«Հայաստանում աուդիտի մասին տեղեկացվածության աստիճանը շատ ցածր է»

24.11.2010 | 15:55 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

«Պրոգրես-Աուդիտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արթուր Կիրակոսյանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am պորտալին

- Անցնող տարին բավականին ակտիվ էր աուդիտի շուկայում նոր ընկերությունների ի հայտ գալու առումով, ինչը, կարելի է ենթադրել, կապված է խոշոր ընկերությունների համար պարտադիր աուդիտի ներդրմամբ: «Պրոգրես-Աուդիտ»-ը եւս հիմնադրվել է այս տարի: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ ձեր ընկերությունը շեշտը դնում է բացառապես պարտադիր աուդիտի ենթակա հաճախորդների վրա:

- Իրոք, «Պրոգրես-Աուդիտ»-ը հիմնադրվել է 2010 թվականին: Սակայն մեր առաքելությունը ուղղված չէ կոնկրետ խմբի խնդիրները լուծելուն եւ մեր հաճախորդների ցանկը չի սահմանափակվում միայն խոշոր կազմակերպություններով, որոնք համաձայն oրենքի ենթակա են պարտադիր աուդիտի: 

Մենք ունենք հաճախորդներ, մասնավորապես՝ Հիմնադրամներ, բաց բաժնետիրական ընկերություններ, որոնց գործունեությունից հասույթը եւ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 1 մլրդ դրամը, սակայն հոգաբարձուների, սեփականատերերի որոշմամբ օգտվում են աուդիտորական ծառայությունից:

- Ներկայումս կարծիք է արտահայտվում, ըստ որի կառավարությանը անհրաժեշտ է սահմանել հեղինակավոր աուդիտորական ընկերությունների «կարճ ցուցակ», որոնց կվստահվի աշխատանքը խոշոր ձեռնարկությունների հետ` փոխկապակցված աուդիտորական ընկերության ծառայություններին դիմելու հնարավորությունից խուսափելու նպատակով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ կարծիքը:

- Իմ խորին համոզմամբ, հեղինակավոր աուդիտորական ընկերությունների «կարճ ցուցակ»-ի ստեղծումը տեղին չէ, քանի որ շուկայական հարաբերություններում ծառայություններից օգտվողները իրենք են որոշում, թե որ ընկերության ծառայությունից պետք է օգտվել:

Ասեմ ավելին՝ Կառավարությունն ինքն էլ է մասնակից այս գործընթացին, քանի որ պետական մասնակցությամբ շատ ձեռնարկություններ ենթարկվում են պարտադիր աուդիտի եւ պետությունը հենց ինքն է հանդիսանում պատվիրատու:

- Չե՞ք կարծում, որ պարտադիր աուդիտի ոլորտի կարգավորման խնդիրը հիմնականում հանգում է տնտեսվարող սուբյեկտների իրավական գրագիտության բացակայությանը, որոնք աուդիտորական գործունեությունը հաճախ պատկերացնում են որպես հարկային ստուգման տարատեսակ:

- Մեր երկրում աուդիտի եւ աուդիտորական ծառայությունների մասին տեղեկացվածության աստիճանը շատ ցածր է: Այն սահմանափակվում է Երեւանով, լավագույն դեպքում մարզկետրոններում գործող որոշ խոշոր կազմակերպություններով: Մենք լավ գիտակցում ենք, որ մեր երկրում այս ծառայության տեսակը իր երկրորդ տասնամյակը չի բոլորել, սակայն աուդիտի անհրաժեշտությունը ակնհայտ է:

Ցավոք, այսօր առկա է այնպիսի իրավիճակ, երբ աուդիտորական ծառայությունը նույնացվում է հարկային մարմինների ստուգումների հետ, եւ մեր կողմից առաջարկվող բազմաբնույթ ծառայություններ որոշ կազմակերպությունների համար համարվում են հավելյալ ֆինանսական ծախսեր:

- Հաջորդ տարի 2010թ. արդյունքներով պարտադիր աուդիտ պետք է անցնեն նաեւ 1 մլրդ դրամ եւ ավել ակտիվներ ունեցող ընկերությունները: «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն, աուդիտորը իրավունք ունի գնահատել ակտիվները. չի՞ ազդի արդյոք այդ հանգամանքը պարտադիր աուդիտի ենթակա ընկերությունների օբյեկտիվ ընտրության վրա:

- Հարցը շատ կարեւոր է եւ օրենսդրորեն կարգավորված: Համաձայն «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի, աուդիտորական գործունեություն իրականացնող ընկերությունները իրավունք ունեն գնահատել կազմակերպությունների ակտիվները եւ պարտավորությունները, սակայն այն աուդիտորական ընկերությունը, որն, ենթադրենք, իրականացրել է տվյալ կազմակերպության ակտիվների գնահատումը, տվյալ հաշվետու տարում իրավունք չունի նույն կազմակերպությանը մատուցել աուդիտորական ծառայություններ: Հետեւաբար ձեր հարցադրման հետաքրքրության շրջանակները աուդիտորական ընկերությունների համար ինքնըստինքյան սահմանափակվում են:

Սակայն, օգտվելով առիթից, կցանկայի նշել հետեւյալ հարցը: Կազմակերպությունների ակտիվների տեսակարար կշռում մեծ տոկոս են կազմում հիմնական միջոցները, մասնավորապես՝ շենքերը, շինությունները եւ հողամասերը, որոնց հաշվեկշռային արժեքները թերագնահատված են եւ չեն հաշվառվում իրական արժեքով: Հետեւաբար, այս ակտիվները իրական արժեքով հաշվառման դեպքում՝ oրենքով պարտադիր աուդիտի ենթարկվող կազմակերպությունների ցանկը զգալի փոփոխության կենթարկվի:

 - Կարելի՞ է ենթադրել, որ մեր երկրում միջազգային աուդիտորական ընկերությունների անդամների ներկայության պայմաններում նորաստեղծ ընկերությունները դժվարություններ ունեն հաճախորդային բազայի համալրման հարցում: Որո՞նք են ձեր ընկերության հիմնական մրցակցային առավելությունները:

- Կարծում եմ, ցանկացած խելամիտ գործարար նոր գործ ձեռնարկելուց գնահատում է այն դժվարությունները, որն իրեն սպասվում է ցանկացած կայացած ոլորտ մտնելուց եւ մշակում է այն ծրագիրը, որի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել  ուրույն տեղը շուկայում:

«Պրոգրես-Աուդիտ»-ի աշխատակազմի առաջ դրված գլխավոր խնդիրը որակյալ ծառայություններ մատուցելն է, վստահության մթնոլորտ ստեղծելը եւ երկարատեւ համագործակցության ձգտելը: Ի հավելում խոսքերիս կարող եմ ավելացնել, որ մենք արդեն ունենք 2010 թվականի աուդիտի իրականացման պայմանագրեր այն գործընկերների հետ, որոնք մեզ պատվիրել էին 2009 ֆինանսական տարվա աուդիտը:


 

Դիտում՝ 24893
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai