Բեկոր Փափազյան. “Մեր նպատակը կատալիտիկ ծրագրեր մշակելն է”

13.02.2011 | 20:40 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը

- Հաճախ, երբ խոսք է գնում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մասին, կարելի է լսել հետեւյալ թեզը. այսօր Հայաստանում առհասարակ հնարավոր չէ ունենալ մրցունակ տնտեսություն, կամ միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ մի շարք խնդիրների պատճառով. մոնոպոլիաների առկայություն, կոռուպցիա, օրենքի գերակայության բացակայութուն եւ այլն: 

- Իհարկե, Հայաստանը չի կարող լիարժեք դրսեւորել իր ներուժը, եթե այդ եւ շատ ուրիշ խնդիրներ չլուծվեն: Եւ մեր գործունեության հիմքում ընկած է հենց այն տեսլականը, որ քաղաքական եւ որոշ այլ գործընթացների արդյունքում մենք ունենալու ենք շատ ավելի բաց, արդյունավետ, ներդրողների համար գրավիչ շուկայական համակարգ: 

Կառուցվածքային խնդիրների հաղթահարման նպատակով կարեւոր է ստեղծել այնպիսի ծրագրեր, որոնք նաեւ բովանդակային ծառայությունների առումով մրցունակություն կառաջացնեն: Մեր գործունեությունն այնպիսի կատալիտիկ ծրագրեր մշակելն է: Արդյունքում, համակարգը ավելի կայուն հիմքերի վրա դնելու “մրցանակը” ավելի մեծ է լինում, համակարգային բարելավումների խթանները խոշորանում են` ինչպես եղավ Տաթեւի կամ Հարավային միջանցքի ծրագրի դեպքում: 
Այդպիսի ծրագրերը Հայաստանը հասցնում են ֆինանսական հոսքեր ներգրավելու շեմին: 

- ՀԱՄՀ-ի նախորդ տարվա գործունեության ամենավառ օրինակն էր Տաթեւի ճոպանուղու բացումը: Ի՞նչ եք կարծում, այն դարձա՞վ նոր Հայաստանի խորհրդանիշը: 

- Կարծում եմ` այո: Նախ, մենք ինքներս կարողացանք համոզվել, որ կատալիտիկ ծրագրեր մշակելու ռազմավարությունը գործող տարբերակ է: Ճոպանուղին նպատակ ուներ ապացուցել, որ կատարվում են խոշոր փոփոխություններ: Արդյունքում, ավելի դյուրին դարձավ հաջորդ ծրագրերի օժանդակության, ֆինանսավորման խնդիրը: 

Մյուս կողմից, պետությունը, որն արդեն մեկ տասնամյակ է, որ Տաթեւի շրջանի ճանապարհները լիարժեք չէր վերանորոգել, տեսնելով, որ բարերարները, ծրագրի գործընկերները ներդրումներ են կատարում, հասկացավ, որ չի կարելի հետաձգել ճանապարհների վերանորոգումը: Այսինքն, ճոպանուղու կառուցումը եւ վանքի վերանորոգումը կատալիզատորի դեր կատարեց ճանապարհների վերանորոգման համար: 

Ճոպանուղու բացումից անմիջապես հետո մեկնարկեցինք Հարավային միջանցքի ռազմավարական պլանավորման գործընթացը: Արդեն ունենք առաջին տարբերակը, իսկ մի քանի ամիս անց կունենանք վերջնականը: «Տաթևի վերածնունդը» մեկն է Զբոսաշրջության հարավային միջանցքի հավանական ծրագրերից, որը մենք սկսեցինք և որը կլինի մի շարք ապագա ծրագրերի առաջատարը:

- Ե՞րբ է նախատեսվում Հարավային միջանցքի գործարկումը, այն ե՞րբ կունենա նախանշված վերջնական տեսքը: 

- Ապրիլին նախատեսում ենք շրջանառության մեջ դնել նախագիծը, որը ներառում է եւ ֆինանսական հոսքերի պլանավորումը, եւ ենթակառուցվածքների ստեղծումը, եւ տարածքների օգտագործումը, եւ նոր զբոսաշրջային ապրանքատեսակների ստեղծումը: Նաեւ առաջարկ կա ստեղծել Հարավային միջանցքի գործունեությունը կարգավորող նոր մարմին: Լրամշակումն ու կարծիքների ներգրավումը կպահանջի եւս մի քանի ամիս, եւ մինչեւ տարեվերջ ծրագիրը կստանա վերջնական կարգավիճակ: 

- Փաստորեն, տուրիզմի զարգացման ոլորտում հիմնադրամի հիմնական գործառույթը ենթակառուցվածքներ ստեղծելն է, նոր մշակույթ ներմուծելը: Պատրաստ են արդյո՞ք շուկայի մասնակիցները` մասնավոր տուրիստական ընկերությունները: 

- Այո, մենք պետք է մշակենք օրինակներ, ծրագրեր, դրանցից միայն մեկը կամ երկուսը ինքներս իրականացնենք`բարենպաստ միջոցներ ստեղծելով տուրիստական գործակալությունների ներգրավման համար:

Կարծում եմ, որ Հայաստանի տուրօպերատորները բավական լավ են պատրաստված եւ մեր գործարար աշխարհի ամենաառաջադեմ ներկայացուցիչներից են: Ոլորտի ներկայացուցիչների մեծ մասը պատրաստ է նոր իրողություններին, առկա է մեծ ներուժ: Այս ծրագրերը պետք է համեմատաբար մրցունակ, բայց այսօր ընդլայնվելու հնարավորություն չունեցող զբոսաշրջային ընկերություններին առաջ գնալու առիթ տան: 

- Զբոսաշրջության ոլորտում քննադատները պնդում են, թե չի կարող տուրիզմ զարգանալ մի երկրում, որը գրեթե չունի համեմատաբար էժան հյուրանոցներ: 

- Եթե խոսում ենք ոչ կենտրոնական պլանավորմամբ տնտեսության մասին, այդ խնդրին պետք է մոտենալ համակարգային տեսանկյունից: Հիմնական խնդիրը տուրիզմի պահանջարկի փոքր լինելն է: Եթե արտասահմանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակն ավելանա, հյուրանոցների գները կիջնեն: Այսօրվա դրությամբ հյուրանոցները դիմում են այնպիսի գնային քաղաքականության, որը թույլ կտա կարճ ժամանակահատվածում, քիչ հաճախորդ ունենալով, գումար վաստակել: Իսկ եթե զբոսաշրջիկների հոսքերը լինեն շատ եւ բազմազան, կավելանա հյուրանոցների քանակը, սենյակների զբաղվածությունը, ինչը դրական կանդրադառնա գների վրա: 

Այսօր Հայաստանի հիմնական խնդիրն այն չէ, որ գերմանացի զբոսաշրջիկը ասում է` չեմ ուզում Հայաստան գնալ, որովհետեւ հյուրանոցի գները թանկ են կամ ենթակառուցվածքը վատն է: Նա չի գալիս Հայաստան, որովհետեւ չի լսել Հայաստանի մասին կամ մեր երկիրը բավարար գայթակղիչ, հրապուրիչ չի համարում: Դրա համար մենք պետք է ներկայանանք հնարավորինս մեծ թվով շուկաներում նոր զբոսաշրջային արդյունքներով: 

- Մի կողմից, մենք ասում ենք, որ զբոսաշրջիկների հոսքը բավարար չէ, մյուս կողմից, եթե հետեւենք պաշտոնական տվյալներին, տարեցտարի նկատվում է տուրիստների հոսքի զգալի ավելացում: Հարց է առաջանում` որքանո՞վ է ճիշտ այն մոտեցումը, երբ փաստացի բոլոր այն արտասահմանցիները, որ գալիս են Հայաստան, որակվում են որպես զբոսաշրջիկներ: 

- Իրոք, մեզ անհրաժեշտ է ավելի լավ մեթոդաբանություն եւ հոսքերը չափելու ստույգ մեխանիզմ: Հրապարակվող թիվն այցելուների թիվն է: Տուրիստների քանակը կարող է ավելի փոքր լինել, սակայն աճը հստակ է, Հայաստանում տուրիզմն աճում է: Դա մասամբ պայմանավորված է նաեւ օդանավակայանի լավ աշխատանքով: Թեեւ չվերթների գները դեռ շատ մատչելի չեն, սակայն զբոսաշրջիկներն ունեն ընտրության ավելի մեծ հնարավարություն: 

- Հիմնադրամի մյուս խոշոր ծրագիրը Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնն է: Այդ ծրագրի ուղղությամբ այս տարի ի՞նչ գործնական քայլեր են իրականացվելու: 

- Ծրագրի նպատակը 3 բաղադրիչ կյանքի կոչելն է: 2010 թվականին ծրագրի առաջին կոմպոնենտը` Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը, իրագործելու համար 5 մլն եվրո է մոբիլիզացվել, որից 1.7 մլն եվրոն Բելգիայի կառավարության դրամաշնորհն է: Դրան զուգահեռ այս տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը 3 մլն եվրո կհատկացնի կենտրոնի շենքի շինարարության և ղեկավարության աշխատավարձերը հոգալու համար: Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնում կարտադրի դեղորայք, որն անհրաժեշտ է քաղցկեղի ախտորոշման ու բուժման համար: Այն դժվար է ներմուծել, քանի որ այդ դեղորայքը շատ կարճ կյանք ունի. պետք է օգտագործվի արտադրելուց անմիջապես հետո: Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կլինի պետական-մասնավոր սկզբունքով գործող և շահույթ չհետապնդող հաստատություն: Երկրորդը ախտորոշման կենտրոնն է, որն անմիջական հաճախորդ կբերի իզոտոպների արտադրության կենտրոն: Երրորդ բաղադրիչը կլինի նոր կլինիկա է, քաղցկեղի բուժման կենտրոն: Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի երկրորդ և երրորդ բաղադրիչները մասնավոր կլինեն: Դրանք իրականացնելու համար մենք հիմա աշխատում ենք մասնավոր ներդրողներ ներգրավելու ուղղությամբ: 

Երեքը միասին կգործարկվեն Ի. Ա. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիայի (նախկին Ֆիզիկայի ինստիտուտի) տարածքում Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն անվանմամբ: Առաջին բաղադրիչի շինարարությունը կսկսենք այս տարի, մարտին կհայտարարվի ճարտարապետական և շինարարական միջազգային մրցույթ: 

Համագործակցում ենք բելգիական IBA Molecular կազմակերպության հետ, որն այժմ հավաքում է սարքավորումը: Շենքը պետք է շատ արագ կառուցվի, որպեսզի երբ արագացուցիչը պատրաստ լինի, մենք պատրաստ լինենք ընդունել այն: Զուգահեռաբար, համագործակցում ենք նաեւ հավանական ներդրողների հետ, որպեսզի մեկ-երկու տարի հետո, երբ կենտրոնը սկսի գործել, արձանագրենք երրորդ բաղադրիչի բացումը:  

- Կրթությունը եւս այս տարվա առաջնահերթություններից է լինելու Մրցունակության հիմնադրամի համար: Ի՞նչ է իրենից ներկայացնելու կրթական ծրագիրը, ո՞րն է լինելու դրա թիրախը:

- Իսկապես, 2011թ. ցանկանում ենք լիարժեք մշակել կրթության հայեցակարգը եւ դրա համար գտնել համախոհներ: Շեշտը կդրվի բարձրագույն կրթության ոլորտում հետազոտությունների կարողությունների զարգացման և ամրապնդման վրա: Ծրագիրը հիմնվելու է բուհ-գիտություն-տեխնոլոգիա եռանկյունու վրա: 

Նպատակն է հիմնել հետազոտական նոր կենտրոն, որը կհամագործակցի մի շարք խոշորագույն բուհերի հետ: Օրինակ, կարող է ստեղծվել ինֆորմատիկայի կենտրոն, որը կաշխատի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հետ բիոտեխնոլոգիաների, մասնավորապես, բիոինֆորմատիկայի բնագավառում, ինչպես նաեւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի հետ` համակարգչային լեզվաբանության ոլորտում, ԵՊՃՇՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի հետ ինֆորմատիկայի ոլորտում: Նախագիծը դեռեւս մշակման փուլում է, սակայն նպատակը հստակ է` ստեղծել ցանցային համակարգ, մի ռեսուրս, որը կաշխատի մի քանի բուհերի հետ, կփորձի նոր ֆինանսական ու գիտելիքների հոսքեր ստեղծել դեպի բուհ եւ կապ ապահովել արտասահմանյան առաջատար կրթական կենտրոնների հետ:  Այն ամենայն հավանականությամբ կլինի 10-20 մլն դոլարի ծրագիր` պետական-մասանվոր  ձևաչափով և բարեգործական-ներդրումային ֆինանսավորմամբ:

- Մրցունակության հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդում մեծամասամբ ծագումով հայ այն գործարարներն են, որոնք մեծ հաջողությունների են հասել Հայաստանի սահմաններից դուրս: Հիմնադրամի գործունեության ընթացքում գրանցվե՞լ է հետաքրքրության աճ տեղի գործարարների կողմից, որոնք կցանկանային ընդգրկվել ՀԱՄՀ Հոգաբարձուների խորհրդում: Փաստորեն, հայրենական բիզնեսը խորհրդում առայժմ ներկայացնում է միայն “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

- Պետք է նշեմ, որ խորհուրդը 13 հիմնական անդամներից բացի, ունի նաեւ 10 աջակից անդամներ, որոնց մեջ կան տեղի գործարարներ: 

Քանի որ մենք ունենք տնտեսական զարգացման եւ համաշխարհային մասշտաբով կապերը հզորացնելու նպատակներ, այդ պատճառով մեզ համար կարեւոր էր, որպեսզի խորհրդի անդամները լինեն նաեւ արտասահմանից: Միաժամանակ, ցանկցած նման խորհրդի անդամների կազմը պարբերաբար թարմացնելը շատ կարեւոր է: 

Տեղեկացնեմ նաեւ, որ խորհրդի հիմնական անդամ է դարձել Հայաստանում Եվրոպական Միության Պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, որը փոխարինեց ՀՀ-ում ՀԲ արդեն նախկին ներկայացուցիչ Արիստոմենե Վարուդակիսին:



Դիտում՝ 13936
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai