Ֆասթ Կրեդիտ Կապիտալ. «Մենք ունենք լուրջ նպատակներ եւ հավակնություններ»

25.01.2012 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈւՎԿ գլխավոր գործադիր տնօրեն Վարդան Հովսեփյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Ֆասթ Կրեդիտ Կապիտալ ՈՒՎԿ-ն հիմնադրվել է վերջերս, մինչդեռ Ֆասթ Կրեդիտ գրավատների ցանցը գործում է 1994 թվականից: Ինչո՞վ էր պայմանավորված Ֆասթ Կրեդիտ-ի հիմնադիրների որոշումը՝ հիմնել նոր կառույց, եւ կարելի՞ է արդյոք դիտարկել այս քայլը որպես բիզնես-տրանսֆորմացիայի մեկնարկ:

- Այո, Ֆասթ Կրեդիտը գործում է արդեն շուրջ 18 տարի, տարիների ընթացքում հասցրել է ձեւավորել հաճախորդների կայուն զանգված, եւ հաճախորդների քանակն օրեցօր աճում է: Այսօր Ֆասթ Կրեդիտի ցանցն իր մեջ ներառում է 10 գրավատուն: Այս պարագայում մեր համար առաջնային խնդիրներից մեկն է հաճախորդների արագ եւ որակյալ սպասարկումը:

Ցավոք, գրավատնային գործունեությունը կարգավորող օրենսդրությունն ունի որոշակի սահմանափակումներ, որոնք էապես բարդացնում են մեր առջեւ դրված այդ խնդիրը, ի նկատի ունեմ, հաճախորդների սպասարկման արագությունն ու որակը, ինչն էլ հենց հանդիսացել է վարկային կազմակերպություն հիմնելու դրդապատճառներից մեկը: Եվ, իհարկե, սա միանշանակ կարելի է դիտարկել որպես բիզնես-տրանսֆորմացիայի մեկնարկ:

Սա, ըստ էության, մեր բիզնեսի բնականոն զարգացման մի նոր մակարդակ է, շատ մեծ քայլ դեպի առաջ: Մեր կողմից տարվում են նախապատրաստական աշխատանքներ` տրանսֆորմացիան մեր հաճախորդի համար հնարավորինս անցավ կազմակերպելու ուղղությամբ: Ներկայումս բանակցում ենք Կենտրոնական բանկի հետ` գրավատները որպես վարկային կազմակերպության մասնաճյուղ գրանցելու ուղղությամբ, եւ հուսով ենք այս գործընթացն առաջիկա ամիսների ընթացքում հասցնել ավարտին:

- Որքանո՞վ են տարբերվում իրավական դաշտերը, որտեղ գործում են գրավատներն ու ունիվերսալ վարկային կազմակերպությունները` թե  ֆինանսական նորմատիվների, եւ թե տեխնիկական զինվածության, շենքային պայմանների  առումով:

- Օրենսդրությունն արմատապես տարբեր է: Իհարկե, պետք է ասեմ, որ գրավատներին նույնպես ներկայացվում են որոշակի տեխնիկական զինվածության պահանջներ, սակայն ֆինանսական եւ գործառութային հնարավորությունների առումով գրավատնային գործունեությունը խիստ սահմանափակ է:

Վարկային կազմակերպություններն ունեն անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ եւ, այսպես ասած, աշխատանքային հարթակ: Ինչ խոսք, նորմատիվային դաշտն ավելի խիստ է, բայց դա ոչ մի կերպ չի կարող հանդիսանալ խոչընդոտ վարկային կազմակերպության զարգացման համար:

- Առհասարակ, ի՞նչ բնութագիր կտաք Հայաստանում գրավատնային բիզնեսին: Հաջողվե՞լ է վերջինիս կայանալ որպես ֆինասական շուկայի առանձին ճյուղ:


- Գրավատներն իրենց ուրույն դերն ունեն մեր ֆինանսական շուկայում, եւ այդ դերն որոշ առումներով անփոխարինելի է: 2006թ. հունվարի 1-ից, երբ տեղի ունեցավ ֆինանսական համակարգի նկատմամբ վերահսկողության կենտրոնացում Կենտրոնական բանկի ձեռքերում, գրավատների նկատմամբ վերահսկողությունը նույնպես փոխանցվեց Կենտրոնական բանկին, ինչի շնորհիվ էապես կանոնակարգվել է այս ոլորտը: Իհարկե, անելիքներ դեռ շատ կան, բայց գրավատնային բիզնեսը Հայաստանում կարելի է համարել կայացած:

- Խնդրում եմ, պարզաբանեք` ի՞նչ դրդապատճառներից ելնելով հաճախորդը  փոխառու միջոցներ ստանալու համար կօգտվի այսօր գրավատան, այլ ոչ թե վարկային կազմակերպության կամ բանկի ծառայություններից:


- Հետաքրքիր հարց է: Այսօր բանկերից եւ վարկային կազմակերպություններից շատերն են առաջարկում ոսկու գրավով, այսպես կոչված, լոմբարդային վարկեր, որոնք, ըստ էության, ավելի էժան են, քան գրավատների կողմից առաջարկվող նույն պրոդուկտը: Առաջին հայացքից թվում է, թե եթե կա այլընտրանք, ինչո՞ւ օգտվել ավելի թանկ աղբյուրից: Բայց դրա համար կան որոշակի պատճառներ:

Կարծում եմ, առաջնային դրդապատճառներից է գրավատների սպասարկման արագությունը եւ ճկունությունը: Բացի այդ, բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից հաճախ առաջարկվում են առաջին հայացքից չերեւացող, ոչ էական թվացող որոշ պայմաններ, որոնք հաճախորդին կարող են այդքան էլ դուր չգալ: Օրինակ, վարկի տրամադրման հետ կապված որոշակի սակագներ կամ մի քանի ամսվա տոկոսների նախապես գանձում, եւ այլն: Եվ հետո, հաճախորդներից շատերը, չգիտես ինչու, խուսափում են բանկ այցելելուց: Դա գուցե ինչ-որ հոգեբանական պահ է, եւ գոյություն ունի հաճախորդների մի խավ, որն իրեն ավելի հարմարավետ է զգում գրավատանը, քան բանկում:

Մենք փորձել ենք հասկանալ մեր հաճախորդի պահանջմունքները  եւ մաքսիմալ կերպով բիզնեսը հարմարացնել մեր հաճախորդին, որպեսզի նա իրեն լավ զգա մեր մոտ սպասարկվելուց: Եվ այս ավանդույթը, ինչ խոսք, շարունակվում է նաեւ վարկային կազմակերպությունում:

- Որքանո՞վ է հիմնավորված այն կարծիքը, համաձայն որի ՀՀ ֆինանսավարկային շուկայի զարգացումը, մասնավորապես, բանկերի եւ վարկային կազմակերպությունների գործունեության սրընթաց աճը, կբերի կամ արդեն իսկ բերել է գրավատների դերակատարության անկմանը:

- Դա անխուսափելի է: Եվ սա պայմանավորված է ոչ միայն բանկային համակարգի զարգացումներով: Տնտեսության կայունացմանը զուգընթաց գրավատների նկատմամբ պահանջարկը հասարակության մոտ գնալով կնվազի, ինչը, իհարկե, կբերի գրավատների դերակատարման անկմանը եւ, որպես հետեւանք, դրանց քանակի էապես կրճատմանը:

Մեր տրանսֆորմացիան դրա վառ ապացույցն է, մենք գտնում ենք, որ այսօր մեր հասարակությունը եւ, ինչու չէ, նաեւ տնտեսությունը պատրաստ են նման փոփոխությունների: Ես համոզված եմ, որ մեր հաճախորդը հավատարիմ կմնա մեզ, կսպասարկվի մեր կազմակերպությունում եւ չի ունենա ցանկություն սպասարկվելու գրավատներում:

- Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Ձեր կազմակերպության անվանման մաս կազմող Fast բառը կդառնա Ֆասթ Կրեդիտ Կապիտալ-ի մրցակցային առավելությունը` հաճախորդներին արագ եւ պարզեցված ընթացակարգով սպասարկելու առումով:

- Միանշանակ՝ այո: Մենք մշտապես կատարելագործվելու ենք եւ շարժվելու դեպի հաճախորդը: Եվ, ինչպես արդեն նշել էի, վարկային կազմակերպության ստեղծման նախադրյալներից մեկը հենց դա էր: Սա դեռ սկիզբն է, մենք ունենք լուրջ նպատակներ եւ լուրջ հավակնություններ:

Չեմ ուզում ժամանակից շուտ բացել բոլոր փակագծերը, բայց մոտ ապագայում նախատեսում ենք իրականացնել մի շարք միջոցառումներ` հաճախորդին էլ ավելի մոտ եւ հասանելի լինելու ուղղությամբ: Շուտով մենք մեր հաճախորդներին կառաջարկենք էլ ավելի արագ եւ որակյալ սպասարկում եւ, իհարկե, նոր հնարավորություններ: Հուսով ենք, մեր հաճախորդը կգնահատի դա եւ գոհ կլինի մեր աշխատանքից:

Վարդան Հովսեփյանի հետ զրուցեց  Խորեն Օրմանյանը

Դիտում՝ 11610
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai