“Զարգացման Հայկական Բանկ”. “Մենք որդեգրել ենք աճի քաղաքականություն”

02.03.2011 | 23:56 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
“Զարգացման Հայկական Բանկի” Վարչության նախագահ Կարեն Սարգսյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- “Զարգացման Հայկական Բանկը” միշտ առանձնացել է զուսպ մարքեթինգային քաղաքականությամբ: Սակայն փետրվարի սկզբին դուք հանդես եկաք բավականին հավակնոտ առաջարկով, որի համաձայն հաճախորդների որոշակի հատվածի բանկային հաշիվները եւ պլաստիկ քարտերը կսպասարկվեն անվճար: 

- Իսկապես, “Զարգացման Հայկական Բանկը” իր գործունեության 20 տարիների ընթացքում վարել է առավել համեստ մարքեթինգային քաղաքականություն, ինչը, սակայն, ամենեւին չի խանգարել բանկին այս ժամանակահատվածում իր ուրույն տեղը զբաղեցնել ՀՀ բանկային համակարգում: 

Սակայն այս տարվա սկզբից բանկն իր առջեւ դրել է ավելի հավակնոտ ծրագրեր, որոնց կյանքի կոչելու համար մեծ կարեւորություն են տրվում ուղղակի մարքեթինգային քայլերին: Խոսքը, մասնավորապես, վերաբերվում է բանկային 14 անուն ծառայությունների անվճար մատուցմանը, որոնց թվում են հաճախորդի համար այնպիսի կարեւոր ծառայություններ, ինչպիսիք են` միջազգային եւ տեղական փոխանցումների իրականացումը, կանխիկացման գործարքները, պլաստիկ քարտերի տրամադրման եւ սպասարկման գործարքները, ինտերնետ-բանկ համակարգը եւ այլն: 

Սա անցում է նոր մարքեթինգային քաղաքականության, եթե կուզեք` աճի քաղաքականության, որն ուղղված է բանկի մեծացմանը: 

- Ու՞մ Է հասցեագրված նոր առաջարկը:

- Որպես կանոն, բանկային գործունեության ոլորտում ընդունված է սպասարկման առավել արտոնյալ պայմաններ առաջարկել խոշոր հաճախորդներին: Մեր առաջարկը յուրահատուկ է նրանով, որ այն ուղղված է միջին եւ միջինից էլ ցածր շրջանառություն ունեցող հաճախորդներին, ընդհուպ մինչեւ 1 մլն դրամ մնացորդ ունեցողներին: 

Յուրաքանչյուր հաճախորդ, մեր բանկում իր հաշվին ունենալով 1 մլն գումարին համարժեք հաշվի միջին մնացորդ, կամ 10 մլն դրամին համարժեք ավանդ` բանկային ծառայությունների արդեն թվարկված գործարքներն իրականացնում է անվճար: 

Ի դեպ նշեմ, որ մեր բոլոր հաճախորդների ցպահանջ հաշիվներին առաջարկում ենք բանկային համակարգի համար բավականին բարձր տոկոսներ` դրամի համար 5%, իսկ արտարժույթի համար 3%: Կարծում ենք, սա լավ գործիք է փոքր եւ միջին բիզնեսին իրենց ժամանակավորապես ազատ միջոցները կառավարելու համար: 

Ինչպես տեսնում եք, նոր առաջարկը իր մեջ ներառում է բանկային ծառայությունների գրեթե ողջ տեսականին: Կարծում եմ, սա շահավետ առաջարկ է բոլոր այն փոքր եւ միջին ձեռնարկությունների համար, ովքեր ցանկանում են էապես կրճատել իրենց բանկային ծախսերը: Այն անձինք, ովքեր բավարարում են վերոնշյալ պայմաններին, այդ թվում` բանկի գործող հաճախորդները, այսուհետ կսպասարկվեն անվճար:

Միեւնույն ժամանակ սա չի նշանակում, որ մենք փակ ենք բանկի համար ավանդական հաճախորդ հանդիսացող խոշոր բիզնեսի համար, քանի որ նրանց համար, առավել եւս, գործում են այդ նույն արտոնյալ պայմանները:   

- Ձեր բանկի իրավական կարգավիճակը ենթադրում է կոլեգիալ որոշումների ընդունման ընթացակարգ: Միաժամանակ, բանկի բաժնետոմսերի նշանակալից սեփականատեր են հանդիսանում երեք անձ, այդ թվում` հայտնի գործարար Ռուբեն Հայրապետյանը: Ինչպե՞ս է անդրադառնում այդ հանգամանքը բանկի վրա ռազմավարական որոշումներ ընդունելիս: 

- Ինչ խոսք, նման բաժնետեր ունենալը մեզ համար պատվաբեր է, սակայն հաշվի առեք, որ “Զարգացման Հայկական Բանկը” մեր հանրապետության առաջին եւ ներկայումս էլ այն սակավաթիվ բանկերից է, որն իր կազմակերպա-իրավական կարգավիճակով բաց բաժնետիրական ընկերություն է: Ընդ որում, մեզ մոտ կորպորատիվ կառավարման մշակույթը ունի երկարամյա պատմություն եւ դրված է խորը հիմքերի վրա: 

Ավելին, բանկի կանոնադրությամբ սահմանափակված է մեկ անձի կողմից կապիտալի 20 եւ ավելի տոկոս բաժնետոմսեր տիրապետելու հնարավորությունը: Ինչ վերաբերում է ռազմավարական որոշումներին, ապա դրանք ընդունվում են բացառապես ԲԲԸ կորպորատիվ սկզբունքներին համապատասխան` ընդհանուր ժողովի կամ խորհրդի իրավասության պարագայում վերջինիս կողմից:

Ասածիս վառ ապացույցը մեր բաժնետերերի կազմն է: Այսօր բանկն ունի 75 բաժնետեր, որոնց կազմում ընդգրկված են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, այդ թվում ռեզիդենտներ եւ ոչ ռեզիդենտներ: 

Մեզ վստահում են ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանյան շատ երկրներում: Բանկը ներդրողներ ունի ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Ավստրալիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Կանադայից, Շվեդիայից, անգամ Բրազիլիայից: Նշեմ, որ այս անձինք իրենց բաժնետոմսերը ձեռք են բերել ազատ վաճառքի միջոցով Հայաստանի Ֆոնդային Բորսայից, որտեղ եւ պարբերաբար գնանշվում են մեր բանկի բաժնետոմսերը: 

Կարծում եմ, նման կազմով բաժնետիրական ընկերություն Հայաստանում չեք գտնի: Նման թափանցիկությունը նշանակում է, որ մենք բաց ենք բոլորի համար:      

- Իսկ նախատեսու՞մ եք ակտիվացնել աշխատանքը միջազգային ֆինանսական կառույցների հետ:  

- Այո, սա մեզ համար կարեւորագույն խնդիր է: Ներկայումս մենք սկսել ենք բանակցություններ վարել միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ` ուշադրությունը սեւեռելով փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանն ուղղված վարկային ծրագրերին: 

- Կա՞ն արդյոք  փոփոխություններ վարկային առաջարկների առումով:  

- Բանկը մշակել է հաճախորդների համար մի շարք նոր պայմաններ, որոնցից կկարեւորեի վարկերի տրամադրման ժամկետների երկարացումը: Առեւտրային վարկերի համար առաջարկվում է մինչեւ 7 տարի մարման ժամկետ, իսկ սպառողական վարկերի համար առավելագույն ժամկետ է սահմանվել 5 տարին: Սրանք շահեկանորեն տարբերվում է այսօր շուկայում առկա առաջարկներից: 

Ֆիզիկական անձանց համար ներդրվել է “Ակնթարթային” սպառողական վարկը, որը հնարավորություն է տալիս հաճախորդին 1 օրվա ընթացքում տեղեկանալ վարկի տրամադրման որոշման մասին եւ հաշված օրերում ստանալ այն: 

- Մրցակցային պայքարում բանկերը սկսել են մեծ ուշադրություն դարձնել մանրածախ ծառայություններին: Չե՞ք կարծում, որ այս ոլորտում  բանկը զիջում է իր դիրքերը, առաջին հերթին, մասնաճյուղերի սակավության առումով:  

- 2011 թվականին նպատակ ունենք կյանքի կոչել բազում ծրագրեր, էլ ավելի բարձրացնել հաճախորդների սպասարկման որակը եւ Հայաստանի տարբեր մարզերում մատչելի դարձնել բանկի ծառայությունները` բացելով նոր եւ հարմարավետ մասնաճյուղեր: 

Այս տարվա հունվարին մենք արդեն ներկայացանք Վանաձոր քաղաքում, նախատեսում ենք մասնաճյուղեր բացել Գյումրիում, Արմավիրում, նաեւ 3-րդ մասնաճյուղը` Երեւանում: 

Բայց եւ այնպես, մենք նպատակ չենք դրել մեծ սփռված մասնաճյուղային ցանց ձեւավորել, քանի որ գտնում ենք, որ ժամանակակից տեխնոլոգիական լուծումները կարող են բանկին մոտեցնել ցանկացած հաճախորդի: Խոսքս, իհարկե, ինտերնետ-բանկ համակարգի մասին է: 

- Ինչպիսի՞ն  էր 2010 թվականը բանկի համար եւ ի՞նչ ծրագրեր ունեք այս տարվա համար:

- Չնայած ընդունված է 2010-ը համարել հետճգնաժամային տարի, որը բնորոշվում է ճգնաժամի հարվածներից վերականգնմամբ, սակայն բանկի համար այն եղել է իր պատմության մեջ լավագույն տարին` թե ակտիվների եւ կապիտալի մեծության, եւ թե շահույթի տեսանկյունից: 

Ունենալով իր չափերի մեջ համեստ դիրքեր բանկային համակարգում` “Զարգացման Հայկական Բանկը” կարողացել է շոշափելի շահույթ ստանալ, որը հարկերի վճարումից հետո կազմել է մոտ 730 մլն. դրամ: Հարաբերական ցուցանիշներով բանկը նույնպես բարձր դիրքերում է, մասնավորապես բանկի ակտիվների եկամտաբերության ցուցանիշը (ROA) կազմել է 3.21%, սա 7-րդ տեղն է համակարգում, եւ միջինից էականորեն բարձր ցուցանիշ է: Կապիտալի եկամտաբերությանը (ROE) կազմել է 10.29%, որով բանկը համակարգում գրավում է 9-րդ հորիզոնականը:

Ինչ վերաբերում է 2011թ.-ին, ապա հաշվի առնելով մեր կողմից որդեգրած աճի քաղաքականությունը, կձգտենք բանկի ծառայությունները դարձնել մատչելի հանրության առավել լայն շերտերին, ինչպես նաեւ ընդլայնել դրանց կազմն ու քանակը: 

Դիտում՝ 12921
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai