամների ցուցադրության մեջ է, այլ հուշամետաղադրամների եւ հուշամեդալների միջոցով ներկայացնել ազգային ժառանգությունը, ինչպես նաեւ իրագործել որոշակի նոր համահայկական ավանդույթ, որը կօգնի ազգի համախմբմանը:

Նախագծի մասին շատ է խոսացվել հեռուստատեսությամբ եւ մամուլում, այն եռալեզու տարբերակներով ներկայացված է Facebook-ում, որտեղ ես առաջարկում եմ բոլորին կիսվել իրենց կարծիքներով եւ մեկնաբանություններով:

Կարեն Կոմենդարյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 17866
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai