ՌԵՍՈ. «150 հոգի կանգնեցին առողջ ուղու վրա»

02.02.2012 | 21:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

ՌԵՍՈ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Սամվել Գրիգորյանի հարցազրույցը Մեդիամաքսին եւ Banks.am պորտալին

- Առողջ ուզում են լինել բոլորը, սակայն ոչ բոլորն են պատրաստ «զոհաբերել» իրենց ժամանակն ու ֆինանսական միջոցները` սեփական առողջությամբ զբաղվելու համար: Հասկանալի է, որ դրա համար կարող են լինել սոցիալական, հոգեբանական եւ այլ պատճառներ: Եվ ահա այդ ֆոնի վրա Հայաստանի ապահովագրական ընկերություններն առաջարկում են առողջության ապահովագրություն: Դժվար չէ՞ համոզել հաճախորդին  «կանգնել ճիշտ ուղու վրա »:

- Չէի ասի, որ սոցիալական պատճառները որոշիչ են: Առօրյա կյանքում մեզանից շատերը միջոցներ են ծախսում այնպիսի գնումների կամ ծառայությունների դիմաց, որոնք բնավ ներառված չեն առաջին անհրաժեշտության ծախսերի շարքում. հավաստիացնում եմ՝ կարող եմ բերել բազում նման օրինակներ:

Բացի այդ, մեզանից շատերը գումար են ծախսում վնասակար սովորությունների վրա, որոնց հետեւանքները բերում են կամ կարող են բերել ահռելի ծախսերի: Եվ հաճախ բացակայում է այն գիտակցությունը, որ, օրինակ, մեկ անձի ծխախոտի վրա մեկ տարվա ընթացքում հատկացվող գումարը, միջին հաշվարկով, կարող էր հոգալ երեք հոգանոց ընտանիքի առողջության տարեկան ապահովագրության ծախսերը:

Ինչ վերաբերում է հոգեբանական խնդրին, ապա ես ավելի շատ հակված եմ բնութագրել այն որպես հայերիս բնորոշ ազգային մենթալիտետ: Մենք պարզապես «չենք սիրում», կամ «ժամանակ չունենք» հետեւելու մեր առողջությանը: Այդ առումով մենք հետ ենք ոչ միայն զարգացած, այլեւ հետխորհրդային երկրներից: Այսօր ռուս կանանց պայուսակների զգալի մասը հատկացված է դեղերին, հայ կանայք ավելի շատ նախընտրում են դիմահարդարման պարագաներ (ծիծաղում է - հեղ.): Մենք դիմում ենք բժիշկի միայն ինքներս մեզ սպառելուց հետո: Միեւնույն ժամանակ, անհապաղ կգնանք արհեստանոց ավտոմեքենայի հետ կապված որեւէ խնդիր ունենալու դեպքում: Սա մենթալիտետ է:

Հասկանալի է, որ նշված գործոնները չեն կարող չանդրադառնալ ապահովագրական շուկայի մասնակիցների վրա` բժշկական ապահովագրությունն առաջ մղելու առումով: Բայց եւ այնպես, այս եւ հանրային նշանակություն ունեցող այլ բնագավառներում բիզնես կառույցները պարտավոր են ուղղորդվել սոցիալական պատասխանատվության սկզբունքներով, որոնք, վստահ եմ, ուշ թե շուտ կգնահատվեն հավանական հաճախորդների կողմից:

Հենց այդ սկզբունքներից ելնելով՝ անցյալ տարի ամռանը ՌԵՍՈ-ն գործարկեց Resomed առողջության ապահովագրության ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տրվեց անցնել անվճար բժշկական հետազոտություններ եւ ստանալ խորհրդատվություն: Ընդ որում, նշված ծառայություններից օգտվելուց հետո քաղաքացին ազատ էր իր հետագա ընտրության մեջ` նա կարող էր ձեռք բերել առողջության ապահովագրության պոլիսը, կարող էր եւ ընդհանրապես հրաժարվել ընկերության ծառայություններից:

- Կարո՞ ղ եք այսօր արդեն գնահատել այդ ծրագրի արդյունավետությունը: Ի դեպ, այն շարունակակա՞ն է լինելու:

- Եթե պատասխանեմ Ձեր նախորդ հարցի տրամաբանությամբ, ապա ասեմ, որ այդ ծրագրի արդյունքում 150 անձինք «կանգնեցին առողջ ուղու վրա»: Այսինքն, Resomed-ի շրջանակներում  անվճար հետազոտություններ անցած հաճախորդներից 150-ը կնքեցին պայմանագրեր: Դա վատ չի սկզբնական փուլի համար. փաստորեն, մենք ունեցանք ծրագրին մասնակցած չորսից մեկի արձագանքը:

Այնպես է ստացվել, որ մեր իրականության մեջ կամավոր ապահովագրությունն աշխատում է միայն այն դեպքում, երբ գործատուն ինքն է լուծում իր աշխատակիցների առողջության ապահովագրության հարցը՝ ներառելով այն կորպորատիվ փաթեթի մեջ: Մեծ մասամբ նման մոտեցումը գործում է արտաքին ֆինանսավորում ունեցող ընկերություններում: Դա գնային առումով շատ ավելի էժան է, քան անհատի դեպքում` այստեղ, ցավոք, կա կարծրատիպ, որ եթե հաճախորդը «դրսից է» դիմում ապահովագրական ընկերություն, ապա նա պարտադիր  խնդիրներ կունենա առողջության հետ:

Նշված համատեքստում Resomed-ը լուծում է երկու հիմնահարց: Նախ, անհատի համար ապահովվում է  հասանելիություն դեպի ապահովագրական ընկերություն, ընդ որում, մատչելի պայմաններով, եւ երկրորդը` սոցիալապես անապահով հաճախորդին ընձեռվում է հնարավորություն անցնել անվճար հետազոտություն եւ գոնե պատկերացում կազմել սեփական առողջական վիճակի մասին: 

Ծրագիրն ունենալու է շարունակական բնույթ:  Resomed-ի առաջին փուլում թողարկված 6-ամսյա կտրոններն ուժի մեջ էին մինչեւ անցած տարվա դեկտեմբերի վերջ: Այս տարի մեր ազգաբնակչությանը եւս կտրամադրեք հնարավորություն օգտվել այդ ծրագրից:    

-  Բայց, համաձայնվենք, որքան էլ գրավիչ լինեն մարքեթինգային առաջարկները, հաճախորդի մոտ միշտ կարող է հարց առաջանալ` արդյոք նա կստանա՞ արժանի սպասարկում այս կամ այն բուժհաստատությունում եւ ստիպված չի՞ լինի արժանանալ անհրաժեշտ ուշադրությանը ի հաշիվ հավելյալ վճարների: 


- Առաջին քայլն այս ուղղությամբ արդեն արված է: Մասնավորապես, Հայաստանում ներդրվել է համավճարների մեխանիզմ, որով սահմանվել են իրատեսական սակագներ բուժծառայության տարբեր տեսակների համար` վճարների մի մասը ապահովում է պետությանը, մնացածը վճարում է հաճախորդը: Բայց եւ այնպես, այս մեխանիզմը կատարյալ չաշխատեց: Մնաց  բուժանձնակազմին «պարգեւատրելու» Ձեր կողմից նշված խնդիրը:

Դրանով գործընթացը կանգ չի առել, ինչի մասին է վկայում կառավարության նախաձեռնությունը պետական ծառայողներին տրամադրել սոցիալական աջակցության փաթեթ, որն իր մեջ ներառում է նաեւ առողջության ապահովագրության ուղղությունը: Այստեղ խոսքը գնում է 120 հազար շահառուների մասին: Ստացվում է, որ պահանջատիրոջ կարգավիճակով արդեն հանդես կգա բնակչության շատ ավելի մեծ  զանգված, ինչն ենթադրում է, որ բնագավառում եղած խնդիրները կդառնան էլ ավելի տեսանելի, կունենան հանրային հնչեղություն եւ, հետեւաբար, լուծում կստանան:

Ընդ որում, պահանջատիրոջ դիրքերից հանդես կգա ոչ միայն հաճախորդը, այլեւ ապահովագրական ընկերությունը, քանի որ, եթե, օրինակ, մեր հաճախորդը սպասարկման հարցում դժգոհ մնա, դա կանդրադառնա նաեւ մեր ընկերության իմիջին:

Այդ տրամաբանությունից ելնելով՝ մենք արդեն իսկ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել եւ պայմանագրեր ենք կնքել մի շարք  բուժհաստատությունների հետ, ընդ որում, նաեւ մարզերում: Դրանց շրջանակներում մեր կողմից ապահովագրված հաճախորդը կունենա  բուժանձնակազմից հատուկ կցված պատասխանատու, ով կպաշտպանի հաճախորդի շահերը: 

Եթե գնանք հետ, ապա կհիշենք, որ ժամանակին վարկ տալը համարվում էր «լավություն»: Ի վերջո, մրցակցությունը հանգեցրեց նրան, որ այսօր վարկավորման բնագավառում պայքար է գնում յուրաքանչյուր հաճախորդի համար: Հենց սրան պետք է հասնենք առողջության ապահովագրության ոլորտում:

Վերադառնալով սոցիալական աջակցության փաթեթին՝ նշեմ, որ եթե 120 հազար հոգուց գոնե 20 հազարի մոտ ձեւավորվի դրական կարծիք առողջության ապահովագրության մասին, դա կնպաստի այս ոլորտի նկատմամբ հասարակական կարծիքի վերանայմանը: 

ԱՊՊԱ-ի միջոցով բնակչության որոշակի հատված արդեն առնչվել է բուժհաստատությունների հետ, եւ այդ առումով փաթեթի ներդրումը կարելի է գնահատել որպես ճիշտ ծրագրված աստիճանական քայլերի շղթա: Համոզված եմ, սա կբերի սահուն անցման դեպի պարտադիր բժշկական ապահովագրություն (ՊԲԱ):

- Իսկ ավելի իրատեսական չէ՞ր լինի, եթե սկզբից աշխատեր ՊԲԱ-ն, հետո նոր՝ ԱՊՊԱ-ն: Չէ՞ որ, եթե գործեր ՊԲԱ-ն, ապա մինչ ԱՊՊԱ-ի գծով վերջնական եզրակացություն ստանալը, անձնական վնասների  նախնական հատուցումը հնարավոր կլիներ կատարել ՊԲԱ-ի  համակարգի հաշվին:
 

- Չեմ կարծում, որ դա արդարացված կլիներ: Ըստ իս, այս համատեքստում գործադիր մարմնի քայլերի հերթականությունը պայմանավորված է այս կամ այն համակարգի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ծավալներով, դրանց զարգացվածության մակարդակով:   Այս առումով ավելի իրատեսական էր սկզբից ներդնել ԱՊՊԱ համակարգը, նախ եւ առաջ, պրակտիկ մասի ապահովման առումով:

Օգտվելով առիթից՝ կուզենայի նշել, որ ԱՊՊԱ-ի բնագավառում մեր մարքեթինգային լուծումները եւս ներառում են սոցիալական պատասխանատվության գաղափարը: Այսուհետ, հաճախորդի համաձայնության դեպքում, ՌԵՍՈ-ն անվճար հիմունքներով  իր վրա է վերցնում այլ ընկերություններից գույքային վնասի հատուցման հետ կապված բոլոր կազմակերպչական հարցերը, ինչպես նաեւ նախապես վճարում է վնասի նախնական գնահատված արժեքի 70%-ը: Արդյունքում խնայվում են հաճախորդի ժամանակն ու նյարդերը, կառավարվում է ծախսերի ժամանակացույցը:

- Ի՞նչ մասնաբաժին է կազմում առողջության ապահովագրությունն ընկերության ընդհանուր պորտֆելում:


- Իրականում, քանի որ ԱՊՊԱ-ն իր ծավալներով կազմում է գերակշիռ մաս (պորտֆելի մոտ 90%-ը), ընդ որում, շուկայի բոլոր մասնակիցների մոտ, ուստի այստեղ ավելի ճիշտ կլինի կենտրոնանալ ոչ թե մասնաբաժնի, այլ այս ապրանքատեսակի դինամիկայի վրա, ինչը մենք ակնհայտ նկատում ենք: 

Պակաս կարեւոր չէ նաեւ այն հանգամանքը, որ մենք կախված չենք կորպորատիվ փաթեթից, ինչը ֆորս-մաժորային դեպքերում զերծ կպահի մեզ ոչ ցանկալի անակնկալներից: 

- Եվ վերջին հարցը. իսկ Դուք ապահովագրե՞լ եք Ձեր առողջությունը:

- Այո (ցույց է տալիս ապահովագրության քարտը - հեղ.), եւ դրա արդյունքում պարզեցի, որ առողջությանս հետ ամեն ինչ նորմալ  է: Առողջ եղեք: 

Սամվել Գրիգորյանի հետ զրուցեց Խորեն Օրմանյանը:

Դիտում՝ 7765
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai